Ռոբերտ Քոչարյան. ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԸ ՁևԱՓՈԽԵԼ ԵՆ «ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ» ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը «Հաղթանակած» նախաձեռնության շրջանակում հյուրընկալվել է երիտասարդության ներկայացուցիչների մոտ: Հանդիպումն անցկացվել է ոչ ֆորմալ ձևաչափով՝ խարույկի մոտ: Նախկին նախագահն իր տեսակետն է հայտնել որոշ թեմաների շուրջ՝ պատասխանելով երիտասարդների հարցերին:
Բացելով հանդիպումը՝ նախկին նախագահը նշել է, որ իր նախագահության օրոք պարբերաբար հանդիպել է երիտասարդության հետ: «Խոստովանեմ, որ ինձ համար այս հանդիպումներն ամենահետաքրքիրն էին: Սակայն այդ պահից տարիներ են անցել: Գիտնականներն ասում են, որ երիտասարդությունը փոխվել է, փոխվել է աշխարհը: Նոր տեխնոլոգիաները ձևավորում են նոր երիտասարդություն: Չգիտեմ՝ որքանով եք դուք փոխվել, որքանով եք նման այն երիտասարդությանը, որի հետ ես շփվել եմ: Ուրախ եմ այստեղ գտնվել, հատուկ էներգիա զգացի: Այսօրվա սերնդի մասին գիտնականները հետաքրքիր բաներ են գրում: Այնպիսի բաներ, որոնց դժվար ես հավատում»,-նշել է նախկին նախագահը՝ հավելելով, որ գիտնականները ներկայիս երիտասարդությանն անվանում են «զեթ» կամ «զումմեր» սերունդ:
Զուգահեռներ անցկացնելով իր մանկության հետ՝ Ռոբերտ Քոչարյանը նշել է, որ իր ժամանակ դպրոցում հիմնական ուշադրությունը դարձնում էին տեղեկությունը հիշելու վրա: «Մեզ տալիս էին անգիր անել մեծ տեքստեր: Գիտելիքը որոշվում էր նրանով, թե ինչ ծավալի ինֆորմացիա ես պահպանում գլխիդ մեջ: Այսօր կան սմարթֆոններ, և անիմաստ է այդ ինֆորմացիան գլխի մեջ պահելը: Ձեր սերունդը գիտի՝ որտեղ պետք է գտնի տեղեկությունը, և վայրկյաններ անց գտնում է: Սա հետաքրքիր կերպով փոխում է մտածելակերպը: Ֆեյսբուքում հարյուրավոր ընկերների գրանցման հնարավորությունը հանգեցրեց նրան, որ երիտասարդ սերնդի մոտ փոխվեց ընկերության մասին պատկերացումը: Այսօր կարելի է ընկերներին ջնջել, և վերջ: Իսկ մենք չենք կարող պարզապես ջնջել մարդուն, ում հետ երկար ճանապարհ ենք անցել, ավագ սերունդն ընկերությունն այլ կերպ է պատկերացնում: Անձնական շփումը հատուկ ամրություն է հաղորդում ընկերությանը: Իմ պատկերացմամբ կարելի է շփվել 3-4, 10 կամ ավելի՝ 50 մարդու հետ: Այսօր սոցցանցերը թույլ են տալիս շփվել հարյուրավոր մարդկանց հետ, և վիրտուալ աշխարհը խառնվել է իրականության հետ, իսկ ընկերություն բառը ձևափոխվում է»,-նշել է նախկին նախագահը:
Ժողովրդին նախ պետք է կերակրել, ապա` խոսել նրանց հետ բարձր մատերիաների մասին
Ռոբերտ Քոչարյանն իր իշխանության օրոք ամենակարևոր քայլը համարում է տնտեսական քաղաքականությունը: Այս մասին նա ասել է «Հաղթածները» նախաձեռնության շրջանակներում երիտասարդության ներկայացուցիչների հետ հանդիպմանը:
«Այն ժամանակ ես ամենակարևոր քայլը տնտեսական քաղաքականությունն էի համարում: Այն ժամանակ մենք ընդամենը 300 միլիոն բյուջե ունեցող երկիր էինք, ՀՆԱ-ն` 1 միլիարդ 800 միլիոն, մեկ շնչի հաշվով` 560 դոլար: Նման աղքատության մեջ խոսել ինչ-որ վեհ գաղափարների, ժողովրդավարության, ազատությունների մասին... Խնդիրն առաջին հերթին մարդկանց կերակրելն էր, կենսամակարդակն այնպիսի աստիճանի հասցնելը, երբ մյուս քայլերն ավելի պարզ կլինեն»,- նշեց նախկին նախագահը:
Կարևորն այն զգացողությունն է, որ արել եմ այն, ինչ կարող էի, իսկ բոլորի համար լավը լինել անհնար է
Ես երբեք PR-ով չեմ զբաղվել: Ես միշտ խնայել եմ ժամանակը կատարված աշխատանքը լուսաբանելու համար: Այս մասին «Հաղթածները» նախաձեռնության շրջանակներում երիտասարդության ներկայացուցիչների հետ հանդիպմանն ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը` պատասխանելով իր դեմ հակաքարոզչության մասին հարցին:
«Վերջերս իմ հարցազրույցներից մեկից հետո հայտնի քաղաքական գործիչներից մեկն ասաց ինձ. «Ռոբերտ, ինչու՞ PR-ով չես զբաղվել»: Չեմ զբաղվել, քանի որ չէի ուզում ժամանակ վատնել: Երկիրը զարգանում էր արդեն 10 տարի, տնտեսական աճի միջին տեմպը 10.5 տոկոս էր: Այդ ժամանակ աշխարհում այդպիսի 5 երկիր կար: Մենք հնգյակում էինք: Անցած յոթ տարվա ընթացքում տարեկան աճի տեմպը 12.5 տոկոս է կազմել: Օրինակի համար` այս տարվա բյուջեն 4.9 տոկոս է` 5 տոկոսից պակաս, և ասում են, որ դա թռիչքային աճ է: Ինձ համար դա ամոթալի ցուցանիշ կլիներ, ամոթ կլիներ դուրս գալ մարդկանց մեջ: Բայց մենք չէինք խոսում` կարծելով, որ նախ պետք է աշխատել, իսկ մարդիկ հետո դա կգնահատեն: Ես բնույթով մի փոքր կոշտ եմ: Ես չեմ կարող սենտիմենտալ ելույթներ ունենալ, ձևացնել»,- ասաց Քոչարյանը:
Ըստ նրա` հավանաբար ձեռքբերումները ցույց տալու իր անկարողությունն էր «լեգենդների» հայտնվելու պատճառ դարձավ: «Եվ հետո: Առաջին օրվանից ես նպատակ չէի դնում ընդմիշտ իշխանություն մնալ: Ես կարծում էի, որ ժամկետը կավարտվի, ես կհեռանամ: Թող մտածեն այն, ինչ ուզում են: Կարևորն այն է, որպեսզի ինքդ համոզված լինես, որ արել ես այն ամենը, ինչ կախված է եղել քեզանից: Ինչպես ասում է հռոմեական ասացվածքը` արեցի այն, ինչ կարող էի, և ով կարող է, թող ավելի լավ անի: Կսիրեն, թե ոչ, կընդունեն, թե ոչ` Աստված իրենց հետ: Հնարավոր չէ լավը լինել բոլորի համար: Կարևորն այն է, որ հաջողվեց փաստացի փոխել իրավիճակը երկրում»,- եզրափակեց նախկին նախագահը:
COVID-ը չպետք է վերածվի պարանոյայի
Անհրաժեշտ է ինչ-որ օպտիմալ լուծում գտնել դպրոցական դասերի վերսկսման համար: Այս մասին «Հաղթածները» նախաձեռնության շրջանակներում երիտասարդության ներկայացուցիչների հետ հանդիպմանն ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը` պատասխանելով հեռավար դպրոցական կրթության մասին հարցին:
«Երբ թոռնիկներիցս հարցնում եմ` դուր է գալիս առցանց դասեր, թե ոչ, նրանք ասում են, որ կարոտում են դպրոցը: Հավանաբար, մենք պետք է ուղիներ գտնենք` նույնիսկ համավարակի պայմաններում դպրոցում դասեր անցկացնելու համար` եթե ոչ ամբողջ շաբաթ, ապա մի քանի օր` համատեղելով առցանցի հետ: Այժմ մտածում են նման ինչ-որ միքսի մասին, որպեսզի երեխաների միջև անմիջական հաղորդակցությունը չընդհատվի: Ընդհանրապես, դպրոցն ու մանկապարտեզը ոչ միայն գիտելիքներ ստանալու տեղ են: Դա սոցիալական հաղորդակցության փորձառություն է: Թվում է, թե ժամանակակից սերունդն ավելի շատ հնարավորություններ ունի շփման համար: Իրականում, երբ դրան այլ տեսանկյունից նայենք, այն ավելի միայնակ է, քանի որ կապի զգալի մասն առցանց է: Մեծ սխալ կլիներ էլ ավելի կրճատել առերես շփումները: COVID-ը չպետք է սոցիալական պարանոյա դառնա: Իհարկե, պետք է պաշտպանվել, փորձել նվազագույնի հասցնել: Բայց դա չպետք է կյանքն այնպես վերափոխի, որ դեֆորմացնի հոգեկանը»,- ասաց նախկին նախագահը:
Ադրբեջանը փորձում է հերքել վերջին 30 տարվա իրողությունները
Ադրբեջանը փորձում է հերքել վերջին 30 տարվա իրողությունները։ Այս մասին հայտարարել է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը «Հաղթածները» նախաձեռնության շրջանակում երիտասարդության ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ։
«Անկեղծ ասած՝ ես առաջիկայում ղարաբաղյան հակամարտության լուծման ոչ մի տարբերակ չեմ տեսնում։ Վերջերս ես դա ստիպված էի ասել հարցազրույցներից մեկում։ Ադրբեջանական կողմը հերքում է վերջին 30 տարվա իրողությունները։ Բայց անհնար է հաշվի չառնել փաստերը։ Արցախի ստեղծման իրավական հիմքերն անթերի են։ Կա Արցախի անկախության փաստը, 2 օր առաջ այն նշեց անկախության 29-ամյակը։ Մտածել, թե այս ամենը կարելի է հետ շրջել, չի ստացվի։ Ղարաբաղում մեծացել է մարդկանց 2 սերունդ՝ համոզված, որ նոր պետություն են կառուցում։ Մինչև Ադրբեջանը այս պարզ ճշմարտությունը չհասկանա, առաջընթացն անհնար է։ Մենք ընդհանրապես պետք է ընդունենք, որ սա երկար կտևի, և մեր կյանքը կազմակերպենք ելնելով դրանից։ Եթե հաջողվի ավելի շուտ լուծել, շատ լավ է, բոլորս ուրախ կլինենք։ Բայց մոտեցման ելման կետն այն է, որ սա երկար կտևի»,- նշել է Ռոբերտ Քոչարյանը։
Նախկին նախագահը շեշտել է, որ հակառակորդը պետք է գիտակցի՝ ռազմական ճանապարհով հարցը չի լուծի։ «Այլ բան տրված չէ։ Իսկ դրա համար մենք պետք է հզոր բանակ ունենանք, տնտեսությունը պետք է դինամիկ զարգանա, ազգային բաղադրիչը ուժեղ լինի։ Եթե այս երեք գործոնները մեկ գործոն դառնան, խնդիր չի լինի»,- ամփոփել է նախկին նախագահը։
Զինվորական ծառայությունից խուսափածները տեղ չունեն պետական կառավարման համակարգում
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ցավում է, որ «Ազգ-բանակ» ծրագիրը չի իրականացվել: Նա իր կարծիքը հայտնեց «Հաղթածները» նախաձեռնության շրջանակներում երիտասարդների ներկայացուցիչների հետ հանդիպմանը:
Նախկին նախագահի խոսքով` ինքը համակրում էր ծրագրին: «Ցավոք, այն չիրականացվեց: Հիմա նրանք առաջարկել են աշխարհազորի գաղափարը»,- հայտարարեց նախկին նախագահը` զարմանք արտահայտելով այն փաստի կապակցությամբ, որ վերջերս պաշտպանության փոխնախարարներից մեկը հայտարարեց, որ ինքը ծանոթ չէ «Ազգ-բանակ» ծրագրին (խոսքը Գաբրիել Բալայանի մասին է - խմբ.): «Կարծում եմ, որ երբ նրանք խոսում են աշխարհազորի մասին, նախ պետք է ծանոթանան ծրագրին: Միգուցե հենց դա էր ճիշտ ճանապարհը: Միգուցե անհրաժեշտ չէ հրաժարվել ծրագրից միայն այն պատճառով, որ գաղափարը հայտնվել է պաշտպանության մեկ այլ նախարարի օրոք:
Սա ինձ համար անհասկանալի մոտեցում է, երբ ճիշտ ուղին մերժվում է միայն այն պատճառով, որ այն չի ծագել քո փայլուն գլխում: Կարծում եմ, որ մենք պետք է գնանք համապարփակ լուծման ուղով: Մեր ուժը կկրկնապատկվի, եթե կարողանանք նման պետություն կառուցել: «Ազգ-բանակ»-ը բացարձակապես չի ենթադրում, որ բոլորը շարայն երթով պետք է քայլեն: Սա բոլորովին այլ լուրջ գաղափարախոսություն է»,- ասաց նախկին նախագահը: Միևնույն ժամանակ, նա արձանագրեց, որ բանակը հասարակության ամենամեծ վստահությունն է վայելում: «Միշտ էլ այդպես է եղել: Քանի որ իրական սպառնալիքը հանգեցնում է նրան, որ բոլորը բնազդաբար հասկանում են` իրենց անվտանգությունը կախված է բանակից»,- ասաց նախկին նախագահը:
Այս կապակցությամբ նա շեշտեց զինվորական ծառայության գրավչության բարձրացման անհրաժեշտությունը:
«Պետությունը պետք է քայլեր ձեռնարկի ծառայությունը խրախուսելու համար: Մարդիկ պետք է հասկանան, որ եթե չեն ծառայել, ապա տեղ չեն գտնի պետական համակարգում, ընդ որում, ծառայությունը պետք է առավելություններ ենթադրի կրթության ոլորտում և այլ արտոնություններ: Այդ կերպ պետությունը ցույց է տալիս, որ հարցն իր համար այնքան կարևոր է, որ պարզապես արգելում է բանակում չծառայածներին պետական պաշտոն զբաղեցնել»,- ասաց Քոչարյանը: Նրա խոսքով` ժամանակին, ըստ էության, այդպես էլ արվել է, թեև օրենքով դա չէր ամրագրվում: «Հիմա ճիշտ հակառակն է: Այնպիսի տպավորություն է, որ բանակում ծառայությունը խանգարում է պաշտոն զբաղեցնել պետական համակարգում, կարիերայի աճ ապահովել»,- ասաց Քոչարյանը:
News.am-ի նյութերով