ԿԱՐԱՆՏԻՆԻ ՄԵՋ. ԱՂՔԱՏՆԵՐՆ ԱՎԵԼԻ ԵՆ ԱՂՔԱՏԱՑԵԼ
Հեռավար ուսուցումը հասանելի է ոչ բոլորին
Ինչպե՞ս է անդրադարձել կորոնավիրուսի տարածման հետ կապված իրավիճակը անապահով ընտանիքների երեխաների վրա: Ի՞նչ խնդիրների են բախվել նրանք սոցիալական առումով և ուսումնական գործընթացի կազմակերպման տեսանկյունից։ «Ուորլդ Վիժըն Հայաստան» միջազգային կազմակերպությունը Ալավերդիում, Գյումրիում, Ամասիայում, Իջևանում, Նոյեմբերյանում, Ապարանում, Թալինում, Վարդենիսում, Գավառում, Ճամբարակում, Կապանում, Սիսիանում և Երևանում հետազոտություն է անցկացրել է կազմակերպության շահառու 1175 ընտանիքների շրջանում (6333 մարդ): Նրանք պատկանում են բնակչության աղքատ և ծայրահեղ աղքատ խավերին։
Ինչպես պատմեցին «Ուորլդ Վիժըն Հայաստան»-ի ներկայացուցիչներ Վահե ԴԱՐԲԻՆՅԱՆՆ ու Գայանե ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ «Հոդված 3»" մամուլի ակումբում հետազոտության շնորհանդեսի ժամանակ, հարցված 3118 երեխաների 13,8%-ի համար հեռավար ուսուցումն անհասանելի է: Հիմնական պատճառները՝ համապատասխան տեխնիկայի բացակայություն (88%) և ինտերնետի անհասանելիություն (78,7%): Եղել են դեպքեր, երբ խնդիրը ծագել է ոչ միայն գաջեթների պակասի պատճառով, այլև նեղվածքի. խոհանոցային սեղանի շուրջ միաժամանակ երեք-չորս դպրոցականների սովորելու հնարավորություն չի եղել (հարցվածների մեկ քառորդը սեփական բնակարան չունի):
Եվս մեկ բացասական գործոն. հենց հատուկ տեխնիկայի բացակայության պատճառով հաշմանդամություն ունեցող երեխաները (113 ընտանիքների 28,6 %-ը) չեն կարողացել օգտվել հեռավար պարապմունքներից։ Ի դեպ, այս տարակարգին պատկանող հարցվողների գերակշիռ մասի համար (55,1%) հաշմանդամություն ունեցող երեխաների անհատական զարգացման ծրագրերը չեն կիրառվել այն ծավալով, ինչ նախքան կարանտինը, իսկ ճնշող մեծամասնությունը (77,6%) նշել է, որ անհատական զարգացման ծրագրերի համար սահմանված նպատակները չեն վերանայվել համաճարակի ողջ ընթացքում: Իսկ ընդհանուր առմամբ, կարանտինի շրջանում հեռավար ուսուցման որակը հարցմանը մասնակցած սոցիալապես անապահով ընտանիքների 41,8%-ը համարում է ցածր կամ չափազանց ցածր։
Պատկերի ամբողջականության համար հետազոտության հեղինակները ներկայացրել են հարցվողների եկամտի մակարդակը նախքան կարանտինն ու դրա ընթացքում: Եթե մինչ համաճարակը հարցման ընթարկված յուրաքանչյուր չորրորդ ընտանիքն ապրել է օրավարձու աշխատանքով, ապա կարանտինի շրջանում նրանց թիվը կրճատվել է 2,5 անգամ, այժմ միայն յուրաքանչյուր 10-րդ ընտանիքը կարող է օրավճարի հույս ունենալ: Մանրածախ առևտրով զբաղվողները վստահեցնում են, որ եկամուտները կիսով չափ նվազել են։ Բնավ ավելի լավ չէ վիճակը նաև արտագնա աշխատանքով վաստակողների ընտանիքներում։ Եթե կարանտինից առաջ 100 ընտանիքներից 25-ը ապրում էին «խոպանում» վաստակած միջոցների հաշվին, ապա այժմ դրա ակնկալիքն ունեն 100 ընտանիքներից 5-ը։ Յուրաքանչյուր երկրորդ ընտանիք, որը դրամական կայուն փոխանցումներ էր ստանում դրսից, զրկվել է այդ օգնությունից։ Հարցվողների 46,7%-ի աշխատանքը տուժել է COVID-19-ի տարածման դեմ պայքարի ընթացքում, իսկ 44,6%-ի պարագայում համավարակն ազդել է ընտանիքի տնտեսական վիճակի վրա:
Հստակության համար ներկայացնենք պատասխանների հաջորդ հատվածամասը, որից աստղաբաշխական պարգևավճարներ ստացող պաշտոնյաների ու պատգամավորների սիրտը պետք է ճմլվի, իսկ դեմքը՝ բծերով ծածկվի ամոթից (ում մեջ դեռ մնացել է խղճի նշույլ)։
Եվ այսպես, հարցվողների 82,8%-ն իր հանապազօրյա հացն ապահովում է մասամբ կամ առհասարակ զուրկ է դրանից։ 76,7%-ը կարողանում է լոկ մասամբ հոգ տանել ամեն օր անհրաժեշտ դիմակների, ձեռնոցների և անձնական հիգիենայի ախտահանիչ միջոցների մասին կամ ընդհանրապես դժվարանում է գնել այդ ամենը։ Իսկ 67.6%-ը ի վիճակի չէ ձեռք բերել նույնիսկ լվացքի փոշի, օճառ կամ սպասքի լվացման միջոցներ։ Սա արդեն՝ ի գիտություն պարոնայք պարետ Ավինյանի և վարչապետ Փաշինյանի։
Հարցվողների 76,7%-ը խոստովանել է, որ մասամբ կամ ամենևին ի վիճակի չէ ապահովել երեխաներին հեռախոսներով կամ համակարգիչներով, որպեսզի նրանք հեռավար ուսում ստանան, իսկ 70,7%-ն անկարող է նույնիսկ դպրոցի տարրական գրենական պիտույքների հավաքածու գնել երեխաների համար (գրիչներ, գրչատուփեր տետրեր և այլն): Այս տխուր փաստի մասին տեղյա՞կ են արդյոք նախարարներ Արայիկ Հարությունյանը և Զարուհի Բաթոյանը։ Ի՞նչ միջոցներ են նրանք մտադիր ձեռնարկել, որպեսզի ծայրահեղ աղքատ ընտանիքների երեխաները կրկին չմնան անտեսված և վերջապես կարողանան սովորել այլ երեխաների հետ հավասար։
Ի դեպ, հեծանիվ հորինել պետք չէ։ Կարանտինի շրջանում ուսուցման մակարդակը բարձրացնելու համար անհրաժեշտ միջոցառումների վերաբերյալ հարցվողներն առաջարկում են իրենց բաղադրատոմսերը: Այսպես, հարցվողների 57,4%-ը համարում է, որ կարևոր է նախևառաջ ապահովել երեխաներին համապատասխան թվային տեխնիկայով (պլանշետներով, հեռախոսներով): 45,7%-ը գտնում է, որ կրթական գործընթացը հնարավոր է բարելավել անվճար ինտերնետ կապով ապահովելու պայմանով։ Իսկ 28%-ը նշել է, որ պետք է երեխաներին տրամադրել անհրաժեշտ դպրոցական պարագաները։
Պարոնայք ազնվազարմ ժողովրդավար պաշտոնյաներ, վերջապես քայլեր ձեռնարկեք, շտկե՛ք իրավիճակը: Չէ՞ որ դուք այնուամենայնիվ «ծառայում եք ժողովրդին»՝ նույն այդ հարկատուների գրպանի հաշվին...