ՍԴ 4 դատավոր իրենց իրավունքները կվերականգնեն ՄԻԵԴ-ում

ՍԴ դատավորներ Ալվինա Գյուլումյանի, Հրանտ Նազարյանի, Ֆելիքս Թոխյանի և ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի իրավունքների խախտման վերաբերյալ ՄԻԵԴ գանգատն արդեն ներկայացվել է։ «Փաստինֆո»-ի տեղեկությունները հաստատեց միջազգային իրավունքի մասնագետ, ՄԻԵԴ-ում ՍԴ դատավորների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը՝ նշելով, որ ժամկետը պահպանելով ՄԻԵԴ-ից պահանջված փաստաթղթերը և լրացված գանգատն ուղարկել են ՄԻԵԴ։

Գանգատով վիճարկվում է Կոնվենցիայով երաշխավորված 5 հոդվածի խախտում։ Այն է՝ արդար դատաքննության իրավունքը, քանի որ արդարադատության իրականացումը մերժվել է, մասնավոր և մասնագիտական կյանքի պաշտպանության իրավունքը, քանի որ մասնավոր և մասնագիտական կյանքի միջամտություն է տեղի ունեցել, որը եղել է ապօրինի, ոչ օրինական ընթացակարգերով, չի հետապնդել իրավաչափ նպատակ։ Բացի այդ՝ Սահակյանը նշեց, որ այս ամբողջ գործընթացում ՍԴ դատավորները ենթարկվել են խտրականության։ Նրա փոխանցմամբ՝ բարձրաձայնվել է նաև սեփականության իրավունքի պաշտպանության հարցերը, Հայաստանում իրավական պաշտպանության միջոցների բացակայության խնդիրը։ Ս. Սահակյանի արձանագրմամբ՝ նշված իրավունքների խախտումներն իրականացնելիս պետությունը ձևականորեն վկայակոչել է իրավական ընթացակարգեր, սակայն դրա հետևում ոչ թե իրավական, այլ՝ դրանից տարբերվող, մասնավորապես՝ քաղաքական նպատակներ են եղել։

Հիշեցնենք, որ երկրի խորհրդարանական մեծամասնությունը հունիսի 22-ին հակասահմանադրական ճանապարհով՝ առանց ՍԴ դրական եզրակացությունն ստանալու, փոփոխություններ կատարեց երկրի մայր օրենքի՝ Սահմանադրության մեջ, որից օրեր անց հայտարարվեց, որ թե դադարել են ոչ միայն Հրայր Թովմասյանի պաշտոնավարումը՝ ՍԴ նախագահի պաշտոնում, այլ նաև ՍԴ երեք դատավորի՝ Ալվինա Գյուլումյանի, Ֆելիքս Թոխյանի և Հրանտ Նազարյանի լիազորությունները և նրանք պետք է անհապաղ վայր դնեն՝ Բարձր դատարանի դատավորի լիազորությունները։ Նշենք, որ «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի 8-րդ հոդվածում ամրագրված էր Սահմանադրական դատարանի դատավորի անփոփոխելիության սկզբունքը, ինչը դատական իշխանության անկախության երաշխիքներից մեկն էր։ Ընդ որում՝ ՍԴ դատավորների լիազորությունները դադարեցված համարվեցին՝ նախքան ՍԴ մասին օրենքում փոփոխություններ կատարելը, թեև հենց այդ օրենքով է կանոնակարգվում դատավորների լիազորությունների դադարեցման ու նշանակման կարգը։ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարվեցին միայն հունիսի 30-ին ։

Հունիսի 25-ից հետո Հայաստանում ձևավորվել է սահմանադրական ճգնաժամ՝ տապալվել են ՍԴ նիստերը, չեն հրավիրվում աշխատակարգային նիստեր, ՍԴ մուտք եղած դիմումները մնում են անհետևանք։