ԱՆՀԵԹԵԹ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՆՀԵԹԵԹ ՊՆԴՈՒՄՆԵՐԸ
Նիկոլ Փաշինյանը, ինչպես ասում են, անցել է նախկին գործելակերպին։ Որոշել է վերադառնալ երկրի սոցիալ-տնտեսական կյանքի տպավորիչ ցուցանիշները հասարակայնությանը ներկայացնելու երբեմնի ինտենսիվ պրակտիկային։ Սակայն ինչպես նախկինում, այնպես էլ հիմա, նրա հրապարակած թվերը եթե անգամ տպավորիչ են, ապա լոկ իրենց հակասականությամբ և առկա իրավիճակից բացարձակ կտրվածությամբ։
Վարչապետի ամենասիրելի վիճակագրական թեման աշխատաշուկան է, որին վերջին մի քանի օրվա ընթացքում նա նվիրել է ֆեյսբուքյան ամբողջ երկու գրառում: Առաջինում նա արտահայտվել էր բավական հակիրճ, ներկայացրել աշխատողների քանակին վերաբերող մի քանի թվեր և հայտարարել, թե առողջապահական ու տնտեսական կարիքների բալանսավորման քաղաքականությունը տալիս է կոնկրետ արդյունք: Երկրորդ գրառման մեջ թվերն ավելի շատ էին, իսկ եզրակացությունը՝ ավելի համարձակ. «ապրիլից ի վեր կառավարությունը ընդունել է մի շարք հակաճգնաժամային միջոցառումներ, որոնց նպատակը աշխատատեղերի պահպանումն է և աշխատավարձերի անկումը կանխելը։ Պաշտոնական այս թվերը ապացուցում են, որ այդ միջոցառումները արդյունավետ են եղել»։
Այժմ տեսնենք, թե հատկապես որ թվերն են հիմք տվել կառավարության ղեկավարին այդքան բարձր գնահատելու հակաճգնաժամային միջոցառումների արդյունավետությունը։ Ահա ուրեմն, Փաշինյանը պնդում է, թե այս տարվա հուլիսի տվյալներով ՝ աշխատավարձ ստացող աշխատողների թիվը երկրում կազմել է 613 հազար, մինչդեռ այս տարվա հունիսին այդ ցուցանիշը կազմել է 610 300, իսկ անցած տարվա հուլիսին՝ 607 հազար: Այսինքն նախորդ ամսվա համեմատ աշխատատեղերի թիվն ավելացել է 3000-ով, իսկ նախորդ տարվա համեմատ՝ 6000-ով ։ Փաշինյանը, ինչպես միշտ, ունի պաշտոնական տեղեկատվության իր սեփական աղբյուրները, որոնք, ինչքան էլ պարադոքսալ է, հակասում են կրկին իսկ պաշտոնական տեղեկատվությանը։ Բանն այն է, որ, օրինակ, Վիճակագրական կոմիտեի տվյալներով (պաշտոնական տեղեկատվություն), ընթացիկ տարվա հունիսին աշխատողների և աշխատավարձ ստացողների թիվը եղել է ոչ թե 610 300, ինչպես պնդում է կառավարության ղեկավարը, այլ 632 704։ Եվ եթե ենթադրենք, թե հուլիսին նրանց թիվը դարձել է 613 հազար, ապա հարկ կլինի խոստովանել, որ մեկ ամսում աշխատողների թիվը ոչ միայն չի ավելացել 3000-ով, այլև ընդհանրապես կրճատվել է 20 հազարով։ Այժմ՝ հարց. ինչո՞ւ է վարչապետը վիճակագրական տվյալները վերցնում ոչ թե Վիճակագրական կոմիտեից, այլ այլընտրանքային աղբյուրներից։
Ահավասիկ իր հաջորդ գրառման մեջ Փաշինյանը հայտարարում է, թե այս տարվա հուլիսին աշխատողների միջին աշխատավարձը կազմել է 207 հազար 795 դրամ, մինչդեռ հունիսին՝ 198 հազար 335 դրամ։ Եվ այստեղ կրկին ակներև է հակասությունը Վիճկոմիտեի տվյալների հետ, որը պնդում է, որ հունիսին միջին աշխատավարձը կազմել է 182 հազար 200 դրամ։
Խնդիրն ամենեվին էլ լոկ այն չէ, որ կառավարության ղեկավարն այդքան մակերեսայնորեն ու անփույթ է ծանոթանում վիճակագրական ցուցանիշներին, այդքան ընտրողաբար վերաբերվում դրանց և կասկածելի եզրահանգումներ անում։ Խնդիրն ավելի շուտ այն է, որ նրան ընդհանրապես չեն հուզում նման և այլ հակասությունները։ Լավ, ասենք թե՝ Նիկոլ Փաշինյանն իրավացի է իր գնահատականներում, թե կառավարության հակաճգնաժամային քայլերի շնորհիվ աշխատատեղերի թիվն ավելացել է, աշխատավարձերը՝ բարձրացել։ Ընդ որում՝ նախորդ տարվա ցուցանիշների համեմատ, երբ (ինչպես բազմիցս նշել է Փաշինյանը) երկրի տնտեսությունը թռիչք էր ապրում։ Մի՞թե տարօրինակ չէ, որ ճգնաժամի ժամանակաշրջանում աշխատատեղերի թիվն ավելացել է, և աշխատավարձերն էլ աճել են նախորդ տարվա համմեմատ։ Մի՞թե տարօրինակ չէ, որ աշխատատեղերն ավելացել և աշխատավարձերն աճել են այն ժամանակ, երբ տոտալ անկում է արձանագրվում մակրոտնտեսական բոլոր ցուցանիշներով։ Հիշեցնենք, որ այս տարվա առաջին կիսամյակում տնտեսական ակտիվությունը նվազել է 4,7%-ով՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։
Այստեղ հատուկ ընդգծենք, որ վիթխարի անկում է գրանցվել հենց այն ոլորտներում, որոնք առանցքային են բնակչության զբաղվածության և աշխատատեղերի առումով։ Դա շինարարությունն է, որի ծավալը կրճատվել է 23,4%-ով, դա առևտուրն է, որի շրջանառությունը նվազել է 11,1%-ով, դա սպասարկման ոլորտն է, որը կրճատվել է 6,4%-ով։ Ի դեպ, հենց միայն զբոսաշրջությունը, որտեղ զբաղված են տասնյակ հազարավոր մարդիկ, էկոնոմիկայի նախարարի խոստովանությամբ, կորցրել է շրջանառության 90%-ը։ Եվ ահա պաշտոնապես հաստատված բոլոր այս կորուստների խորապատկերին վարչապետը բարբառում է աշխատաշուկայի դրական միտումների մասին: Այն էլ այն աստիճան դրական, որ դրանք (միտումները) շատ ավելի լավն են, քան նախաճգնաժամային ժամանակաշրջանում։ Տպավորություն է ստեղծվում, թե բնակչության զբաղվածության ոլորտն առհասարակ ապրում է իր կյանքով և բացարձակապես ոչ մի կապ չունի տնտեսական կյանքի հետ։
Հասկանալի է Նիկոլ Փաշինյանի ձգտումը՝ գոնե ինչ-որ բան ներկայացնելու իբրև կառավարության աշխատանքի արդյունավետության նշան։ Բայց նույնիսկ այդ նշանների ընտրությունն անարդյունավետ է և պարզապես անհեթեթ…