Երևանում պայթյունից փլուզված շենքի փլատակների տակից դուրս է բերվել երրորդ տուժածը

Այսօր առավոտյան պայթյունի հետևանքով փլուզում է տեղի ունեցել Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Ռայնիսի 1 հասցեում գտնվող 4 հարկանի շենքում։

Ինչպես Facebook–յան իր էջում հայտնում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նախնական վարկածով պայթյունի պատճառ է դարձել բնական գազի արտահոսքը։ Մասնակի փլուզվել է նույն շքամուտքում գտնվող 12 բնակարան։

«19 բնակիչ ինքնուրույն կամ փրկարարների օգնությամբ դուրս է եկել շենքի փլուզված հատվածից։ Նախնական տվյալներով փլատակների տակ մնացել էր 3 քաղաքացի։ Երկուսին փրկարարները դուրս են բերել։ Մեկին՝ դուրս բերեցին րոպեներ առաջ։ Երկուսն էլ գիտակցության մեջ են։ Առավոտյան այցելել եմ դեպքի վայր և տեղում ծանոթացել իրավիճակին։ Փրկարարական աշխատանքները շարունակվում են», – հայտնել է վարչապետը։

Հիշեցնենք, որ այսօր առավոտյան ժամը 07:18-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ռայնիսի փողոցի թիվ 1 քառահարկ պանելային շենքում գազի արտահոսքից տեղի է ունեցել պայթյուն, շենքը մասնակի փլուզվել է։ Ըստ նախնական տվյալների փլատակների տակից դուրս է բերվել երկու քաղաքացի իրականացվել է 21 քաղաքացու տարհանում։ Երկու տուժած հոսպիտալացվել է «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր։ Կինոլոգիական խումբն իրականացնում է որոնողափրկարարական աշխատանքներ, տեղեկացնում է Newsarmenia.am-ը։