ՓԱՇԻՆՅԱՆԻ ՓՈԽԱԿԵՐՊՈՒՄԸ

Ելույթ ունենալով Աթաթուրքի բանակի կողմից 1922 թվականին հունական զորքերի ջախջախմանը նվիրված տոնական միջոցառումների առթիվ, Էրդողանը հայտարարեց. «Ընդունո՞ւմ է արդյոք հույն ժողովուրդն այն, ինչ կարող է պատահել իր հետ՝ իր ագահ և անիրազեկ առաջնորդների պատճառով: Գիտե՞ն արդյոք ֆրանսիացիները, թե ինչ գին են ստիպված լինելու վճարել՝ իրենց ագահ ու անիրազեկ առաջնորդների պատճառով»։

...Նիկոլ Փաշինյանն այցելեց Լեռնային Ղարաբաղ, որտեղ Արայիկ Հարությունյանի հետ հանդիպման ժամանակ հայտարարեց. «Մեծարգո պարոն նախագահ, ուրախ եմ մեր հերթական հանդիպման համար։ Ցավոք, ռազմաքաղաքական իրավիճակը մեր տարածաշրջանում շարունակում է մնալ լարված»։

Լավ է արդեն այն, որ Փաշինյանը Արայիկ Հարությունյանին չի անվանում «Լեռնային Ղարաբաղի հարգարժան ընտրված ներկայացուցիչ», ինչպես չգիտես ինչու սիրում է ձևակերպել մեր ԱԳՆ-ը։ Ավելի ճիշտ՝ սիրում էր, քանզի կարծում ենք, որ շուտով ԱԳՆ-ն էլ կփոխի շեշտադրումներն իր ձևակերպումներում, ինչպես Փաշինյանը, որը նախկինում առանձնապես չէր բարեհաճում Արցախի առաջնորդների պարագայում գործածել «մեծարգո պարոն նախագահ» դիմելաձևը։

Սահմանի վրա տեղի ունեցած տավուշյան սրացումը և դրան հաջորդած զարգացումները, առաջին հերթին՝ թուրք-ադրբեջանական զորավարժությունները Նախիջևանում, բացեցին մեր իշխանությունների աչքերը բազմաթիվ, թեկուզև ակներև, բայց նախկինում անտեսվող հանգամանքների վրա։ Դե, իսկ Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի հայտարարությունը, թե Թուրքիան նույնպես Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմ է՝ «լինելով Ադրբեջանի եղբայրական պետություն և նրա իրավունքների պաշտպանության կողմնակից», մի ավելորդ անգամ հիշեցրեց տարածաշրջանային տխուր իրողությունների մասին։

Մեր տարածաշրջանով զբաղվող ռուս փորձագետները նշում են, որ Էրդողանի ագրեսիվ արտաքին քաղաքականությունը գնալով ավելի է մտահոգում հարևաններին ու դաշնակիցներին. Անկարան սեփական հայեցողությամբ ռազմական գործողություն է իրականացնում Սիրիայում, դեմ գնում Ռուսաստանին, ընդ որում հենց նրանից գնելով, ի հեճուկս ԱՄՆ-ի, C-400 զենիթահրթիռային համալիրներ, միջնորդավորված պատերազմ վարում Լիբիայում, սպառնում Կիպրոսին և Եգիպտոսին, Հունաստանին ու Իսրայելին, և ահավասիկ հիմա էլ հայտարարում է, թե հայ-ադրբեջանական հակամարտության կողմերից մեկն է։

Ինչ վերաբերում է Մոսկվայի արձագանքին, վերջինիս համար, մի կողմից՝ կարևոր է Անկարայի ՆԱՏՕ-ից անկախ արտաքին քաղաքականությունը, մյուս կողմից՝ անընդունելի է Անկարայի ագրեսիվ մոտեցումը տարածաշրջանային մի շարք հարցերի նկատմամբ, և Լեռնային Ղարաբաղի խնդիրը, հայ - ադրբեջանական հակամարտությունը բնավ վերջինը չեն այդ շարքում։ Դրա վկայությունը դարձան Ռուսաստանի Հարավային ռազմական օկրուգում անցկացված զորավարժությունները, որի կազմում ընդգրկված է նաև Հայաստանում տեղակայված 102-րդ ռուսական ռազմակայանը. զորավարժություններ, որոնք անցկացվեցին Նախիջևանում ընթացող թուրք-ադրբեջանական զորավարժություններին զուգահեռ։

Մոսկվայի դիրքորոշումը նյարդայնացնում է Բաքվին։ Այնտեղ դժգոհ են Լեռնային Ղարաբաղի շուրջ բանակցային գործընթացը վերսկսելու Ռուսաստանի ջանքերից և այն բանից, որ Հայաստանի և Ադրբեջանի սահմանի վրա հուլիսյան սրացման ժամանակ Հայաստանը, մասնավորապես՝ ռուսական ռազմակայանը ստացավ ռազմական բեռների հերթական խմբաքանակը։

«Հայաստանի սպառազինումը վերջին շրջանում հարուցում է ադրբեջանական հասարակության, մեր պետության լուրջ մտահոգությունը։ Մենք այնքան էլ բավարարված չենք ռուսական կողմի բացատրությամբ, հստակեցման ենք սպասում այն հարցում, թե ինչ հիմքերով է շարունակվում Հայաստանի ինտենսիվ սպառազինումը»,- օրերս հայտարարել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության հարցերով բաժնի վարիչ Հիքմեթ Հաջիևը։

Բաքվի հիասթափությունն ակնհայտ է, ինչպեսև այն, որ անցած երկու ամիսներին ռուսական գործոնը Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի դեմ թուրք-ադրբեջանական ագրեսիայի գլխավոր արգելակն էր. Մոսկվան չեզոքացնում է Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը Թուրքիայի գործնական միջամտության հնարավորությունը:

Վերջին ամիսների իրողությունները հանգեցրել են բազմաթիվ ոլորտներում Նիկոլ Փաշինյանի քաղաքականության որոշակի փոխակերպման։ Ներքին քաղաքականության ոլորտում դա արտահայտվեց «սորոսական թևի» դեմ ինչպես իրական, այնպես էլ վիրտուալ գրոհներով։ Վերջինս փոքր-ինչ կորցրել է իր դիրքերն ու ազդեցությունը ինչպես իշխանության, այնպես էլ քաղաքացիական մասնահատվածի վրա։ Դրա վկայությունն է ոչ միայն խորհրդարանի խոսնակին Լարիսա Մինասյանի հղած նամակը՝ օգնության խնդրանքով, այլև այն, որ սպասվող թեժ աշունը, ամենայն հավանականությամբ, կբացեն ոչ թե խորհրդարանական ընդդիմության կամ, այսպես կոչված՝ նախկինների, այլ «Սասնա ծռերի» հակակառավարական ակցիաները:

Основная тема:
Теги: