Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշի անկում է գրանցվել

Հայաստանում հունվար-հուլիս ամիսներին տնտեսական ակտիվության ցուցանիշի անկում է գրանցվել: Այս մասին են վկայում Հայաստանի Վիճակագրական կոմիտեի օպերատիվ տվյալները, որոնք հրապարակվել են այսօր՝ օգոստոսի 25-ին:

Հաշվետու ժամանակաշրջանի տնտեսական ակտիվության ցուցանիշի անկումը, ըստ նախնական տվյալների, կազմել է 5,7%: Չնայած տարեկան ցուցանիշների անկմանը և մարտ-ապրիլ ամիսներին ցուցանիշների կտրուկ վատթարացմանը, մայիսից իրավիճակը սկսել է փոքր-ինչ կայունանալ: Այսպես, նշված ժամանակահատվաում տնտեսական ակտիվության ամսական ցուցանիշները, նախորդ ամիսների համեմատ, աճ են գրանցել: Հուլիս ամսվա արդյունքներով՝ տնտեսական ակտիվության ցուցանիշը, հունիսի համեմատ, աճել է 9,7%-ով: Այնուամենայնիվ, նախաճգնաժամային ցուցանիշներին առայժմ հասնել չի հաջողվում՝ 2019 թվականի հուլիսի համեմատ, այս տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշները 10,2% անկում են գրանցում։

Օպերատիվ տվյալների համաձայն, հունվար-հուլիս ամիսներին արդյունաբերական արտադրանքի ծավալը կազմել է մոտ 1,06 տրիլիոն դրամ, ինչը 1,3%-ով բարձր է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից: Անկման ցուցանիշներով ռեկորդակիր է դարձել շինարարության ոլորտը: Հաշվետու ժամանակահատվածում շինարարության ծավալները տարեկան կտրվածքով կրճատվել են 22,6%-ով՝ կազմելով 137,6 մլրդ դրամ: Նախորդ ամսվա համեմատ, հուլիսին Հայաստանում շինարարության ոլորտը գրանցել է 10,8% աճ, իսկ ծավալները կազմել են մոտ 31,8 միլիարդ դրամ:

Յոթ ամիսների արդյունքներով առևտրի ոլորտը գրանցել է տարեկան ցուցանիշների անկում: Այսպես, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ անկումը կազմել է 11%, ծավալները կազմել են մոտ 1,52 տրիլիոն դրամ: Հուլիսին առևտրի ոլորտի ծավալները կազմել են 255,3 մլրդ դրամ, ինչը 11,7%-ով ավելի է հունիսի ցուցանիշներից։

Սպասարկման ոլորտի անկումը հունվար-հուլիս ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, կազմել է 9,3%: Նույն ամիսներին ծավալները գերազանցել են 968,7 միլիարդ դրամը, իսկ հուլիսին կազմել են մոտ 139,8 միլիարդ դրամ՝ 0,9%-ով գերազանցելով հունիսի ցուցանիշները, տեղեկացնում է News.am-ը։