ԱԳՆ․ Համավարակը չի կարող լինել լռեցնելու, թիրախավորելու կամ հալածելու արդարացում

Հայաստանը միացել է Կրոնական ազատության միջազգային դաշինքի՝ նոր տիպի կորոնավիրուսի վերաբերյալ հայտարարությանը։ Լուրը հայտնում է ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը։

Հայտարարության մեջ, մասնավորապես, նշված է, որ COVID-19-ի հետևանքով ստեղծված ճգնաժամը գլոբալ բնույթ ունի։ Սակայն կորոնավիրուսի հասցեագրմանն ուղղված որևէ միջոցառում չպետք է ծառայի որպես հասարակության որևէ անդամի, այդ թվում՝մարդու իրավունքների պաշտպաններին, լրագրողներին և լրատվական դաշտի ներկայացուցիչներին լռեցնելու, թիրախավորելու կամ հալածելու արդարացում:

«Նույնիսկ համավարակի ընթացքում պետությունները հաշվետու են իրենց կողմից ստանձնած պարտավորությունների և հանձնառությունների համար՝ երաշխավորելու հարգանքը մարդու իրավունքների, այդ թվում կրոնի և հավատքի ազատության նկատմամբ, որոնք հույժ կարևորություն են ձեռք բերում ազգային ճգնաժամերի ժամանակ՝ խրախուսելով համավարակի կառավարման ուղղությամբ ակտիվ ջանքերի գործադրումը»,- նշված է հայտարարության մեջ, տեղեկացնում է Sputnik Armenia։