ՕՊՏԻՄԱԼԱՑՈՒՄ ՎՆԱՍԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՆՇԱՆՈՎ, կամ՝ ԻՆՏՈՒԻՑԻԱՆ ԽԱԲԵՑ

Արդեն մեկուկես տարի է, ինչ Հայաստանի կառավարությունն ապրում է կրճատ կազմով։ Ինչպես հայտնի է, «թավշե» իշխանությունը որոշեց, որ 17 նախարարությունները մեծ ճոխություն են մեզ համար և ազատվեց դրանցից 5-ից։ Այդ կրճատման հիմնավորումներ ժամանակին շատ էին ներկայացվում, բայց դրանց էությունը հանգում էր հետևյալին. օպտիմալացման միջոցով բարձրացնում ենք արդյունավետությունը։ Ի վերջո, չնայած հասարակական դիմադրությանն ու փորձագիտական հանրության տարակուսանքին, ծավալեցին նախարարությունների միաձուլման և կլանման գործընթացը: Ընդհանուր առմամբ կարծես թե մի լավ «օպտիմալացրեցին»։ Սակայն արդյունավետության բարձրացման առումով ինչ-որ բան ակնհայտորեն սխալ ընթացավ։

Համենայն դեպս դժվար թե այսօր կարելի է առանց հեգնանքի խոսել այն մասին, թե, ասենք, Սփյուռքի նախարարությունից ազատվելն ամրապնդել է Հայաստան-Սփյուռք կապը, թե ամբողջ նախարարությանը փոխարինած Սփյուռքի հարցերով հանձնակատարն այս ոլորտում պետական քաղաքականության արդյունավետության հրաշքներ է գործում: Եթե, իհարկե, խոսքը փլուզման ու կազմաքանդման գործընթացի ՕԳԳ-ի մասին չէ։ Այդտեղ Զարեհ Սինանյանն անում է այն, ինչը նախկին Սփյուռքի նախարարությունն ամենամղձավանջային երազում անգամ չի տեսել. պայքարում է հայկական պետության մոնոէթնիկության դեմ և փորձում բնակեցնել երկիրը այլ ժողովուրդների ներկայացուցիչներով։ Եվ դա, նկատեք, ոլորտում իրականացվող այսօրվա քաղաքականությունն է, որը փոխարինելու է եկել, ասենք, այնպիսի ծավալուն ծրագրին, ինչպիսին էր «Արի տուն»-ը։ Այո, օպտիմալացման տարր այստեղ առկա է. պետական ուղեգիծը մի ողջ նախարարության փոխարեն նախորոշում է մեկ մարդ։ Բայց ահավասիկ այդ ուղեգծի արդյունավետությունը մեր ազգային, պետական, հասարակական շահերի տեսանկյունից ոչ թե պարզապես զրոյական է, այլ ընդհանրապես՝ մինուս նշանով։ Չենք խոսում արդեն այն մասին, որ պարզապես արտառոց է Հայաստանը բազմազգ երկիր դարձնելու գաղափարներն առաջ տանել հայկական Սփյուռքի հետ տարվող աշխատանքի ձևաչափով, որի համար էթնիկ պատկանելությունն առանցքային նշանակություն ունի։

Պետական կարգավորման օպտիմալացնող արդյունավետության վերելքով, թերևս, աչքի չընկավ նաև էներգետիկայի ոլորտը։ Համապատասխան նախարարությունը լուծարվեց, իսկ դրա գործառույթները փոխանցվեցին Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը։ Այս համատեքստում պետք է ուշադրություն դարձնել առնվազն երկու փաստի։ Նախ՝ գազի վերաբերյալ հայ-ռուսական բանակցություններն ավարտվեցին բացարձակ ձախողմամբ։ Երկրորդ, ռուսական կողմի հետ չհաջողվեց համաձայնության գալ ՀԱԷԿ-ի վերանորոգման համար վարկի վճարումների ժամկետը երկարաձգելու շուրջ, արդյունքում հայկական ատոմակայանի 130 միլիոն դոլարի վարկը պետք է հատկացնի առանց այդ էլ աղետալի վիճակում գտնվող ՀՀ բյուջեն։ Նկատենք, երկու դեպքում էլ խոսքը բանակցությունների ձախողման մասին է, ինչը հաստատ չի վկայում կառավարության էներգետիկ ոլորտի համար պատասխանատու ստորաբաժանման աշխատանքի արդյունավետության աճի մասին։ Դա ամենևին չի նշանակում, որ եթե Հայաստանի կառավարության կառուցվածքում լիներ էներգետիկայի ինքնուրույն նախարարություն, ապա կստեղծվեր այլ, մեզ համար ավելի բարենպաստ իրավիճակ։ Պարզապես, նախ՝ Էներգետիկայի նախարարության լուծարումն այնուամենայնիվ բացահայտ գերակա ոլորտի նկատմամբ պետական վերաբերմունքի անգերակայության նշան է։ Երկրորդ՝ ուրիշ ինչո՞վ է չափվում կառավարության ստորաբաժանումների միաձուլման արդարացված լինելը, եթե ոչ ոլորտի ձախողումներով ու հաջողություններով։ Ահա ուրեմն, էներգետիկայի մասով առանձնակի հաջողություններ, ավաղ, չեն երևում։ Իսկ այ ձախողումներն ակներև են։

Ասենք, այսօր համավարակի եվ դրանից բխող ահռելի խնդիրների պայմաններում, որոնք վերաբերում են երկրի պարենային անվտանգությանը, օպտիմալացման արդյունավետության համատեքստում առանձնակի ուշադրության է արժանի հայկական իշխանության անցած տարվա հրաժարումը Գյուղատնտեսության նախարարությունից։ Ուղիղն ասենք. այդ նախարարության ներառումն Էկոնոմիկայի նախարարության կազմում բնավ չբարելավեց ագրարային ոլորտի վիճակը։ Եվ դա հատկապես նկատելի է հենց այսօր առավելագույնս արդիական պարենային անվտանգության համատեքստում, որի ցուցիչը երկրի ինքնապահովման մակարդակն է առաջին անհրաժեշտության մթերքներով։

Առաջին հերթին նշենք, որ 2019 թվականի արդյունքներով առաջին անհրաժեշտության ապրանքներով ինքնաբավության մակարդակը կազմել է 52,5%: Այդ թիվը զգալիորեն նվազել է մի քանի տարի առաջ առկա ցուցանիշի համեմատ։ Մասնավորապես, 2014-ին այն կազմել է 60%։ Միտումն այս, համաձայնեք, մտահոգիչ է։ Առանձին ապրանքների պարագայում՝ առավելևս։ Օրինակ, եթե 2014-ին ցորենի մասով ինքնապահովման մակարդակը մեզանում կազմում էր 48%, ապա 2019-ին՝ ընդամենը 30,7%։ Եթե բուսայուղի մասով այդ ցուցանիշը 2014-ին կազմում էր 13,2%, ապա 2019-ին՝ ընդամենը 1,4% ։ Եթե 2014-ին մենք ինքնապահովված էինք շաքարով 93,1%-ով, ապա 2019-ին՝ 76,4%-ով։ Այս ամենը վկայում է այն մասին, որ վերջին տարիներին պարենային անվտանգության և ինքնապահովման առումով ակնհայտ է հետընթացը, ընդ որում տեղ-տեղ՝ վիթխարի։

Բայց քանի որ տվյալ դեպքում խոսքը տխրահռչակ օպտիմալացման ու դրա պտուղների մասին է, ապա աչքի անցկացնենք, թե ինչպես են փոխվել նման բնութագրիչներն անցած տարվա ընթացքում՝ նախորդ տարիների համեմատ։ Ահա ուրեմն, ինքնաբավության մակարդակի անկում է գրանցվել ցորենի, կարտոֆիլի, բանջարեղենի, բուսայուղի, կաթի և այլ մթերքների պարագայում։ Մի շարք դեպքերում անկումը մեծ է, իսկ որոշ դեպքերում՝ աննշան: Բայց, այսպես թե այնպես, այդ բնութագրիչները ոլորտում իրականացվող պետական քաղաքականության արդյունավետության ցուցիչներ են։ Եվ դրանք (ցուցիչները) մինուս նշանով են

Ավելի քան մեկ տարի առաջ Արդարադատության նախկին նախարար Արտակ Զեյնալյանը, խորհրդարանում ներկայացնելով կառավարության կառուցվածքի փոփոխության նախագիծը՝ նախարարությունների կրճատումներով ու միաձուլումներով, խոսեց տվյալ մոդելի կանխատեսվող արդյունավետության մասին, նշելով, թե այդ տարբերակն առաջարկելիս հեղինակներն առաջնորդվել են համոզմունքներով, զգացողությամբ ու ինտուիցիայով: Այսօր կարելի է արձանագրել, որ համոզմունքները թյուր էին, զգացողությունը՝ գերագնահատված, իսկ ինտուիցիան խաբեց։ Կառավարության կազմում կատարված փոփոխությունները ոչ միայն անպտուղ ու անարդյունավետ գտնվեցին, այլև բացահայտ վնասակար, պետության ու հասարակության համար վտանգավոր։

Основная тема:
Теги: