ՄԵՐԿ ԵՎ ԱՌԱՆՑ ԳԾԱԳՐԵՐԻ

Կառավարության մասին անեկդոտներն այսօր ծիծաղելի չեն, քանի որ հեռուստատեսության և ինտերնետի շնորհիվ դա առանց այդ էլ մի մեծ անեկդոտի տեսք ունի՝ առցանց ռեժիմով։

Անեկդոտի գլխավոր հերոսը, իհարկե, նորից կտրուկ ակտիվացած վարչապետ Փաշինյանն է։ Նա ամենուր է, ամենո՛ւր։ Նա ամեն ինչ է, ամեն ի՛նչ։ Խորաթափանց հայացքով տեսնում է անտեսանելին ու ընդգրկում անընդգրկելին։ Հատկապես ուժեղ է այդ լեոնարդոն տրամաբանությունից, դրա համար էլ կառավարության յուրաքանչյուր նիստի ժամանակ տեղի է ունենում վիթխարի հզորության մտավոր պայթյուն: Վերջին անգամ նա հայտարարեց, թե համավարակի հարուցած ծանրագույն ճգնաժամի պայմաններում աշխատատեղերի քանակը երկրում ավելացել է, իսկ միջին աշխատավարձը՝ աճել։ Մենք, որ կարծես թե արդեն ամեն ինչի սովոր ենք, այդուհանդերձ զարմացանք։

Վերջին ժամանակներս անեկդոտի գլխավոր հերոսին ընդհուպ մոտեցել և հասարակության սուր քննադատության թիրախ են դարձել կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն ու առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, որոնք հիշեցնում են պոկված բռնակով ճամպրուկ։ Վարչապետի համար դրանք քարշ տալը դժվար է, իսկ դեն նետել ափսոսում է. թե ինչ անել, գաղափար չունի։ Ահա և դեսուդեն է ընկնում Փաշինյանը կրակմարիչով՝ ջրհեղեղի ժամանակ։

Վերոնշյալ նախարարներին քննադատելու առիթներ, բնականաբար, կան, և քաղաքացիների բողոքի ամենօրյա ակցիաներն, անշուշտ, արդարացված են։ Բայց ախր ո՞ւր է արդարությունը, համաքաղաքացիներ։ Ինչո՞ւ ենք մենք մոռացել կառավարության մյուս անդամների մասին։ Նայելով նրանց կենսուրախ դեմքերին՝ չես ասի, թե այդ մարդիկ հյուծված են տքնաջան աշխատանքից՝ ի բարօրություն երկրի, և գիշերները չեն քնում ՝ մտածելով, թե ինչպես օգուտ բերեն հայրենիքին։

Ինչո՞վ է ընդհանրապես զբաղված կառավարությունը։ Եկեք նշտարով մի քիչ փորփրենք այդ նախարարական գլուխները, գորշ նյութ վերցնենք որպես փորձանմուշ, մանրադիտակով փորձենք նշմարել մի որևէ տրամաբանություն. չէ՞ որ կա՛ այնտեղ տրամաբանություն, չի կարող չլինել:

Եվ գիտեք, ինձ թվում է՝ նրանց տրամաբանությունը բավական պարզ է։ Օրինակ, զբաղեցնելով օրերս շրջակա միջավայրի նախարարի պաշտոնը, Ռոմանոս Պետրոսյանն արդեն հասցրել է անել երկու կարևոր հայտարարություն։ Նախ՝ նա առայժմ չի միջամտելու Ամուլսարի շուրջ ստեղծված իրավիճակին, ընդ որում ուշադիր հետևելով զարգացումներին։ Դե ինչ, Ռոմանոսին պետք է ճանաչել Նիկոլի արժանի աշակերտ։ Կրիտիկական պահերին կեսօրյա ստվերների պես անհետանալու այդ մարդկանց ունակությունն առհասարակ դասական երևույթ է: Երբ խոսքը վերաբերում է «նախկին կոռուպցիոն ռեժիմի» ներկայացուցիչների նկատմամբ հաշվեհարդարին, բուլդոզերներով անգամ չես պոկի ամբիոնից, իսկ երբ մի այդպիսի խնդիր է ծագում՝ տեղնուտեղը անտեսանելի գլխարկ են կործում մեծապատիվ գլխին ու ծվարում բնում։

Իսկ ինչո՞վ է զբաղված արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը, որը, իր իսկ զինակիցների խոստովանությամբ, «կատարելապես տապալել է դատաիրավական ոլորտի այն բարեփոխումները, որոնք հռչակվել էին որպես անցումային արդարադատություն»։ Սահմանադրական դատարանի նկատմամբ հաշվեհարդարո՞վ, հակասահմանադրական օրենքներ մշակելով ու խորհրդարանի միջոցով առաջ մղելո՞վ, ուղղիչ հաստատություններում կալանավորներին դաժան ծեծի ենթարկելու եղանակով «գողական մշակույթն» արմատախիլ անելո՞վ։

Թեև, եթե անկեղծ, արդարադատության նախարարին քննադատել լեզուդ չի պտտվում։ Ինձ նույնպես, ինչպեսև Բադասյանին, ընդհանրապես անհասկանալի է, թե ինչպես է աշխատում դատարանը քաղաքակիրթ երկրներում։ Ինչպե՞ս է այնտեղ առհասարակ կազմակերպված գործընթացը։ Մի՞թե լիովին թողած է ինքնահոսի։ Այ այդպես, ուրեմն, պարզապես հավաքվում են ու համեմատում տեղի ունեցածը օրենքի տառի հե՞տ։ Քարե դա՛ր, ազնիվ խոսք: Այդ ինչպե՞ս կլինի՝ չօգտագործել արդարադատությունը քաղաքականության և անձնական նպատակներին հասնելու համար։ Իսկ ուրիշ ինչի՞ համար այն օգտագործել։ Հո օրինականություն հաստատելու համար չե՞ս օգտագործելու։

Հիշո՞ւմ եք խորհրդային ժամանակների հայտնի անեկդոտը։ Կոլտնտեսությունում ժողով է ընթանում ՝ գոմը նորոգելու հարցով։ Ոտքի է ելնում նախագահն ու ասում. այսպես, կա գոմը կարգի բերելու երկու տարբերակ՝ իրատեսական ու ֆանտաստիկ։ Իրատեսականը՝ եթե թռչեն գան այլմոլորակայիններն ու ամբողջը նորոգեն: Ֆանտաստիկը՝ եթե մենք ամեն ինչ անենք ինքներս: Ֆանտաստիկ ծրագրերի իրականացմամբ այսօր զբաղված է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը։

Մարզերից բազմաթիվ ահազանգեր են ստացվում այն մասին, որ ճանապարհների ասֆալտապատումը, ինչով այնքա՜ն հպարտանում է այս իշխանությունը, մի շարք դեպքերում անցկացվում է բավական անորակ, թարմ ասֆալտը սոսնձով փռում են հենց հին շերտի վրա, աշխատանքները կատարվում են չափազանց դանդաղ ու մեծ ընդմիջումներով, սուբվենցիոն կերպով, այսինքն ՝ պետության ու համայնքների համաֆինանսավորմամբ, ծրագրերը ծայրաստիճան անարդյունավետ են ինչպես պետության, այնպես էլ համայնքների փողի պակասի պատճառով։ Բավական է ասել, որ այս տարվա առաջին կիսամյակում համայնքների սեփական եկամուտները կազմել են 8,2 մլրդ դրամ, ինչը 1,3 մլրդ-ով պակաս է 2019 թվականի նույն ժամանակահատվածի մուտքերից։

Արտաքին քաղաքականության եվ արցախյան հիմնախնդրի կարգավորման ոլորտում արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի «նվաճումների» մասին մենք ընդհանրապես չենք խոսում։ «Գոլոս Արմենիի»-ն այդ թեման լուսաբանում է առավել քան հանգամանորեն ու պրոֆեսիոնալ կերպով։ Ավելի լավ է մի պատմություն պատմեմ, որը կարող է ընդօրինակման նմուշ ծառայել Մնացականյանի համար։

Ժամանակին Թալեյրանը, որն արել էր ամեն ինչ, որպեսզի սերունդների հիշողության մեջ մնա որպես ծայրահեղ ցինիկ, հրաժարական տվեց՝ համարելով, որ իրավունք չունի զբաղեցնելու արտաքին գործերի նախարարի պաշտոնը։ Իսկ այդ ի՞նչ մեղք էր նա գործել։ Գուցե վատնել էր նախարարության գանձարանը կամ ձախողե՞լ իրեն հանձնարարված գործը։ Ամենևի՛ն։ Իր հրաժարականից քիչ առաջ նա հաջողացրել էր Ֆրանսիայի համար անչափ շահավետ մի քանի դիվանագիտական համաձայնագրեր կնքել, և գողության մեջ էլ երբևէ չէր նկատվել։ Նա ընդամենը «դադարել էր ժողովրդականություն վայելել», դրա համար էլ որոշել էր հեռանալ։

Մտամուխ եղեք, պրն Մնացականյան. ժողովրդականության կորուստը՝ որպես արտգործնախարարի պաշտոնից հեռանալու պատճառ: Նման գեղեցիկ ժեստը մեղք կլինի չկրկնել։

Ցավոք, հոդվածի ծավալը թույլ չի տալիս թեկուզ համառոտ մեկնաբանել կառավարության նաև մյուս անդամների գործունեությունը։ Թեպետ, մեկնաբանելու բան էլ այդտեղ առանձնապես չկա. այդ մարդիկ ապրում են իրենց սովորական աշխարհում՝ սեփական, թեկուզև հիվանդագին երևակայության օրենքներով։ Միայն թե ինչն է հետաքրքիր. ոչ մեկի մտքով չի անցնի տուն կառուցել առանց գծագրերի, բայց կառուցել մի ամբողջ պետություն, խնդրե՜մ:

Փաշինյանին դեռևս հավատացող հպարտ քաղաքացիներին լոկ խղճում ես։ Լիակատար ենթարկումը վարչապետի «հալյուցինացիաներին»՝ դա հենց այն է, ինչը ներկա պահին անհրաժեշտ է նրանց ամենից առավել։ Քանզի հենց որ թարգես մտացածին ուրախություններդ ու դուրս նայես, տեղնուտեղը սիրտդ կխառնի։

Իսկ ողջամիտ քաղաքացիների պարագայում իրավիճակն այնպիսին է, ինչպես Անդերսենի հանրահայտ հեքիաթում, միայն թե հակառակը. վարչապետն ու իր կառավարությունը և՛ այսպես են շրջվում, և՛ այնպես, մերթ մի զգեստ են հագնում, մերթ՝ մեկ ուրիշ, իսկ ժողովուրդը շարունակ գոչում է. մե՛րկ են սրանք, մե՛րկ ։