ԵԱՀԿ-Ի ՈՒ ԵԽԽՎ-Ի ՀԵՏ ՄԵՆՔ ԳՈՐԾ ՉՈՒՆԵՆՔ. ԻՆՉՈ՞Վ ԵՆ ԶԲԱՂՎԱԾ ՌՈՒԲԵՆ ՌՈՒԲԻՆՅԱՆԸ, ՀԱՅԿ ԿՈՆՋՈՐՅԱՆԸ ԵՎ ԱՅԼՔ

Միջազգային քաղաքական կյանքն աստիճանաբար թափ է հավաքում համաճարակի ակտիվ փուլից և ամառային քնափությունից հետո, անցկացվում են տարբեր միջոցառումներ, թեկուզև տեսակոնֆերանսների ռեժիմով։ Ակտիվանում են նաև Եվրոպայի խորհրդի և ԵԱՀԿ-ի Խորհրդարանական վեհաժողովները։ Դեռևս պարզ չէ՝ տեղի կունենա արդյոք ԵԽԽՎ աշնանային նստաշրջանը, թե ոչ, սակայն կոմիտեներն ու հանձնաժողովներն արդեն նիստեր են անցկացնում, որտեղ Ադրբեջանի ներկայացուցիչները, ինչպես միշտ, ջերմեռանդորեն բարձրացնում են Հայաստանի և Արցախի հետ կապված հարցերը։

Այսպես, սեպտեմբերի 3-ին տեղի է ունեցել ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի բյուրոյի նիստը, որի ընթացքում, ինչպես հաղորդում են Բաքվի ԶԼՄ-ները, դրա փոխնախագահ Ազայ Գուլիևն անդրադարձել է ղարաբաղյան հակամարտության շուրջ ստեղծված իրավիճակին և հայտնել ԽՎ նախագահ Գ.Ծերեթելիին ու մի շարք երկրների պատվիրակությունների ղեկավարներին հասցեագրված նամակների մասին: Գուլիևի խոսքերով՝ «այդ նամակներում հակամարտության արդարացի լուծմանն աջակցելու կոչ է բովանդակվում»: Բացի այդ, նա մտահոգություն է հայտնել «Ադրբեջանի Լեռնային Ղարաբաղի գրավյալ տարածաշրջանը հայկական ծագում ունեցող լիբանանցիներով ապօրինի բնակեցնելու Հայաստանի փորձերի» կապակցությամբ և մտավախություններ արտահայտել այդ առնչությամբ:

Հայաստանը ներկայացուցիչ չունի ԵԱՀԿ ԽՎ բյուրոյում (թե ինչու՝ առանձին հարց է), որում ընդգրկված են կառույցի նախագահն ու նրա տեղակալները, ուստի Գուլիևին հակադարձող չի եղել։ Այլ բան է, թե գիտե՞ն արդյոք ԵԱՀԿ ԽՎ-ում հայկական պատվիրակության անդամներն այդ նամակների մասին, ձեռնարկո՞ւմ են համապատասխան քայլեր, որպեսզի դիմակայեն դրանց մեջ անկասկած առկա ստի տարածմանն ու ներկայացնեն իրենց դիրքորոշումը հայկական, այդ թվում՝ խորհրդարանական դիվանագիտության համար կարևորագույն հարցի վերաբերյալ։ Մեծապես կասկածում ենք։ Համենայն դեպս մամուլում այդ մասին ոչ մի հաղորդագրություն չի եղել, իսկ ԵԱՀԿ ԽՎ-ում հայկական պատվիրակության անդամները բերանը ջուր առած լռում են։

Որպես տեղեկանք. այդ կառույցում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավարը Հայկ Կոնջորյանն է՝ «Իմ քայլից», անդամները՝ իշխող խմբակցության ևս երեք ներկայացուցիչներ, ինչպես նաև «Բարգավաճ Հայաստան» կուսակցության մեկ ներկայացուցիչ, և որպես փոխարինող՝ «Լուսավոր Հայաստան» խմբակցության մեկ անդամ:

Մի քանի օր անց՝ սեպտեմբերի 8-ին, կրկին իսկ ադրբեջանական մամուլում հաղորդագրություն հայտնվեց մեկ այլ՝ Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի քաղաքական և ժողովրդավարության հարցերի հանձնաժողովի նիստի մասին: Ըստ Բաքվի աղբյուրների, տխրահռչակ Թուրալ Գյանջալիևը, որը ներկայանում է իբրև «Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանի ադրբեջանական համայնքի ղեկավար», խոսել է հայ-ադրբեջանական սահմանին հուլիսյան սրացման մասին: Բնականաբար, ռազմական գործողությունները ներկայացվել են որպես «ագրեսիայի նոր ակտ Հայաստանի կողմից», որին «Ադրբեջանը համարժեք պատասխան է տվել՝ օգտվելով ինքնապաշտպանության իրավունքից»։ Այնուհետ սույն պատվիրակը գործի է դրել ադրբեջանական քարոզչության բոլոր հայտնի կաղապարները, մեղադրելով Հայաստանին միջազգային հումանիտար իրավունքի նորմերը խախտելու, ադրբեջանական տարածքները զավթելու, բռնակցելու և այլ մեղքերի մեջ։

Հարց. մասնակցե՞լ են արդյոք նիստին հայ պատգամավորները, պատշաճ պատասխան տրվե՞լ է Գյանջալիևի լպիրշ ստին, կոմիտեի հայաստանյան անդամներից մեկնումեկը բարձրացրե՞լ է, օրինակ, Տավուշի մարզի քաղաքացիական օբյեկտների միտումնավոր հրակոծման կամ ադրբեջանական հատուկ ծառայությունների կողմից առևանգված գյուղացի Նարեկ Սարդարյանի հարցը, որի նկատմամբ կոպտորեն խախտվել է հումանիհար իրավունքը, ճիշտ այնպես, ինչպեսև սպա Գուրգեն Ալավերդյանի, որին մինչ օրս, մոտ 20 օր անց, թույլ չեն տալիս այցելել ԿԽՄԿ ներկայացուցիչներին։ Մասնակցե՞լ է արդյոք նիստին Հայաստանի կողմից կոմիտեի անդամ Ռուբեն Ռուբինյանը, որն ընդ որում նաև ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության, ինչպես նաև ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ղեկավարն է: Նա ելույթ ունեցե՞լ է նիստում, եթե ոչ, ապա ինչո՞ւ։

Եվ կրկին՝ լռություն։ Այդ մասին բացարձակապես ոչինչ չի հաղորդվում ո՛չ մամուլում, ո՛չ էլ Հայաստանի խորհրդարանի կայքում։ Այլ բան չի մնում, քան եզրակացնել, որ Ռուբինյանը պարզապես բաց է թողել նիստը, թույլ տալով ադրբեջանցի պատգամավորին անարգել տարածել ապատեղեկատվությունն ու սուտը։

Ինչպես հաղորդում է ԵԽԽՎ մամլո ծառայությունը, այսօր՝ սեպտեմբերի 10-ին, տեղի է ունենալու կառույցի մեկ այլ՝ մոնիտորինգային կոմիտեի նիստը: «Նիստում քննարկվելու են հուլիսի 12-16-ին Թովուզի ուղղությամբ ադրբեջանական դիրքերը գրոհելու Հայաստանի փորձերը»,- հաղորդում են ադրբեջանական աղբյուրները: Այդ կոմիտեի անդամներ են նույն ինքը՝ Ռուբեն Ռուբինյանը և Էդմոն Մարուքյանը։ Մտադի՞ր են արդյոք նրանք մասնակցել նիստին, թե՞ ներքաղաքական գզվռտոցն ավելի կարևոր է, քան արտաքին քաղաքական գործունեությունն ի շահ պետության։ Վերահսկո՞ւմ է արդյոք Ազգային ժողովի ղեկավարությունը պատգամավորների, հենց նույն Ռուբինյանի կողմից իր անմիջական պարտականությունների կատարումը խորհրդարանական դիվանագիտության ոլորտում։

Ավա՜ղ, կասկածից վեր է, որ ադրբեջանցի պատգամավորներն այս անգամ էլ իրենց միանգամայն անկաշկանդ կզգան ու նույնքան ազատ ու հանգիստ կտիրաժավորեն Հայաստանն ու Արցախը վարկաբեկող սուտը։

Միջազգային տարբեր հարթակներում հայոց խորհրդարանի անդամների նույնիսկ ոչ թե ակտիվ, այլ գոնե որևէ գործունեության խնդիրը բարձրացվում է վաղուց, գրեթե առաջին իսկ օրերից, երբ պարզ դարձավ, որ նրանցից քչերն են տիրապետում անհրաժեշտ գիտելիքների, հմտությունների և գիտակցում այդ աշխատանքի կարևորությունը: Ցավոք, երկու տարվա ընթացքում այդ գիտակցումն այդպես էլ տեղի չունեցավ. ավելին, պետության հաշվին ճամփորդելու հնարավորության ժամանակավոր կորստի հետ մեկտեղ՝ պատգամավորները կարծես թե կորցրել են ամեն տեսակի հետաքրքրությունն իրենց պարտականությունների այս՝ կարևորագույն մասի նկատմամբ։ Թե ինչով է դա սպառնում, կարծում ենք՝ նշելն ավելորդ է։

ԱԺ պատգամավորների, մասնավորապես՝ «Իմ քայլը» խմբակցության ներկայացուցիչների ձայնը չի լսվում ոչ միայն դիվանագիտական դաշտում աշխատանքի պարագայում։ Նրանցից գրեթե ոչ ոք սեփական կարծիք չի հայտնում ինչպես ներքին, այնպես էլ արտաքին բնույթի բազմաթիվ հարցերի առնչությամբ, բացի խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցից և արտառոց արտահայտություններով հանրությանն ապշեցնող ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանից։ Մնացած պատգամավորներն այնքան համառորեն են լռում, որ ակամայից մտածում ես, որ մանդատից զրկելու սպառնալիքով նրանց արգելել են արտահայտվել հասարակությանը հուզող ցանկացած հարցի վերաբերյալ։ Նրանք հանդես են գալիս միայն խորհրդարանական ամբիոնից՝ հլու-հնազանդ կրկնելով կուսակցության դիրքորոշումը, և նույնքան հնազանդ էլ այնուհետ սեղմում կոճակները։

Եվ եթե նախկինում ինքնուրույն մտածելու ունակ առանձին իշխանամետ պատգամավորներ ժամանակ առ ժամանակ այնուամենայնիվ համարձակվում էին մեկնաբանել իրադարձություններն ու արտահայտել սեփական կարծիքը, ապա այժմ «Իմ քայլը» խմբակցությունը դարձել է խոնարհաբար կոճակ սեղմողների բացարձակ անդեմ զանգված, որը մահու չափ վախենում է մտածելուց ու խոսելուց։ Հասկանալի է, որ դրա առանձին անդամների ավելորդ ակտիվությունը, որոնք բազմիցս ցնցել են հանրությանը ինտելեկտի իսպառ բացակայությամբ և պետության օրենսդիր մարմնի անդամի բարձր կարգավիճակին բացարձակ անհամապատասխանությամբ, ստիպել է իշխանություններին պարզապես փակել նրանց բերանը։ Բայց իմքայլականների մեջ կան բնավ ոչ անհույս, միանգամայն կիրթ ու մտածող մարդիկ. ինչո՞ւ են լռում նրանք։ Վախենում են կորցնե՞լ աթոռները, որտեղ այդքան հարմարավետ տեղավորվել են, հեշտությամբ տրվող բարձր աշխատավարձը, մշտական պարգևավճարները, արտասահմանյան շրջագայությունները (որոնք վաղ թե ուշ կվերսկսվեն), բացարձակ անպատասխանատվությունը, արտոնություններն ու այլ բարիքները, որոնք նրանց ճնշող մեծամասնությունը նախկինում երազում անգամ չի տեսել։

Նախորդ խորհրդարանը, այդ թվում նախկին իշխող քաղաքական ուժի խմբակցությունը, նույնպես հարուստ էր պատգամավորներով, որոնց տեղը հաստատ ԱԺ-ում չէր. թե՛ ինտելեկտի, թե՛ աշխատանքի հմտությունների, թե՛ կրթական մակարդակի առումով։ Բայց ներկայիս իշխանական պատգամավորները բազմապատիկ գերազանցել են իրենց նախորդներին, թեև կազմի առումով կարծես թե պիտի գոնե մի քիչ ավելի բարձր լինեին պրոֆեսիոնալ գործունեության առումով։ Լավ, սկզբում փորձ չունեին, բայց անցել է գրեթե երկու տարի, իսկ աշխատանքի որակի ու արդյունավետության բարձրացման փոխարեն՝ Ազգային ժողովը հետադիմում է բառացիորեն աչքներիս առաջ, երկրի համար ստեղծելով բազմաթիվ խնդիրներ, այդ թվում ՝ արտաքին քաղաքականության ոլորտում։

Թեպետ, մեկ հարցում իշխող խմբակցության պատգամավորներին կարելի է համարել չեմպիոններ. նրանք անվերապահորեն ու անարգել դրոշմակնքում են իշխանություններին անհրաժեշտ օրենքները։ Եվ առաջին հերթին՝ նրանք, որոնք բուռն մերժման են արժանանում հայ հասարակայնության գերակշիռ մասի կողմից։ Գուցե հենց դրա՞ համար են նրանց ընտրել։