ՉԲՌՆԵՄ ՈՒ ՊԱՐԱՊՈՒԹՅՈՒՆԻՑ ԳՆԱՄ, ԴԱՌՆԱՄ ԱՇԽԱՐՀԱԶՈՐԱՅԻՆ. ՍԱ ՇԱՐԺԱՌԻԹ ՉԷ
«Աշխարհազոր ստեղծելու գաղափարն ինքնին հիանալի է. ամեն ինչ կախված է նրանից, թե ինչպես դա կիրագործվի»,- «ԳԱ»-ին տված հարցազրույցում արձանագրում է Հայաստանի պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ ԶԱՔԱՐՅԱՆԸ:
-Հայաստանում ստեղծվում է քաղաքացիական աշխարհազոր։ Պաշտպանության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել համապատասխան օրինագիծը: Բայց չէ՞ որ գաղափարը նոր չէ։
-Աշխարհազորի գաղափարը վաղուց է եղել մեր Զինված ուժերի և Պաշտպանության նախարարության ուշադրության կենտրոնում։ Երկար ժամանակ ուսումնասիրվել է այն երկրների փորձը, որտեղ նույնպես սուր է ծառացած անվտանգության ապահովման հարցը, իրականացվել են Հայաստանի համար նպատակահարմար մոդելի որոնումներ։ Գաղափարն առանձնակի ակտիվորեն սկսեց քննարկվել 2016 թվականի ապրիլյան պատերազմից հետո, երբ ժողովուրդը ցույց տվեց պաշտպանությանը կամավոր միանալու պատրաստակամության ամենաբարձր աստիճան։ Ի դեպ, դա ինչ-որ չափով դարձավ ոչ միայն օգնություն, այլև խոչընդոտ զինված ստորաբաժանումների համար։ Հատկապես սահմանամերձ շրջաններում այդպես հաճախ է լինում. քաղաքացիական բնակչությունը նույնպես ոտքի է ելնում ահազանգով, սկսում ինքնուրույն ինչ-որ գործողություններ ձեռնարկել, երբեմն այդ գործողություններն անարդյունավետ են, երբեմն՝ շատ վտանգավոր, երբեմն՝ օգտակար։
Իհարկե, ցանկացած թյուրիմացությունից խուսափելու լավագույն միջոցը նախապես զորահավաքի ռեսուրս պատրաստելն է, մարդկանց այնպես ուսուցանելը, որ նրանք կարողանան լուծել իրենց առջև դրված խնդիրները։ Դա բավական երկար գործընթաց է. կարծում եմ, աշխարհազորի ստեղծումը կտևի առնվազն 5 տարի։ Ժամանակ ու մեծ աշխատանք է պետք օպերատիվ ու արդյունավետ գործող կամավորական ստորաբաժանումներ կազմավորելու համար, հատկապես տեղական ինքնակառավարման մարմինների տանիքի տակ դրանց ձևավորման համատեքստում։ Այստեղ չափազանց կարևոր են մանրամասները. կարևոր է, թե ինչ սկզբունքներ են դրվելու աշխարհազորի հիմքում, ինչ շարժառիթներ պետք է ունենան աշխարհազորայինները, որ շրջանում պետք է ներգրավվեն ռազմական գործողություններում։ Չափազանց շատ են հարցերը, որոնց լուծումից է կախված արդյունքը։ Բացի այդ, ծայրաստիճան կարևոր է, որ աշխարհազորայինները ոչ մի կերպ ներքաշված չլինեն ներքաղաքական գործընթացներում։ Բազմաթիվ երկրներում կա ներքաղաքական հարցերի լուծման համար իշխանության կողմից աշխարհազորայինների օգտագործման բավական դառը փորձ։ Ինչը խիստ բացասաբար է ազդում առաջին հերթին հենց աշխարհազորայինների վրա։
-Իսկ ինչպե՞ս խուսափել դրանից:
-Օրենքում պետք է անպայման ամրագրված լինի, որ աշխարհազորը ոչ մի դեպքում, ոչ մի պարագայում չպետք է միջամտի ներքաղաքական գործընթացներին, ներքաղաքական պայքարին։ Անչափ կարևոր է նաև, թե սպայական ինչ կազմ է զբաղվելու աշխարհազորայիններով։ Գաղափարն ինքնին գեղեցիկ է. ամեն ինչ կախված է նրանից, թե ինչպես դա կիրականացվի: Եթե մենք դրա մասին խոսում ենք «Ազգ-բանակ» հայեցակարգի համատեքստում, ապա այստեղ տեղին է հիշել Վազգեն Սարգսյանի խոսքերը, որը ժամանակին բազմիցս նշել է, որ հենց այդպես էլ մենք պետք է ապրենք՝ որպես «մեկ ազգ, մեկ բանակ»։ Այսինքն Հայաստանում ապրող յուրաքանչյուր ոք պետք է իմանա, որ ինքը բանակի մասն է։ Եվ միայն նման մոտեցման դեպքում մենք կարող ենք միավորվել ու առավելագույնս գրագետ լուծել անվտանգության խնդիրները։
-Ի սկզբանե այն հարցին, թե արդյոք աշխարհազորի կազմավորումը նշանակում է զենք տալ քաղաքացիական բնակչությանը, պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հայտարարեց, որ այն պահեստազորայիններին, որոնք առողջ են, ուժեղ, հայրենասեր և պատրաստ պաշտպանելու հայրենիքը, կտրվեն զենք և համապատասխան հրահանգներ: Իսկ տվյալ փաստի հետ կապված որոշակի մտավախության առնչությամբ Տոնոյանը նշեց, որ խոսքը հասարակության ռազմականացման մասին չէ. «Անհանգստանալու ոչինչ չկա, դրանք մեր կողքին ապրող նույն մարդիկ են, որոնք կընդգրկվեն երկրի պաշտպանության և պաշտպանունակության ամրապնդման գործում», - ասաց Տոնոյանը: Տարօրինակ փաստարկ է. չէ՞ որ մեր կողքին ապրում է ով ասես: Ի վերջո, մեր կողքին ապրում են նաև հանցագործներ, մոլագարներ ու մարդասպաններ…
-Հասկանալի է, որ անզեն աշխարհազորայիններն աշխարհազորային չեն։ Նրանք, իհարկե, պետք է զենք ունենան։ Երբ ես պաշտպանության փոխնախարարն էի, ստեղծվեց հատուկ հանձնաժողով, որը կոչված էր զբաղվելու նման հարցերով։ Մեր ուշադրությունը սևեռվեց նախևառաջ սահմանամերձ շրջանների վրա. ինչպե՞ս անել, որ սահմանամերձ շրջաններում նույնպես քաղաքացիական բնակչությունը կարողանա արագ և արդյունավետ կողմնորոշվել հակառակորդի ագրեսիայի, դիվերսիոն հարձակումների և այլ դեպքերում: Եվ արդեն այն ժամանակ մենք մտածում էինք, թե ինչպես զենք բաժանել, որտեղ, ինչպես հետո հավաքել դա, ինչպես կազմակերպել հսկողությունը՝ զենքի ճիշտ կիրառման համատեքստում, ինչ տույժեր կիրառել կանոնների խախտման դեպքում և այլն։ Բոլոր այս կարևոր կետերը երկար ու մանրակրկիտ ուսումնասիրվել են։ Ես վստահ եմ, որ այսօր Պաշտպանության նախարարության տրամադրության տակ կան արդյունավետ մոդելներ, վաղուց արդեն մշակված։
Եվս մեկ էական կետ վերաբերում է ուսումնական ծրագրերին։ Աշխարհազորայինների պատրաստումը պետք է իրականացվի պատշաճ մակարդակով, և հատուկ ուշադրություն պետք է հատկացվի այն մարդկանց շարժառիթներին, որոնք ցանկանում են մտնել աշխարհազորայինների շարքեր։ Շարժառիթը ոչ մի դեպքում չպետք է լինի «չբռնեմ ու պարապությունից գնամ, դառնամ աշխարհազորային. եթե լավ լինի՝ կմնամ, լավ չի լինի՝ ուրիշ զբաղմունք կգտնեմ» ոգով։ Աշխարհազորայիններ պետք է դառնան օրինավոր, ազնիվ, հայրենասեր, պատասխանատու քաղաքացիները, որպեսզի արդյունքում չստանանք անբանների մի այնպիսի խաժամուժ, որից առանձնակի օգուտ չկա։
-Ինչպե՞ս ստուգել շարժառիթը:
-Շատ բան է կախված, ինչպես արդեն ասացի, սպայական կազմից, աշխարհազորայինների հրամանատարությունից, որոնք էլ կընտրեն, թե ով է համապատասխանում, իսկ ով՝ ոչ։ Դուք իրավացի եք, երբ ասում եք, որ ամեն տեսակի անբանների ու քրեական տարրերի մոտ կարող է ցանկություն առաջանալ ընդգրկվելու աշխարհազորում՝ պարզապես զենք ստանալու համար։ Իսկապես, այստեղ չափազանց շատ են նրբությունները, որոնք պետք է հաշվի առնել: Իսկ գլխավորը աշխարհազորայինի կարգավիճակի, այդ ստորաբաժանումների կարգավիճակի հարցն է, իրավաբանական պատասխանատվությունն ու կադրերը։ Կադրերն են վճռում ամեն ինչ. եթե հավաքագրեն, կրկնում եմ, պատասխանատու, ազնիվ, իրենց առջև դրված խնդիրները կատարելու պատրաստ մարդկանց, հիանալի է, եթե ոչ, ապա ավելի լավ է զերծ մնալ այդպիսի աշխարհազոր ունենալուց։