Հագուստ ներկրողները պահանջում են հետաձգել մաքսազերծման մեթոդների փոփոխությունը

Հագուստի ներմուծմամբ զբաղվող տնտեսվարողներն այսօր կրկին հավաքվել են կառավարության դիմաց: Նրանք պահանջում են հետաձգել հագուստի մաքսազերծման մեթոդների փոփոխությունը մեկ տարով և իրենց ժամանակ տալ:

Հիշեցնենք, որ փոփոխության համաձայն, այլևս չի լինելու կիլոգրամով մաքսազերծում, հաշիվ ապրանքագրում պետք է նշված լինի ապրանքի ստույգ քանակը, գինը, անվանումն ու մոդելը։ Ինֆորմացիայի թերի հայտարարագրումը կբերի վարչարարության կիրառման: Փոփոխության արդյունքում ներմուծողներն ասում են, որ ապրանքի մաքսային արժեքն ավելանում է շուրջ 6 անգամ:

Երեկ լրագրողների հետ զրույցում ՊԵԿ նախագահի տեղակալ Շուշանիկ Ներսիսյանն, անդրադառնալով հարցին, նշել էր, որ գների բարձրացումը մոտավորապես 1.5-ից 2 անգամ է լինելու, 6 անգամի մասին խոսք լինել չի կարող: Բայց ցուցարարները հակադարձում են.

«Մաքսազերծել ենք՝ 54 հազար դրամը դարձել էր 316 հազար՝ 6 անգամ ավելի: Այսօր էլ նույն վիճակն է: Տիկին Շուշանիկը մեկնաբանեց, որ մաքսայինի աշխատողները գներին չեն տիրապետում, բայց նրանք բացեցին օրենքը՝ նույն վիճակն է, ոչինչ չի փոխվել: Ժամը 10.30-ի տվյալներով՝ ես միակ մարդն եմ եղել մաքսայինում», տեղեկացնում է Aysor.am։