ՃԳՆԱԺԱՄԱՅԻՆ ՇՐՋԱՆԻ ԹԱՎՇԵ ԳԵՐԱԿԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հայաստանում հայտարարվել է նախագծման մրցույթ՝ հանրապետության Ազգային ժողովի նոր մասնաշենքի կառուցման համար: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ԱԺ աշխատակազմի ղեկավար Տիգրան Գալստյանը, հաղորդում է «Նովոստի-Արմենիա»-ն։
Նա պարզաբանել է, որ մասնագիտական հանձնաժողովը բաղկացած է 10 հոգուց, որոնք ներկայացնում են Հայաստանի քաղաքաշինության կոմիտեն, Ազգային ժողովը, Երևանի քաղաքապետարանը և Ճարտարապետների պալատը: «Գնահատման հիմնական չափանիշը ոչ թե գնային առաջարկն է, այլ մասնագիտական անձնակազմը և մրցույթի հայտով ներկայացվող էսքիզ նախագիծը»,- պարզաբանել է նա:
ԲԱՅՑ ԱՆՀՆԱՐ Է ԼՌԵԼ. երբ 10 տարի առաջ Հովիկ Աբրահամյանը խորհրդարանի նախագահի պաշտոնը ստանձնելուն պես որոշեց ձեռնարկել ԱԺ նիստերի դահլիճի թանկարժեք վերանորոգումն ու վերակառուցումը, նա ենթադրել անգամ չէր կարող, որ տարիներ անց այդ դահլիճում հաճույքով բազմելու են նրանցից շատերը, ովքեր անխնա քննադատում էին իրեն այդ նախաձեռնության համար։ Միևնույն ժամանակ՝ Աբրահամյանի նախաձեռնության քննադատներից շատերն այն ժամանակ երազել անգամ չէին կարող, որ տարիներ անց անձամբ են օգտվելու պատգամավորական աշխատանքի իրենց համար անընդունելի (այն ժամանակ) ճոխ պայմանների բոլոր հաճույքներից։ Բայց կյանքը դաժան բան է, իսկ ճակատագիրը՝ սրիկա. այսօր ձիու վրա ես, իսկ վաղը՝ ձիու տակ, այսօր քեզ համար հարմարավետություն, շքեղ աշխատավայր ես ստեղծում, իսկ վաղը դա հայտնվում է ընդդիմախոսներիդ տրամադրության տակ։
Սա ասում ենք՝ նկատի ունենալով բնավ ոչ այն, թե կարեկցում ենք նախկին խոսնակին։ Եվ ոչ էլ այն, որ նոր-«սպիտակները» լիառատ օգտվում են նախկին-«սևերի» գործունեության պտուղներից։ Պարզապես այստեղ ուշագրավ է մեկ զուգահեռ. պատգամավորական կորպուսի գործունեության պայմանները բարելավելու կոչված նորոգման և շինարարական վիթխարի աշխատանքները չգիտես ինչու սկսվում են այն ժամանակ, երբ հայրենի գանձարանի համար ծայրաստիճան դժվար է ֆինանսավորել դրանք։ Չգիտես ինչու ճգնաժամերի շրջանում պատգամավորների հարմարավետության գերակայությունը սաստիկ սրվում է։ Այն ժամանակ, հիշեցնեմ, գլոբալ ֆինանսատնտեսական ճգնաժամի ամենաթեժ շրջանն էր։
Թե խորհրդարանի ինչին է պետք նոր մասնաշենքը, առանձին հարց է։ Թեև պարզ է, որ առանց այդ էլ ուռճացված աշխատակազմն աճելու է և ընդարձակվելու, իսկ դրա համար լրացուցիչ տարածքներ են պետք։ Պարզ է նաև, որ պատգամավորների, նրանց օգնականների, խորհրդականների, քարտուղարուհիների կողմից նոր աշխատանքային տարածքների յուրացումը չի ավելացնելու օրենսդիր մարմնի աշխատանքի արդյունավետությունը։ Փոխարենը՝ բազմամիլիոնանոց ծախսերն էապես կավելացնեն ճնշումը երկրի բյուջեի վրա, որն արդեն ճռնչում է ծանրության տակ։ Բավական է ասել, որ միայն առաջին կիսամյակում բյուջեի եկամուտները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել են 6%-ով։ Հուլիս-օգոստոս ամիսներին թերալրումը է՛լ ավելի է աճել։
Իսկ ահա եվս մեկ հետաքրքիր հանգամանք, որը վկայում է գանձարանի, մեղմ ասած, ծանր վիճակի մասին. կառավարության վերջին նիստում քննարկվում էր կրթական համակարգի հաստատությունների համար պաշտպանական միջոցների ձեռքբերմանը (խոսքը կորոնավիրուսային պաշտպանության մասին է) գումար հատկացնելու հարցը։ Ահա ուրեմն, այդ քննարկման համատեքստում հնչեց ֆինանսների նախարարի հայտարարությունն այն մասին, որ այս պահին պահուստային ֆոնդը ծանրաբեռնված է։
Ըստ էության, այսօր պետությունը ֆինանսական այնքան լուրջ դժվարություններ ունի, որ դժվարանում է նույնիսկ պահուստային ֆոնդից միջոցներ հատկացնել ուսանողներին, դպրոցականներին, ուսուցիչներին դիմակներով ապահովելու համար։ Բայց ընդ որում այն աստիճան մսխող է, որ պատրաստվում է գումար հատկացնել պատգամավորների և նրանց շքախմբերի բարձր հարմարավետության համար։
Ավարտին է մոտենում երկրում հայտարարված արտակարգ դրության 5-րդ ամիսը։ Սակայն ողջ այդ ընթացքում, դատելով ամենից, իշխանության ներկայացուցիչներն այդպես էլ չգիտակցեցին, որ սոցիալ-տնտեսական կյանքում իրավիճակն իսկապես արտակարգ է, ինչը պահանջում է գերակայությունների վերանայում և առավել քան լուրջ վերաբերմունք պետական գործերի նկատմամբ։ Թեպետ, դժվար թե «թավշե» չինովնիկներն ու ժողովրդի ընտրյալներն առհասարակ գիտակցեն դա։ Եթե կես տարվա ընթացքում գիտակցության չեկան, ուրեմն անհուսալի են…