ՆՎԱԶԱԳՈՒՅՆԸ՝ ՀԱՐՅՈՒՐ ՏԱՐԻ
Գյումրու հին թաղամասի նեղլիկ հանգիստ փողոց: Փոքր տներ, որոնք միմյանց են նայում բազմագույն պատուհաններով, ընդամենը մեկ-երկու հարկանի են, բայց դրանցից յուրաքանչյուրն ունի իր պատմությունը: Նոր տները քիչ են, իսկ հներն արդեն տեսել են և սովետական տարիները, և երկրաշարժը, և շրջափակումը: Պատմելու շատ բան ունեն: Այս մեկն օրինակ՝ տեսքից դատելով, հարուստ ընտանիքին է պատկանում՝ սարքված է լավ քարից, ունի բարձր առաստաղներ, բայց պատուհաններում կյանք չկա, շինարարությունից հետո տունը դատարկ է մնացել: Իսկ այս փոքր ու համեստ տունն եռում է. դռները բաց են, երեխաները վազում են այս ու այն կողմ, նրանք իրենց գործերով են զբաղված: Բայց մեծերը հյուրերին ջերմ են դիմավորում:
Այստեղ էլ ապրում է երկաթուղային վետերան Զուրաբ Խաչատուրի Թումասյանը: Նա իր 94-ամյա կյանքից 48 տարին նվիրել է երկաթուղուն. աշխատանքը սկսեց Ջուլֆայում, Հայրենական Մեծ պատերազմի ժամանակ հրաձիգ էր Ջաջուռ կայարանում, իսկ պատերազմից և բանակում ծառայելուց հետո աշխատում էր որպես սլաքավար Լենինականում, Այրում-Լենինական հատվածում, Ջաջուռ կայարանում, նույն կայարանի և գծանցի հերթապահն էր, որոշ ժամանակ ղեկավարում էր Բայանդուր կայարանը:
Անցյալով չի պարծենում, բայց զգուշորեն պահպանում է աշխատանքի վետերանի իր վկայականը, Լենինի մեդալը և բազմաթիվ վկայականներն ու շնորհակալագրերը: Հիշողություններ են…
«Կինս նույնպես աշխատել է երկաթուղում, - ժպտալով պատմում է Զուրաբ պապին, - նա կշռարար էր, ապրում էր հարևան գյուղում: 1950 թվականին եկա բանակից, ծանոթացանք, հետո ամուսնացանք»:
Այս մի քանի խոսքերի հետևում մի ամբողջ կյանք է. միասին ապրել են 57 տարի, մեծացրել երեք որդի, որոնցից երկուսը նույնպես երկաթուղային են` մեքենավար և էլեկտրամեխանիկ: Իսկ հիմա պապու ավանդույթները նույն Ջաջուռում շարունակում է թոռնիկ Էդիկ Թումասյանը՝ Ջաջուռ քարշային ենթակայանի հերթապահ էլեկտրամեխանիկ: Իսկ ընդհանուր առմամբ, Թումասյանն ունի 6 թոռ և 6 ծոռ:
Իսկ ի՞նչն էր ամենաբարդը մասնագիտության մեջ: Ասում է, որ ամենադժվարը երկրաշարժից հետո աշխատելն էր, երբ հարյուրավոր գնացքներ գալիս էին ավերված Լենինական՝ բերելով մարդկանց փրկելու և քաղաքը վերականգնելու համար անհրաժեշտը:
«Այս տունն էլ վերապրեց երկրաշարժը, - ասում է Զուրաբ Խաչատուրովիչի կրտսեր որդին, երկաթուղային Սամվել Թումասյանը: - Բայց դիմացավ, չնայած այժմ տունն արդեն հարյուր տարեկան է, և մենք այստեղ ենք ապրում 1976 թվականից»:
Հենց այս տան վերակառուցման հարցում՝ երկարամյա ավանդույթի համաձայն, օգնել է Հարավկովկասյան երկաթուղին: Ընկերության ուժերով վերանորոգվել է տան տանիքը (90 ք.մ), կահավորվել և սալիկապատվել նոր սանհանգույց: Կատարված աշխատանքների ընդհանուր արժեքը կազմել է մոտ 2 մլն դրամ:
Առաջին անգամ չէ, որ երկաթուղին վերանորոգում է վետերան-երկաթուղայինների տներն ու բնակարանները՝ արդեն վերանորոգվել է երեք տուն Գյումրիում և մեկական՝ Կոտայքի մարզի Սոլակ գյուղում և Երևանում:
Վետերանները հատուկ տեղ են զբաղեցնում երկաթուղու սոցիալական աջակցության ծրագրում՝ նրանց ցուցաբերվում է հասցեական օգնություն, ընկերությունում գործում է Վետերանների խորհուրդ, իսկ վետերաններից շատերն իրենց փորձն են փոխանցում երիտասարդ կոլլեգաներին:
Հրաժեշտ ենք տալիս վետերանին և նրա ընտանիքին, մաղթում ենք նրան քաջառողջություն և երկար կյանք հարմարավետ տանը: Զուրաբ պապին ծիծաղում է.
- Կարծում ես, քա՞նի տարեկան եմ: Ես 100 տարեկան եմ: Բայց դա ի՞նչ է, իմ նախնիներից մեկն ապրել է մինչև 120 տարեկան:
Դե ինչ, նման անսպառ լավատեսությամբ մինչև հարյուր տարեկան ապրելը նվազագույն ծրագիր է: