ՄԵԳԱԽՆԴԻՐՆԵՐԻՑ ՄԻՆՉԵՎ ՀԻԳԻԵՆԱՅԻ ԿԱՆՈՆՆԵՐ

Բառացիորեն մեկ տարի առաջ՝ օգոստոսին, Նիկոլ Փաշինյանը Ստեփանակերտում հանդես եկավ ճառով, որը շատերին ցնցեց իր հիմնական թեզերով։ Նա խոսեց մեգախնդիրների մասին, որոնք կազմելու վրա, իր հավաստմամբ, կառավարությունն աշխատել է երկար ժամանակ։

Եվ այդ աշխատանքը պսակվել էր մի ցուցակի ծնունդով, որն արձանագրում է առաջիկա 30 տարիների ընթացքում երկրի զարգացման հիմնական վեկտորները, փաշինյանական կառավարության պատկերացմամբ կարևորագույն խնդիրների ցանկը: Միևնույն ժամանակ՝ այնպիսի խնդիրների, որոնց իրագործումը, ըստ հեղինակների մտահղացման, պետք է կոնսոլիդացնի և կենտրոնացնի ազգային ներուժը, համայն հայության ռեսուրսը։

Այսօր այդ խնդիրները մոռացության են մատնված ինչպես հեղինակի, այնպես էլ այն ժամանակ ոգևորված հանրության կողմից։ Բայց ոչինչ, մենք հիշում ենք։ Մանավանդ որ առիթ կա. անցավ 1 տարին՝ հայության երազանքների իրականացման համար այս կառավարության վարկածով նախատեսվող 30 տարիներից։ Եվ անչափ հետաքրքիր է, թե որքանո՞վ ենք մենք մոտեցել նվիրական պատրանքներին։

Մեկ տարի առաջ Փաշինյանի նշած նպատակներից ամենաֆանտաստիկը (նույնիսկ այս իշխանության ֆանատիկոսների համար) կարծես թե այն էր, որ, համաձայն ծրագրի, Հայաստանի ֆուտբոլի հավաքականը մինչև 2050 թվականը դառնալու է աշխարհի կամ Եվրոպայի չեմպիոն։ Այսօր դա ամենաիրատեսական խնդիրն է՝ մյուս բոլորի համեմատ։

Ավելի շուտ Հայաստանի հավաքականը կդառնա աշխարհի չեմպիոն, քան երկրի բնակչության թվաքանակը կաճի մինչև 5 միլիոնի։ Համենայն դեպս անցած տարվա արդյունքներով այն կրճատվել է 8 հազար 200 շնչով։ Իհարկե, Սփյուռքի հարցերով հանձնակատար Զարեհ Սինանյանը գտավ մեր բնակչությունն ավելացնելու բաղադրատոմսը՝ սիրիացի արաբներին ու ասորիներին Հայաստանում վերաբնակեցնելու հաշվին։ Բայց Նիկոլ Փաշինյանի վիթխարի ծրագրի հետ դա ոչ մի կապ չունի։ Փաշինյանը, հիշեցնեմ, շեշտում էր հենց ազգային ռեսուրսի համախմբման անհրաժեշտությունը։ Ասորիների և իսպանացի արաբների հանդեպ ողջ հարգանքով հանդերձ, նրանց կապը հայկական ազգային ներուժի հետ բավական վիճելի է։

Ավելի շուտ Հայաստանի հավաքականը կդառնա Եվրոպայի չեմպիոն, քան կբացվի մեկուկես միլիոն աշխատատեղ, կլուծվի գործազրկության խնդիրը և արմատախիլ կարվի աղքատությունը։ Համենայն դեպս այդ առումով մեկ տարվա ընթացքում ամեն ինչ անհամեմատ ավելի է վատթարացել. հազարներով կրճատվում են աշխատատեղերը, իսկ բնակչության եկամուտներն անշեղորեն նվազում են՝ խորացնելով աղքատությունը երկրում։ Ընդ որում գրեթե չկան ներդրումներ, որոնց հաշվին կարելի էր ակնկալել զբաղվածության խնդրի լուծում։

Ավելի շուտ Հայաստանի հավաքականը կդառնա աշխարհի չեմպիոն, քան մեր երկիր զբոսաշրջային այցելությունների տարեկան թիվը կհասնի 15 միլիոնի։ Համենայն դեպս այս տարի զբոսաշրջությունը կարելի է համարել գրեթե վախճանված։ Անկումը, ըստ պաշտոնական տվյալների, կազմել է 90%։ Եվ պարզապես հիանալի կլինի, եթե, ըստ Փաշինյանի վարկածի՝ մինչև վերջնաժամկետ մնացած 29 տարիների ընթացքում հաջողվի վերականգնել գոնե անցած տարվա ցուցանիշը. տարեկան 1 մլն 800 հազար զբոսաշրջիկ։

Ավելի շուտ Հայաստանի հավաքականը կդառնա Եվրոպայի չեմպիոն, քան երկրի ՀՆԱ-ն կավելանա 15 անգամ։ Առայժմ ՀՆԱ-ն սրընթաց նվազում է։ Նախորդ տարվա համեմատ՝ 13%-ով։ Այնպես որ այս հարցում նույնպես հեռանում ենք երազանքից, շեղվում ուղեգծից։

Ասենք ուղղակի. աշխարհի կամ Եվրոպայի չեմպիոն դառնալու Հայաստանի հավաքականի հնարավորություններն ակնհայտորեն աճում են։ Քանի որ մյուս բոլոր մեգախնդիրների պարագայում իրավիճակը բնավ ավելի լավ չէ. դիտարկվում է կիլոմետրերով հեռացում նպատակից, այլ ոչ թե մոտեցում թեկուզ մեկ միլիմետրով: Թերևս միայն ֆուտբոլում է ամեն ինչ հարթ ու կայուն։

Սակայն խնդիրն այնուամենայնիվ այն չէ, որ ազդարարված նպատակներին հասնելու առումով ակնհայտ հետընթաց է նկատվում։ Դրանք ի սկզբանե ուտոպիական էին, և դժվար թե որևէ մեկը լրջորեն ակնկալում էր դրանց իրականացում՝ ընդհանրապես, և այս կառավարության օրոք՝ մասնավորապես։ Այդուհանդերձ չմոռանանք, որ Նիկոլ Փաշինյանն այդ ցուցակը ներկայացնում էր, ըստ էության, որպես հեռանկարում երկրի սոցիալ-տնտեսական զարգացման մի ինչ-որ ռազմավարություն։ Ռազմավարություն, որն ըստ էության պետք է ուղեցույց դառնար կառավարության համար և գաղափար, որի շուրջ ծրագրվում էր ազգի կոնսոլիդացումը։ Ահա ուրեմն, արդեն գրեթե կես տարի է, ինչ կառավարության ուղեցույց է ծառայում, ըստ էության, դիմակներ կրելու և ձեռքերը լվանալու հանձնարարականը: Հիմա հենց դա է անձնարարականը) ակտիվորեն քարոզում վարչապետը։ Այսպես ասած, զանգվածների մեջ արմատավորում է անձնական հիգիենայի կանոնները։ Փաստորեն մեկ տարվա ընթացքում կառավարությունն ու դրա ղեկավարը վիթխարի, հավակնոտ խնդիրների մշակման աշխատանքից անցել են բացահայտ մանրուքների, հեքիաթային գաղափարների հիման վրա ազգային ռեսուրսն իրենց շուրջն համախմբելու մտադրությունից՝ բոլորին դիմակներ հագցնելու ինքնամոռաց ձգտման, կրկին իսկ՝ ազգի կոնսոլիդացման ռեժիմով

Основная тема:
Теги: