Հայաստանում կարանտինային միջոցառումներ կլինեն` առանց արտակարգ դրության ռեժիմի

ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը կառավարության այսօրվա նիստում ներկայացրեց նախագծերի փաթեթ, որի ընդունումը կարանտին հայտարարելու հնարավորություն կտա` առանց արտակարգ դրության ռեժիմի կիրառման։ Նախագծերի փաթեթը մշակվել է առողջապահության նախարարության հետ համատեղ։

«Ինչպես բազմիցս քննարկել ենք, հնարավոր է մի իրավիճակ, երբ վարակի աճի տեմպերի նվազեցումը հնարավորություն տա համաճարակի դեմ պայքարելու առանց արտակարգ դրության իրավական ռեժիմի։Հենց այդ նկատառումներով էլ մշակել ենք այս նախագծերի փաթեթը և առաջարկում ենք կատարել փոփոխություններ և լրացումներ հիմնականում 2 `«ՀՀ բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին » և «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» օրենքներում ։Համապատասխան նախագծերի փաթեթը ժամանակին ընդունվելու դեպքում ՀՀ–ում մինչև սեպտեմբերի 11–ը երկարաձգված արտակարգ դրությունն այլևս չի երկարաձգվի»,–ասաց Բադասյանը։

Ըստ առաջարկվող փոփոխությունների` Հայաստանում վարակիչ հիվանդությունների տարածման, բռնկման և արտակարգ իրավիճակի առաջացման դեպքում կարող է կարանտին սահմանվել առողջապահության ոլորտում լիազորված պետական մարմնի առաջարկությամբ, մարզպետի կամ Երևանի քաղաքապետի կողմից ՝ համապատասխան վարչատարածքներում։ Կարանտին կարող է սահմանել նաև կառավարությունը երկու և ավելի մարզերում, մաքսակետերում և այլ տեղամասերում։

Ներկայացված փաստաթղթերի հետ կապված որոշ դիտարկումներ հնչեցրեց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։ Նրա խոսքով ՝ մշակված օրինագծերում տեղական իշխանությունների և այլ կառույցների գործառույթների ու լիազորությունների հստակ տարանջատում չկա։ Կա նաև քաղաքացիների մեկուսացման և ինքնամեկուսացման նորմերի որոշակի անհամապատասխանություն: Թաթոյանը խոստացավ կառավարությանն ու ԱԺ–ին ուղարկել իր դիտարկումները։ Օմբուդսմենը նաև նշեց, որ օրինագծերը փոխանցվել են իր գրասենյակ կառավարության նիստից մեկ օր առաջ: Այս հանգամանքը զայրացրեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին։

Նա դիմեց իր աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանին. «Ես ուզում եմ հասկանալ՝ այս գործելակերպին ե՞րբ է վերջ դրվելու, երբ կառավարության նիստին հնչում է, որ երեկ երեկոյան է ուղարկվել կարծիքի, սա ինչքա՞ն է շարունակվելու»։

Աղաջանյանը պատասխանեց, որ շահագրգիռ մարմիններին ուղարկելու պարտականությունը հարցը զեկուցող արդարադատության նախարարությանն էր։

Բադասյանն էլ հավելեց, որ մինչև վերջին պահը հայտնի չէր, թե որ գերատեսչությունն է լինելու հարցի զեկուցողը։

Վարչապետն առաջարկեց հավանություն տալ օրինագծերին, սակայն մանրակրկիտ քննարկել բոլոր շահագրգիռ կառույցների հետ, տեղեկացնում է Sputnik Armenia։