ՄԵԿ ՄԻԼԻԱՐԴ ՆՍՏԱԾ ՁԱԽՈՂՈՒՄ
Հայաստանի առողջապահության նախարարությունը մանրամասն ֆինանսական հաշվետվություն է ներկայացրել 2020 թվականի մարտի 1-ից մինչև սեպտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում կորոնավիրուսի կանխարգելման, վերահսկման և բուժման համար ծախսված միջոցների մասին:
Ըստ հաշվետվության՝ այդ ընթացքում ծախսվել է մոտ 11,5 մլրդ դրամ, հաղորդում է Sputnik Armenia-ն։
ԲԱՅՑ ԱՆՀՆԱՐ Է ԼՌԵԼ. ընդհանուր առմամբ 23,6 մլն դոլար գումարն այնքան էլ մեծ չէ նման մասշտաբային քայլերի իրականացման համար։ Մասշտաբն իսկապես վիթխարի է, եթե դատենք Առողջապահության նախարարության վերահսկողության և բուժման շահառուների թվաքանակից։ Իսկ ծախսերը, կրկնեմ, բավական համեստ են։ Ըստ էության, եթե հաշվի առնենք, որ երկրում ավելի քան 44 հազար մարդ վարակվել է վիրուսով, ապա մեկ մարդու վրա միջին հաշվարկով ծախսվել է 500 դոլարից քիչ ավելի: Իսկ եթե նկատի առնենք, որ նշյալ գումարի մեջ մտնում են նաև կանխարգելիչ միջոցառումների ծախսերը, իսկ դրանք վերաբերում են արդեն երկրի ողջ բնակչությանը, ապա կորոնավիրուսային պայքարի շրջանակներում Առողջապահության նախարարությունը բնակչության ամեն շնչի վրա ծախսել է ընդամենը 7,8 դոլար։ Համաձայնեք, կարող էր և ավելի շատ լինել։ Ասենք, այդ միջոցառումների արդյունավետությունն էլ կարող էր ավելի բարձր լինել։ Այնքան բարձր, որ երկիրը կարողանար խուսափել կորոնավիրուսի ավելի քան 1000 զոհերից։
Այս խորապատկերին շատ ավելի տպավորիչ է կորոնավիրուսային ժամանակաշրջանին վերաբերող մեկ այլ թիվ։ Ահա ուրեմն, մարտի 1-ից մինչև օգոստոսի 1-ը (օգոստոսի տվյալները դեռևս չեն հրապարակվել Ֆինանսների նախարարության կողմից) Հայաստանի պետական պարտքն աճել է 589 միլիոն դոլարով, իսկ միայն արտաքին պարտքը՝ 327 միլիոնով։ Նշենք, որ հուլիսի 31-ի դրությամբ Հայաստանի պետական պարտքը կազմել է 7 մլրդ 939 մլն դոլար, իսկ արտաքին պարտքը՝ 5 մլրդ 576 մլն դոլար: Այսպիսով, բնակչության մեկ շնչի հաշվով նշված ժամանակահատվածում պետական պարտքն աճել է 196 դոլարով։
Այժմ դիտարկենք այս իրավիճակը կորոնավիրուսային և սոցիալ-տնտեսական ճգնաժամի ժամանակաշրջանում պայմանական միջին վիճակագրական քաղաքացի-հարկատուի տեսանկյունից։ Մի կողմից՝ նա տեսնում է, որ կառավարությունը, ի դեմս Առողջապահության նախարարության, իր առողջության (բուժման, կանխարգելման, վերահսկողության) վրա ծախսել է ընդամենը 7,8 դոլար։ Մյուս կողմից՝ նույն այդ ժամանակահատվածում ծանրաբեռնել է իրեն 196 դոլար լրացուցիչ պարտքով, հասցնելով իր ընդհանուր պարտքը 2646 դոլարի։ Հանուն արդարության նշենք, որ նա (միջին վիճակագրական քաղաքացին) պետք է հաշվի առնի նաև այն, որ կառավարությունը կորոնավիրուսային ֆորս-մաժորի պայմաններում իր կյանքը հեշտացնելու համար նշված ժամանակահատվածում ծախսել է 100 դոլար՝ գանձարանի վրա 300 մլն դոլար նստած հակաճգնաժամային 24 միջոցառումների շրջանակներում։
Բայց նախ՝ իր կյանքն ամենևին չի թեթևացել, քանզի ծրագրերը բացահայտ անարդյունավետ են։ Երկրորդ, նույնիսկ դրանով հանդերձ՝ պարտքի աճը գրեթե կրկնակի ավելի է, քան սոցիալ-տնտեսական և բժշկական պետաջակցության գումարը՝ միասին վերցված: Ակնհայտ է, որ դա չի կարող ուրախացնել միջին վիճակագրական քաղաքացուն և առավելևս վստահություն ներշնչել նրան, թե իր պարտքը բնավ զուր չէ ավելանում, և պետության աճող վարկային պարտավորություններից պետք է կյանքի դրական փոփոխություններ ակնկալել։ Մեզանում ամեն ինչ ճիշտ հակառակն է. պարտքն աճում է, իսկ կյանքը՝ վատթարանում։
Անցած տարվա մարտին, վերադառնալով Բրյուսել կատարած այցից, Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում խոսում էր նոր վարկերի մասին։ Նա հիշեց, որ դեռ պատգամավոր եղած ժամանակ դեմ է քվեարկել բոլոր նոր վարկային համաձայնագրերին։ «Ես ասել եմ, որ, եթե կառավարությանը համարում եմ կոռումպացված, չեմ կարող այդ կառավարությանը վստահել որևէ միջոցի, առավելևս վարկային միջոցի ծախսումը»,- այն ժամանակ նշեց Փաշինյանը: Այդ կարծիքն, իհարկե, փոխվել է, և Փաշինյան-վարչապետին մտահոգում էին արդեն այլ հարցեր, որոնք նա հնչեցրեց այդ նիստում. «Նախ՝ արդյոք կարողանո՞ւմ ենք ստեղծել համակարգային երաշխիքներ, որ ընդհանրապես պետական և, առավելևս, վարկային միջոցները ծախսվեն նպատակային, և եթե կարողանում ենք, արդյոք ո՞րն է այն պայմանը և սահմանագիծը, չափաբաժինը, որտեղ մենք կարող ենք պետական պարտքի մակարդակը պահել կառավարելի, առանց հավելյալ վտանգների։ Այսինքն որպեսզի դա իրականում Հայաստանին բերի օգուտներ»։
Թե ինչ պատասխան ստացավ Փաշինյանն այդ հարցերին, դժվար է ասել։ Բայց այդ ժամանակից ի վեր Հայաստանի պետական պարտքն աճել է ավելի քան 1 միլիարդ դոլարով (2019-ի մարտին այն կազմել է 6 մլրդ 933 մլն դոլար, 2020-ի օգոստոսին՝ հասել արդեն 7 մլրդ 939 մլն դոլարի)։ Իսկ արտաքին պարտքն այդ ժամանակահատվածում աճել է 626 միլիոնով։ Ինչ վերաբերում է սահմանագծին, ապա, դատելով այդպիսի ահռելի աճից, այս կառավարության համար ռիսկի սահմաններ գոյություն չունեն։ Հայաստանի կառավարության վարկային-պարտքային սանձարձակ գործելակերպը վստահորեն տանում է երկիրը դեպի դեֆոլտ, ՀՆԱ-ի 50 տոկոսի վտանգավոր մակարդակը մենք արդեն հաղթահարել ենք։ Իսկ ինչ վերաբերում է օգուտին, ապա ավելի ճիշտ կլիներ, եթե տվյալ հարցին պատասխաներ նա, ով պետք է տեսներ այդ օգուտը. միջին վիճակագրական հարկատու-պարտապանը։ Նա հաստատ կարող է օբյեկտիվորեն գնահատել պետության վրա մեկ միլիարդ դոլար նստած «օգուտները»։