ՀԱՐԿԱՎՈՐ Է ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՊԱՏՎԵՐ

«Ինձ համար բացարձակապես անընդունելի է, երբ մեզ որևէ կետով համեմատում են ներկայիս իշխանության հետ. չկա և չի կարող լինել նախկին և ներկա իշխանությունների միջև համեմատության որևէ եզր»,- «ԳԱ»-ին տված հարցազրույցում հայտարարեց Կանանց խորհրդի նախագահ Կարինե ԱՃԵՄՅԱՆԸ:

- Օրըստօրե աճող ներքին խնդիրների խորապատկերին արդիական է մնում կորոնավիրուսի համաճարակի դեմ պայքարի թեման: Ինչպե՞ս եք գնահատում այս ուղղությամբ կառավարության կողմից ձեռնարկվող քայլերը: Ձեր կարծիքով, արդարացվա՞ծ է արդյոք քաղաքական ուժերի ղեկավարներից մեկի դիմումը դատարան՝ ստեղծված իրավիճակի համար մեղավորներին պատասխանատվության ենթարկելու նպատակով։

-Նախևառաջ նշեմ. ինչպես բոլոր ոլորտներում, բոլոր ուղղություններով, այնպես էլ այս հարցում կառավարությունն ի սկզբանե չի ունեցել և առ այսօր չունի որևէ հստակ ծրագիր։ Եվ հենց դա է պատճառը, որ կորոնավիրուսի դեմ պայքարը հանրապետությունում, ըստ էության, ձախողված է։ Բազմաթիվ երկրներում, որտեղ առողջապահության ոլորտի պատասխանատուները, ինչպեսև նախագահների և վարչապետների մակարդակով բարձրաստիճան պաշտոնյաները լուրջ են մոտեցել կորոնավիրուսի դեմ պայքարի խնդրին, ընդ որում՝ թե՛ բժշկական տեսանկյունից, թե՛ սոցիալ-տնտեսական, այդ երկրների կառավարությունների կողմից ձեռնարկվող քայլերը հաջող են եղել։ Իսկ մեզանում ամենաբարձր մակարդակով ցուցաբերված ի սկզբանե անլուրջ մոտեցումը, երբ առողջապահության նախարարը, վարչապետը մի օր մեկ բան են ասում, երկու օր անց՝ հաճախ ճիշտ հակառակ այլ բան, պսակվեց չտեսնված-չլսված կամ, ինչպես սիրում են ասել այսօրվա իշխանության ներկայացուցիչները, աննախադեպ դիմակային պսիխոզով, իսկ մարդիկ դարձան, եթե կրկին օգտվենք այսօրվա իշխանության բառապաշարից՝ տուգանքների մատերիալ։ Քաղաքացիներն այսօր մշտական ստրեսի մեջ են, հաճախ կարելի է հանդիպել մարդկանց, որոնք դիմակ կրելով անգամ՝ փողոցում շարունակ շուրջն են նայում, ասես ինչ-որ բանից վախենալով։

Ինչ վերաբերում է դատարան դիմելուն, ապա կարծում եմ, որ պատասխանատվության ենթարկելը պետք է դառնա հասարակական պատվեր։ Առայժմ պատասխանատվության հարցը բարձրացնում են առավելապես արտախորհրդարանական այս կամ այն քաղաքական ուժերը։ Այսօր ակներև է ապատիայի վիճակը, որում գտնվում է հասարակայնությունը (և ոչ միայն կորոնավիրուսի դեմ ձախողված պայքարի պատճառով)։ Մինչդեռ հասարակայնությունն ինքը պետք է պահանջի, որ երկրում կորոնավիրուսի համաճարակի հետ կապված իրավիճակի պատասխանատուները կոնկրետ քրեական պատիժ կրեն։ Համոզված եմ, որ կառավարության ճիշտ աշխատանքի և յուրաժամանակ ձեռնարկվող քայլերի դեպքում պատկերը միանգամայն այլ կլիներ։

-Դուք ասում եք, որ հասարակայնությանը հուզող հարցերը պաշտպանում են արտախորհրդարանական ուժերը, բայց այսօր ակտիվացել են նաև խորհրդարանական ընդդիմադիր կուսակցությունները…

-Խորհրդարանական ընդդիմության աշխատանքը երկու տարի շարունակ մեզ չհաջողվեց տեսնել, քանի որ իշխանությունը, այսպես կոչված՝ ժողովրդավարական մեթոդներով սաստիկ ճնշում գործադրեց այդ ընդդիմության վրա... Մեկին ծեծի ենթարկեցին խորհրդարանի նիստերի դահլիճում, մյուսին զրկեցին պատգամավորական անձեռնմխելիությունից ու քրեական գործ հարուցեցին... Եվ դա այն դեպքում, երբ առանձնակի լուրջ քննադատություն ԱԺ-ում մենք այս ողջ ընթացքում չենք լսել: Մի խոսքով, իշխանությունը փորձեց հիմնովին խեղդել իրեն առանց այդ էլ գործնականում չքննադատող խորհրդարանական ընդդիմությանը։

«Լուսավոր Հայաստանի» պարագայում՝ այսօր դրա ներկայացուցիչների կողմից հնչող հայտարարությունները լոկ ընթացիկ պայքար են վարչապետի աթոռի համար, պարզապես դատարկ խոսակցություններ։ Այսօր այնպիսի լայն շրջանակ կա՝ արտաքին և ներքին հրատապ օրակարգի վերաբերյալ որոշումների և անգործության հիմնավորված քննադատության համար, որ այդ ամենը չտեսնել լուրջ կառուցողական ընդդիմությունը պարզապես չի կարող։ Բայց ԼՀ-ն այդ դաշտում բոլորովին չի աշխատում։ Մենք լուրջ քննադատական քաղաքական խոսք չենք լսում ո՛չ Փաշինյանի, ո՛չ էլ ընդհանրապես այս ապաշնորհ կառավարության ու առանձին վերցրած նախարարների հասցեին. այդ ամենը դուրս է ԼՀ-ի հորիզոնից։ Եվ այս խորապատկերին հաջորդ իշխանություն դառնալու նրանց հույսը պարզապես արտառոց է։

Ինչ վերաբերում է «Բարգավաճ Հայաստանին», ապա ուրախ կլինեմ, եթե իրոք վերջապես տեսնենք կոնկրետ քայլեր։ Քանի որ ԲՀԿ-ն ունի իր առաջնորդով պայմանավորված իրական մարդկային ռեսուրս, իրական կողմնակիցներ։ Ընդդիմությունը, նրա առաջնորդները պետք է հետևողական լինեն։ Ինչ-որ բան ասելն ու հետևողականություն չցուցաբերելը, հայտարարածն առաջ չմղելը վերջին շրջանում դարձել է քաղաքական թրենդ։ Այսօր և՛ խորհրդարանական, և՛ արտախորհրդարանական ընդդիմությունը կարող է ընդհանուր եզրեր գտնել համատեղ պայքարի համար, բայց միայն այն ժամանակ, երբ ակնհայտ դառնա նպատակային ծրագրային պայքարը։ «Գանք իշխանության, հետո կմտածենք, թե ինչ անենք» տարբերակն անլուրջ է։ Միայն ծրագրային նպատակային պայքարի դեպքում է հնարավոր ընդդիմության համախմբումն ինչ-որ եղանակով, ինչի արդյունքում հնարավոր կլինի ելքի ուղիներ գտնել ստեղծված իրավիճակից։

Նշեմ, որ քննադատությունը մեր քաղաքական ուժի համար ինքնանպատակ չէ։ Բանն այն է, որ վերջին շրջանում գործնականում տեղի չի ունեցել ոչ մի դրական բան, ինչի մասին կարելի էր խոսել։ Եթե երկու տարի առաջ ես այն սակավաթիվ մարդկանցից մեկն էի, որոնք քննադատում էին ներկայիս իշխանությանը, կառավարությանը, ապա այսօր նրանց քննադատում է արդեն ոչ միայն քաղաքական ուժերի և հասարակական ակտիվիստների, այլև շարքային քաղաքացիների բանակը, այդ թվում՝ այն մարդկանց, ովքեր ժամանակին նրանց են տվել իրենց ձայնը։ Թեպետ, դժգոհների երկրաչափական պրոգրեսիայով աճող այդ թիվը միանգամայն տրամաբանական է, քանի որ այս երկու տարիների ընթացքում ոչ մի ոլորտում ոչ միայն չի նկատվում որևէ առաջընթաց, այլև երկիրն առհասարակ հետ է գլորվում։

Առողջապահության, կրթության, մշակույթի ոլորտները... Ասենք, գործնականում բոլոր ոլորտներն են այսօր ողբալի վիճակում։ Սեպտեմբերի 1-ին դպրոցները չեն ընդունում աշակերտներին, դպրոցական կրթության մեջ ճակատագրական սխալներ են թույլ տրվում հայկական ինքնության առնչությամբ... Առցանց կրթությունն այսօր հասանելի է բնավ ոչ բոլորին. դա մի ամբողջ շարք խնդիրների որոշակի սինթեզ է՝ ուսուցիչների վերապատրաստումից մինչև գաջեթների և ինտերնետ կապի առկայություն յուրաքանչյուր աշակերտի պարագայում: Իսկ ինչ վերաբերում է առցանց ռեժիմով մշակույթին, ապա բազմաթիվ ուղղություններ պարզապես կարող են վերանալ, եթե այս իրավիճակը շարունակվի: Առանձնակի հարկ է նշել սարսափելի իրավիճակը արտաքին քաղաքական կոնտուրում։ Ակնհայտ է, որ երկիրը կորցնում է ինքնիշխանությունը, ինքնուրույն որոշումներ կայացնելու հնարավորությունը, այս իշխանությունը փոշիացրեց իր ժառանգած ողջ ռեսուրսը, և մեր երկրի ճակատագիրը կարող են վճռել Հայաստանի սահմաններից դուրս։ Ներկայիս իշխանությունը, մշտապես խոսելով ինքնիշխանության ամրապնդման մասին, իրականում անում է ճիշտ հակառակը։

-Բայց իմքայլականները ամեն առիթով ասում են, թե ստացել են ձայների 80%, թե այն ամենը, ինչ անում են, ժողովրդի անունից է և ժողովրդի համար

-Աճող դժգոհության վերաբերյալ Փաշինյանն իր ուղիղ եթերներից մեկում բավական ցինիկաբար հայտարարեց, թե իբր՝ սա ձեր ընտրածն է։ Թեպետ, դա բնավ միակ ցինիկ հայտարարությունը չէ։ Եղել են նաև այլ հայտարարություններ. օրինակ, թե քաղաքացին պետք է ցանկանա, որ պաշտոնյան բարձր աշխատավարձ ստանա, կամ՝ ժողովուրդը պետք է ուրախանա, եթե լավ աշխատող նախարարները պարգևավճարներ են ստանում։ Եվ այս ամենը՝ այն երկրների խորապատկերին, որտեղ կառավարությունները նվազեցրել են աշխատակազմի ծախսերը, կրճատել նախարարների աշխատավարձերը... Մեր դեպքում աշխատատեղերի կրճատման, ձեռնարկությունների փակման, սոցիալական խնդիրների աճի խորապատկերին պաշտոնյաների ախորժակը, որոնք ասում էին, թե գնում են աշխատելու քաղաքացիների բարօրության համար, լոկ աճում է։ Չկա և ոչ մի կետ, որ այս իշխանությունը խոստացած լինի կատարել և արդյունքում հակառակն արած չլինի։ Ի՞նչ է սա, եթե ոչ ցինիզմ։ Հասարակությունը պետք է հասկանա. իրեն խաբել են, ենթարկել մանիպուլյացիայի, օգտագործել։ Եվ ակնկալել, թե կառավարությունը կհիշի ժողովրդի մասին, միամտություն է: Ամեն ինչ ճիշտ հակառակն է լինելու. նրանց կյանքը կբարելավվի բարձր տեմպերով, քաղաքացիները կաղքատանան, երկիրը կհայտնվի տնտեսական խոր ճգնաժամի մեջ։ Կարծում եմ, և՛ ընդդիմությունը, և՛ դժգոհ հասարակայնությունը պետք է միասին փորձեն փոխել իրավիճակը մեր երկրում։

-Երկու տարի առաջ հասարակայնությունն ու քաղաքական ուժերը հանրապետականներին մեղադրում էին հասարակությունից, իրականությունից կտրված լինելու, զուգահեռ աշխարհներում իշխանության և հասարակության գոյության մեջ: Այսօր իշխող ուժը հայտնվել է համանման իրավիճակում։ Ձեր կարծիքով, պե՞տք է արդյոք սպասել «թեժ աշնան»:

-Ինձ համար անընդունելի է, երբ մեզ որևէ կետով համեմատում են ներկայիս իշխանության հետ։ Չկա և չի կարող լինել նախկին և ներկա իշխանությունների միջև համեմատության որևէ եզր։

-Նրանք էլ իրենց հերթին նեղանում են, երբ իրենց համեմատում են հանրապետականների հետ…

-Երբ մարդն ինչ-որ բան է փոխում իր կենցաղում, ապա փոխում է դեպի լավը: Օրինակ, մեքենան փոխարինում ես ավելի լավով, այլ ոչ խարխլված սայլով։ Մինչդեռ մեր հասարակայնությունը փոխարինեց լավ մեքենան ճռնչան սայլով։ Կարծում եմ, որ բոլորն էլ սեփական մաշկի վրա արդեն զգացել են և դեռ կզգան այդ փոխանակման արդյունքը։

Մենք պիարով չէինք զբաղվում, շատ քիչ էինք խոսում ինչպես արտաքին քաղաքական ճակատում, այնպես էլ երկրի ներսում մեր կատարած հսկայական աշխատանքի մասին։ Այն ամենը, ինչին մենք բազմամյա տքնաջան աշխատանքով հասել էինք արտաքին քաղաքականության մեջ, այս իշխանությունը զրոյացրեց, փոշիացրեց ։ Երկրի ներսում այսօր նա պարծենում է ճանապարհներով։ Ճանապարհներ կառուցել են բոլոր իշխանությունները։ Բացի այդ, անընդունելի է մեկամյա, այն էլ, ինչպես պարզվում է, անորակ ճանապարհային շինարարությունը համեմատել մեր տասնամյա աշխատանքի հետ։ Այդ ամենը պոպուլիզմի վառ դրսևորում է և սեփական ժողովրդի համատարած խաբեություն։

Այսօր ՀՀԿ-ն՝ իր մարզային կառույցներով, երիտասարդական թևով, Կանանց խորհրդով, ակտիվորեն աշխատում է ամենօրյա ռեժիմով։ Մեր կուսակցությունը ներկա պայմաններում էլ համալրվում է նոր անդամներով։ Ընդգծեմ, որ real-politik-ում տեղ են գտնում լոկ կայացած կուսակցությունները։ Ինչ էլ որ ասեն, կուսակցություն ստեղծելը մեկ բան է, իսկ դրա կայացման հասնելը՝ այլ բան։ Մենք կաջակցենք բոլոր այն ուժերին, որոնք ձգտում են, որ մեր երկրում լինեն պրոֆեսիոնալ արդյունավետ իշխանություն, կառավարություն։

Ինչ վերաբերում է «թեժ աշնանը», ապա այդ մասին խոսելն ավելորդ եմ համարում, քանի որ այսօր փոփոխությունները տեղի են ունենում ամենօրյա ռեժիմով։ Մենք մշտապես ու ակտիվորեն աշխատում ենք, և մեր պայքարի արդյունքը մեզ պատկերանում է լուրջ փոփոխությունների հասարակական պատվերի ձևավորման տեսքով։