ՌՈՒՍԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ Է ԵՐԿՐՈՐԴ ԱՐՇԱՎԸ «ԱՐՄԵՆԻԱ» ՋԵՐՄԱՆԱՎԻ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ռուսական աշխարհագրական հանրությունը կազմակերպում է երկրորդ արշավը «Արմենիա» ջերմանավի՝ ռուսական «Տիտանիկ»-ի ուղղությամբ: Այս մասին հայտարարել է ռուսական աշխարհագրական հանրության նախագահ Սերգեյ Շոյգուն, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

Ջերմանավում, տարբեր հաշվարկներով, գտնվել է 10 000 փախստական և վիրավորներ: «Արմենիա»-ն հայտնաբերվել է Ղրիմի ափից 15 մղոն հեռավորության վրա:

Պատասխանելով հարցին, թե արդյոք կորոնավիրուսն ազդել է հանրության ծրագրերի վրա, Շոյգուն նշել է, որ մի քանի ծրագիր հետաձգվել է:

«Ծրագրերն այժմ աստիճանաբար ակտիվանում են: Օրինակ, այս տարի մենք մտադիր ենք երկրորդ արշավը սկսել «Արմենիա»-ի ուղղությամբ: 1941 թվականի նոյեմբերին ֆաշիստները խորտակեցին այն՝ լողացող հոսպիտալը, որը փորձում էր Ղրիմից տեղափոխել բնակիչներին և վիրավոր զինվորներին: Դա ծովային աղետներից ամենախոշորն է, դրա վրա ավելի շատ մարդ է մահացել, քան «Տիտանիկ»-ի վրա»,-ասել է նա գործակալությանը տված հարցազրույցում:

Շոյգուն հաստատել է, որ կա ծրագիր՝ կազմելու այդ ողբերգության զոհերի ամբողջական ցուցակը:

Նա նաև հայտնել է, որ վավերագրական ֆիլմ կնկարահանվի:

«Զոհերի մասին տվյալները տարբեր են՝ 4,5-10 հազար: Այդ պատճառով դիմում եմ նրանց, ում հարազատները զոհվել են «Արմենիա» ջերմանավի վրա. եթե ընտանեկան արխիվներում տեղեկություններ կան, ուղարկեք մեզ փաստաթղթեր, հասցեներ, անուններ»,-ասել է Շոյգուն:

Նա հավելել է, որ հատուկ դրա համար կայք է ստեղծվել:

 «Արմենիա»-ն Սև ծովի համար նախատեսված խորհրդային «Աջարիա» դասի ջերմանավերից մեկն էր, որն արտադրվել էր 1928 թվականին Լենինգրադի Բալթյան նավաշինարանում։ 1941 թվականի նոյեմբերի 6-ի երեկոյան Սեվաստոպոլում գտնվող «Արմենիա» ջերմանավ է բարձրացել մի քանի հազար մարդ՝ քաղաքի բնակիչները, պացիենտներ, բժիշկներ և այլք։ Որոշ հրապարակումների տվյալներով՝ «Արմենիա»-ն դուրս է եկել Սեվաստոպոլի նավահանգստից, մտել Բալակլավա և Յալտա։ Նոյեմբերի 7-ին ջերմանավը ուղևորվել է դեպի Տուապսե և մի քանի ժամից ռմբակոծության է ենթարկվել գերմանական օդուժի կողմից և 4 րոպեում խորտակվել է։ Բոլոր ուղևորներից փրկվել էր մի քանի հոգի։ Խորտակված ջերմանավի որոնողական աշխատանքներն առավել ակտիվորեն անցկացվել են վերջին 20 տարում:

News.am