ՆՄԱՆ ՀԱԿԱՃԳՆԱԺԱՄԸ ԼՈԿ ԽՈՐԱՑՆՈՒՄ Է ՃԳՆԱԺԱՄԸ
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ օգոստոսի 12-ի դրությամբ կորոնավիրուսի հետևանքների հաղթահարման հակաճգնաժամային ծրագրերի շրջանակներում ընդհանուր առմամբ հատկացվել է 144,5 մլրդ դրամ, հաղորդում է ԱՌԿԱ գործակալությունը:
«Որից սոցիալական միջոցառումներով ծախսվել է 26,2 միլիարդ դրամ, տնտեսական միջոցառումներով ծախսվել է 17,5 միլիարդ դրամ, 19,9 միլիարդ դրամ տրամադրվել է բանկերին», - հինգշաբթի օրն ասել է նա կառավարության նիստում: Վարչապետը նաև հայտարարել է, որ կառավարության ձեռնարկած խրախուսական միջոցների արդյունքում բանկերի կողմից մոտ 92,8 մլրդ դրամ փոխառու միջոցներ են տրամադրվել բիզնեսին։
ԲԱՅՑ ԱՆՀՆԱՐ Է ԼՌԵԼ. թե որքանով արդյունավետ գտնվեցին հակաճգնաժամային 24 ծրագրերը սոցիալ-տնտեսական տեսանկյունից, թերևս, առանձին հարց է, որի պատասխանը կտա ժամանակը։ Սակայն արդեն այսօր, հաշվի առնելով ներկայացված թվերը, կարելի է արձանագրել, որ հակաճգնաժամային միջոցառումների հիմքում դրված տրամաբանությունն ահռելի ռիսկեր է պարունակում, քանի որ էապես ավելացնում է տնտեսության պարտքային բեռն ընդհանրապես և տնտեսվարող սուբյեկտներինը՝ մասնավորապես։ Նկատեք, 144,5 մլրդ հակաճգնաժամային միջոցներից ավելի քան 100 միլիարդը վարկային, պարտքով տրամադրված միջոցներ են։ Իսկ պարտքը, ինչպես հայտնի է, պետք է վերադարձնել։ Եվ այստեղ միանգամայն բնականորեն ի հայտ է գալիս պարտապանների վճարունակության հարցը՝ սոցիալ-տնտեսական խորացող ճգնաժամի պայմաններում։ Ակնհայտ է, որ տնտեսության պարտքային պարտավորությունների աճը՝ տնտեսական ակտիվության էական նվազման խորապատկերին, հեռանկարում սպառնում է լրացուցիչ լուրջ խնդիրներով։ Ընդ որում՝ նույնիսկ կարճաժամկետ հեռանկարում։ Ուստի առհասարակ դժվար է հակաճգնաժամային անվանել միջոցառումների փաթեթը, որն, ըստ էության, գնալով ավելի խորն է թաղում տնտեսությունը պարտքային փոսի մեջ, գնալով ավելի հիմնավորապես նստեցնում բիզնեսը վարկային ասեղին՝ դրանով իսկ լրացուցիչ լուրջ ռիսկեր ձևավորելով երկրի բանկային համակարգի համար։
Վերջերս Հայաստանի բանկերի միության գործադիր տնօրենը հայտարարեց, որ ողջ աշխարհում, համավարակով պայմանավորված ռիսկերի ու անորոշության պատճառով, նկատվում է վարկավորման ծավալների կրճատում: Ընդհանուր առմամբ դա միանգամայն տրամաբանական է։ Սակայն Հայաստանում նկատվում է հակառակ գործընթաց. վարկավորման ծավալների աճ։ Ընթացիկ տարվա առաջին կիսամյակի ընթացքում Հայաստանի բանկային համակարգի նկատմամբ ընդհանուր վարկային պարտավորություններն ավելացել են 148 միլիարդով: Ընդ որում բանկային ավանդների մասով էական անկում է գրանցվել. ավանդների գումարը կրճատվել է 112 մլրդ դրամով։ Այսպիսով, մի կողմից, բանկերը կորցրել են ավանդատուներին, մյուս կողմից՝ ավելացրել պարտապանների թիվը: Ասենք ուղղակի. նույնիսկ բարվոք ժամանակներում դա մտահոգիչ միտում է։ Իսկ սոցիալ-տնտեսական ճգնաժամի պայմաններում առավելևս ծայրաստիճան վտանգավոր է, սպառնալով բանկային համակարգի կայունությանը։
Այս խորապատկերին կառավարությունում շարունակում են հղանալ ֆիզիկական և իրավաբանական անձանց վարկային պարտավորությունների ծավալների հետագա ավելացմանն ուղղված հակաճգնաժամային գաղափարներ: Այստեղ, ի դեպ, հիշեցնենք, որ 2020-ի նույն առաջին կիսամյակում Հայաստանի տասնյակ հազարավոր քաղաքացիներ պարզապես զրկվել են աշխատանքից իսպառ կորցնելով եկամտի աղբյուրները: Երկրի տասնյակ հազարավոր քաղաքացիների աշխատավարձերը զգալիորեն կրճատվել են։ Համապատասխանաբար, նրանց վճարունակությունը գրեթե փլուզվել է, ինչը, բնականաբար, անդրադարձել է և դեռ երկար կանդրադառնա բանկերի առջև նրանց վարկային պարտավորությունների կատարման վրա։
Իրավիճակը բնավ ավելի լավ չէ նաև իրավաբանական անձանց պարագայում։ Տնտեսության ամբողջ ոլորտներ այսօր փլուզվում են աչքներիս առաջ։ Ոլորտներ, որոնք, նկատենք, ունեն վարկային պարտավորություններ։ Այդ ոլորտներում գործող ընկերություններին սնանկացում է սպառնում, իսկ կառավարությունը նրանց առաջարկում է նոր վարկեր վերցնել։ Իհարկե, սեփական բիզնեսը պահպանելու գայթակղությունը շատերին կստիպի պարտքային նոր պարտավորություններ վերցնել։ Բայց ակնհայտ է, որ երկրի կանխատեսվող մռայլ տնտեսական ապագայի պայմաններում շատերին լիակատար սնանկացում է սպասում։
Դե, այսքանից հետո ինչպե՞ս համարել կառավարության միջոցառումները հակաճգնաժամային։ Դրանք ավելի շատ ուղղված են ճգնաժամի խթանմանը, քան դրան հակազդելուն։ Ինքնամոռաց կերպով նստեցնելով երկրի տնտեսությունն ու քաղաքացիներին վարկային ասեղին, ինչից այսօր ձեռնպահ են մնում ողջ աշխարհում, կառավարությունը ոչնչացնում է ապաքինման գործընթացի նույնիսկ հույսը…