ԴՊՐՈՑԸ ԳՑԵԼ ՊՏՈՒՏԱՆԿՄԱՆ ՄԵ՞Ջ

Ըստ երևույթին, դպրոցական կրթության համակարգում նոր սկանդալ է հասունանում: Այս անգամ դրա հրահրիչը ԱԺ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի հարցերի հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանն է: Դե, նույն ինքը, որ 2018-ի հունիսին մեկ զարկով «լուծեց» Սփյուռքի նախարարության հարցերը, ամեն ինչ այնտեղ հիմնահատակ փլուզելով և փոխարենը ոչինչ չկառուցելով:

Իսկ այժմ այդ պարոնը թափ է առել հարվածելու դպրոցական կրթությանը՝ ներկայացնելով իր «հեղափոխական» առաջարկները 2021-ի պետբյուջեի նախագծի նախնական տարբերակի համար։ Փորձից ելնելով՝ դժվար չէ պատկերացնել, թե ինչ է սպասվում մեր դպրոցին, եթե Հայրապետյանի «բեկումնային» գաղափարները կենսագործվեն։ Իսկ դա միանգամայն հավանական է…

Ահա ուրեմն, ծրագրային բյուջետավորման առաջարկների շրջանակներում Հայրապետյանն առաջարկում է վերանայել դպրոցի ուսուցիչ աշխատելու համար անհրաժեշտ պահանջները։ Նոր «հեղափոխական» մոտեցումները ենթադրում են կարճաժամկետ դասընթացներ բարձրագույն մասնագիտական կրթություն ունեցող անձանց համար, որպեսզի նրանք ձեռք բերեն մանկավարժական գիտելիքներ և հմտություններ։ Մանկավարժի որակավորում, ըստ Հայրապետյանի, կարող է ստանալ բարձրագույն կրթություն ունեցող ցանկացած մարդ, մի թափով անցնելով այն ամենի կարճաժամկետ դասընթացը, որ դասավանդում են մանկավարժական բուհերում 4 տարի շարունակ: Այսինքն՝ հոգեբանություն, մանկավարժություն, դասավանդման մեթոդաբանություն (և սա բնավ ամբողջական ցանկը չէ). այն ամենը, ինչ 4 տարի շարունակ սովորեցնում են բուհերում ապագա մանկավարժ ուսանողներին, Հայրապետյանն առաջարկում է տեղավորել համառոտ դասընթացում։

Ցրել Կրթության ազգային ինստիտուտը, որի գործառույթների մեջ են մտնում ուսուցիչների որակավորման բարձրացումը, դպրոցական ծրագրերի, մեթոդական ձեռնարկների, դասագրքերի մշակումը, հաստատումն ու բազմաթիվ այլ բաներ, և երկու տարի անց փոխարենը առաջարկել կարճաժամկետ մանկավարժական դասընթացներ անցնել բոլոր ցանկացողներին, ովքեր բարձրագույն կրթության վկայական ունեն. դա այնքա՜ն հեղափոխական է: Դա այնքա՜ն բեկումնային է. բացել դպրոցի դռները ցանկացածի առջև։ Դա այնքա՜ն հայրապետյանավարի է։ Իր առաջարկն էլ սույն պարոնը հիմնավորում է բավական ինքնօրինակ կերպով. «Առաջարկը միտված է հանրակրթական ուսումնական հաստատություններում ուսուցանելու մոտիվացիայի խթանմանը», ինչպես նաև «մանկավարժության ոլորտում մարդկային ռեսուրսների երիտասարդացմանը»: Համաձայնեք, ոչ թե Հայրապետյան է, այլ իսկը Մակարենկո՝ Ուշինսկու հետ միասին։

Իր իսկ փլուզած Սփյուռքի նախարարության նախկին նախարարի, ներկայումս պատգամավորի և կրթության, գիտության, երիտասարդության և սպորտի հանձնաժողովի ղեկավարի երկրորդ առաջարկը առաջինից էլ հեղափոխական է։ Հայրապետյանն առաջարկում է հեռավար ուսուցումը ճանաչել հիմնական հանրակրթական ծրագրերի կազմակերպման ձև և աշակերտներին հնարավորություն տալ ընտրելու հեռավար եղանակով դասավանդվող առարկաները: Ընդ որում այդ ընտրությունը կարող է դուրս գալ սեփական դպրոցի սահմաններից։ Աշակերտը կարող է ընտրել առարկան և ուսուցչին մեկ այլ դպրոցից, և այնտեղից ստացած գիտելիքներն ու գնահատականները պետք է ճանաչի այն դպրոցը, որին կցված է աշակերտը:

Բայց սա դեռ ամենը չէ։ Այնուհետ, ինչպես ասում են, մառազմը թանձրանում է։ Հայրապետյանն առաջարկում է «կիրառել կրկնակի կամ համատեղ կրթական ծրագրերի գաղափարը, երբ սովորողները հանդիսանում են երկու կամ ավել (երևի նկատի ունի՝ ավելի) ուսումնական հաստատությունների աշակերտ»: Այս «բեկումնային» առաջարկը, ըստ դրա հեղինակի, ուղղված է որակյալ կրթություն ստանալու հնարավորություն ընձեռելուն՝ անկախ բնակության վայրից։

Համաձայնեք, այսօր, երբ կրթության ողջ համակարգը կաթվածահար է, երբ նախարարությունը դպրոցների պարապուրդի կես տարվա ընթացքում գործուն մեխանիզմներ չգտավ կրթության սահմանադրական իրավունքի ապահովման համար, բացի դասարաններում աշակերտների թիվն ու դասաժամերը երկու անգամ կրճատելուց, դիմակներ պարտադրելուց և երեխաներին դասարանից դուրս գալ արգելելուց, փլուզված նախարարության նախկին նախարարի առաջարկը հենց այն է, ինչը բացարձակ քաոս կստեղծի համակարգում և արդեն հաստատ թույլ չի տա դուրս գալ պտուտանկումից։

Իսկը հեղափոխական, այն էլ ոչ թե կառուցելու, այլ փլուզելու նպատակ հետամտող պաշտոնյայի մտածողություն ու վարքագիծ, պարզապես աղյուս առ աղյուս քանդելու կառույցը։ Մեկ էլ կտեսնես՝ չկա այլևս կրթության համակարգ։ Որտեղի՞ց պիտի իմանան Մխիթար Հայրապետյանն ու Արայիկ Հարությունյանը, որոնք չունեն ո՛չ ընտանիք, ո՛չ զավակներ, դպրոցականների հեռավար կրթության բոլոր նրբությունները։ Իսկ եթե ընտանիքում ընդհանրապես չկա՞ն հեռավար ուսուցման համար անհրաժեշտ գաջեթներ, կամ դա մեկն է, իսկ երեխաները երկուսն են, երեքը (ոչ բոլորն են նախարարական աշխատավարձեր ստանում և, ի լրումն՝ ահռելի պարգևավճարներ, ընդ որում արդեն կան բազմաթիվ ընտանիքներ, որոնք այսօր ընդհանրապես նստած են առանց աշխատանքի)։ Իսկ եթե դպրոցականներն ապրում են այնպիսի բնակարանում, որտեղ հնարավորություն չկա՞, որ երեխաներից յուրաքանչյուրն առանձնանա՝ ուսման գործընթացից չշեղվելու համար։ Դա այն դեպքում, եթե երեխան գիտակից է, տրամադրված սովորելու, ուզում է ամեն կերպ ուսում առնել։ Հաճա՞խ են արդյոք 7-14 տարեկան թոկից փախածների մեջ հանդիպում այդչափ գիտակից երեխաներ։

Այս ամենը հաստատ դժվարությամբ կպատկերացնեն նույնիսկ չարաբաստիկ կարճաժամկետ մանկավարժական դասընթացներ և իրական ծնողական դպրոց չանցած Հարությունյանն ու Հայրապետյանը։ Դա՝ ընդհանրապես վերցրած։ Իսկ մասնավորապես, վերադառնալով 2021-ի բյուջեի նախագծի շրջանակներում Մխիթար Հայրապետյանի առաջարկություններին, որոնք բոլոր հնարավորություններն ունեն իրականություն դառնալու և, հետևաբար՝ իսկական պատուհասի վերածվելու երեխաների և նրանց ծնողների համար, նկատենք. այդ ինչո՞ւ պիտի դպրոցականն ու իր ծնողները ամեն առարկայի համար դեսուդեն ընկնեն տարբեր դպրոցների միջև՝ որակյալ կրթության որոնումներով։

Ինչո՞ւ են Կրթությանի նախարարության ուսերից փորձում վերցնել նրա գլխավոր պարտականություններից մեկը. բարձր որակավորում ունեցող մանկավարժներով որակյալ դպրոցական կրթության ապահովումն՝ ընդհանրապես, և յուրաքանչյուր դպրոցում՝ մասնավորապես, դնելով դա ծնողների ուսերին։ Դա նախարարություն է, թե՞ ինչ։ Թե՞ այնտեղ ընդունակ են միայն պարգևավճարներ ստանալ։

Եվ վերջինը: Որպես նրբագիծ՝ Գյումրիից Երևան քայլած գլխավոր կերպարներից մեկի՝ Մխիթար Հայրապետյանի դիմանկարին, ինչի համար նա սկզբում արժանացավ Սփյուռքի նախարարի պորտֆելին։ Պաշտոնը ստանձնելուն պես, նա, խախտելով օրենսդրությունը, խորհրդական նշանակեց իր ընկերոջը՝ Վաղարշակ Հակոբյանին, իսկ բռնկված սկանդալից հետո վերջինս վերանշանակվեց նախարարի օգնական։

Պաշտոնը ստանձնելուն պես, նա փակեց «Արի տուն», «Իմ Հայաստան» և «Սփյուռք ամառային դպրոց» ծրագրերը, դա պատճառաբանելով… այդ ծրագրերով անցկացված մրցույթների վերաբերյալ իր կասկածներով։ Այդ կապակցությամբ նա մամլո ասուլիս հրավիրեց՝ հայտարարելով, թե չի բացառում կոռուպցիոն ռիսկերը, հանձնարարել է աուդիտ անցկացնել, և անունները կհայտարարվեն Պետական վերահսկողական ծառայության կողմից իրականացված ստուգումներից հետո, որոնց արդյունքները իրենք կցանկանային հանրությանը ներկայացնել տպավորիչ փաթեթով։ Իսկ բացի այդ, նա այն ժամանակ ասաց, թե Սփյուռքի նախարարությունը նման ճոխություններ թույլ չի տա, թե իր օրոք կոռուպցիան բացառվում է…

Այդ ժամանակից ի վեր անցել է ավելի քան երկու տարի, իսկ անուններն այդպես էլ չնշեցին, նետած խոսքերը հետ չվերցրեցին, ներողություն չխնդրեցին... Չկա նաև Սփյուռքի նախարարությունը։ Կա միայն մեռելածին կառույց՝ ուռճացված աշխատակազմով Սփյուռքի հարցերով գրասենյակի տեսքով։ Կան պատգամավորներ Մխիթար Հայրապետյանն ու իր ընկեր Վաղարշակ Հակոբյանը, կան ճշտակատար կերպով տրվող պարգևավճարները ... Եվ կան խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանի «հեղափոխական» առաջարկները 2021-ի պետբյուջեի նախագծի նախնական տարբերակի համար, որոնք կարող են պտուտանկման մեջ գցել դպրոցական կրթության համակարգը, որից, ինչպեսև ժամանակին Սփյուռքի նախարարությանը, կրթության համակարգը դժվար թե կարողանա դուրս գալ։