ՌՈՒՍԱԿԱՆ ԹԱՏՐՈՆԸ ՇՈՒՏՈՎ ՆՈՐ ԲԵՄԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱ ԿՈՒՆԵՆԱ

Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի և «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» ընկերության միջև օրերս ստորագրված պայմանագրով նախատեսվում է թատրոնին աջակցություն տրամադրել ձայնային սարքավորումների ձեռքբերման համար: Այս մասին հայտնում է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մամուլի ծառայությունը:

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը սեպտեմբերի 9-ին ընդունել է կազմակերպության արտաքին քաղաքականության և սոցիալական ռազմավարությունների գծով ղեկավար Ռուզաննա Գրիգորյանին և թատրոնին աջակցելու համար նրան է փոխանցել ՀՀ ԿԳՄՍ նախարարության շնորհակալագիրը՝ ուղղված ընկերության տնօրեն Անատոլի Գոգոտինին: Թատրոնի անունից ընկերության ներկայացուցչին շնորհակալագիր է հանձնել նաև տնօրեն Մարիաննա Մխիթարյանը:

Նախարարի տեղակալ Ա. Խզմալյանը ևս մեկ անգամ շնորհակալություն է հայտնել աջակցության և մշակույթի հանդեպ դրսևորած ուշադրության համար: «Տևական ժամանակ ես նշում էի մշակույթի ապակենտրոնացման անհրաժեշտության մասին, և այն ինչի մասին խոսվում էր, հիմա հնարավորություն ունենք մարզերում փաստացի իրականացնելու: Այս գաղափարի մեկնարկը մենք տվել ենք սահմանամերձ Տավուշից՝ «Թիկունքը՝ մշակույթ» ծրագրով, ինչն ամեն անգամ կիրագործվի տարբեր մարզերում և համայնքներում: Այս նպատակով արդեն քայլեր են ձեռնարկվել նաև բարձրակարգ տեխնիկա ձեռք բերելու ուղղությամբ: Այս առումով ողջունելի է այն փաստը, որ ձեր կազմակերպությունն իր գործունեությունն իրականացնում է նաև մայրաքաղաքից դուրս, որը պետական քաղաքականության գերակայություններից մեկն է»,-եզրափակել է Ա. Խզմալյանը:

«ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» ընկերության ներկայացուցիչ Ռ. Գրիգորյանը ներկայացրել է կազմակերպության գործունեությունը՝ կարևորելով մարզերում մշակույթի սատարմանն ու զարգացմանն ուղղված իրենց ծրագրերը: Նա նշել է նաև այն բազմաբնույթ նախաձեռնությունները, որոնց իրականացման արդյունքում հնարավոր է եղել ներդրումներ կատարել մշակույթի ոլորտում:

«Մենք մեծ պատրաստակամությամբ արձագանքեցինք Հայաստանում ՌԴ դեսպանության խնդրանքին՝ աջակցելու թատրոնի վերազինմանը, և որոշում կայացրինք իրագործել ծրագիրը: Թատրոնը շուտով կունենա ձայնային նոր տեխնիկա. Աշխատանքները ընթացքի մեջ են: Մեր ընկերության առաջիկա պլաններում է նշյալ աշխատանքները հաջորդ տարի ավարտին հասցնել, ինչպես նաև 2021 թվականին հոգալ թատրոնի բեմական լուսավորության սարքավորումների ձեռքբերման հարցը»,- վստահեցրել է ընկերության ներկայացուցիչ Ռ. Գրիգորյանը:

Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի տնօրեն Մ. Մխիթարյանը նշել է, որ թատրոնի տեխնիկան՝ ձայնային սարքավորումները, գտնվում են վթարային վիճակում և այս աջակցության արդյունքում հանդիսատեսը հնարավորություն կունենա տեսնելուառավել որակյալ ներկայացումներ:

«Պետք է նշեմ, որ «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» ընկերության և թատրոնի համագործակցությունը եղել է նաև նախկինում: Իրականացվել են մի շարք համատեղ նախագծեր, այդ թվում՝ աջակցություն «Աբանամատ» /ըստ Ս. Դովլաթովի/ ներկայացման համար»,- ասել է տնօրենը և շնորհակալություն հայտնել թատրոնի ու ընկերության միջև առկա համագործակցության համար:

Основная тема:
Теги: