ԳԵՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱՐԱՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՈՐՈՇՈՒՄԸ ԲԱՑԱՌԱՊԵՍ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐ ՈՒ ՇԱՀԵՐ Է ՀԵՏԱՊՆԴՈՒՄ. ԵՐՎԱՆԴ ՎԱՐՈՍՅԱՆ

Փաստաբան Երվանդ Վարոսյանի խոսքով` ՀՀ իշխանությունների կողմից Սահմանադրական դատարանը Վճռաբեկի հետ միավորելու և Գերագույն դատարան ստեղծելու մասին որոշումը բացառապես քաղաքական նպատակներ ու շահեր հետապնդող է. նպատակը՝ սահմանադրական դատարանը՝ որպես ինստիտուտ վերացնելն է:

Նա Tert.am-ի հետ զրույցում նշեց` ցանկանում են ստեղծել մեկ միասնական մարմին, որին ավելի հեշտ կլինի ղեկավարելը, քան երկու տարբեր մարմիններ ղեկավարելը:

«Սա է իրական տրամաբանությունն այս ամեն ինչի: Եվ Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված այս արհեստածին ճգնաժամն էլ դրա ապացույցն է»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ օրեր առաջ տեղի ունեցավ Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի հերթական նիստը, որի ընթացքում առաջարկ էր ներկայացվել ՀՀ իրավական համակարգում նոր՝ Գերագույն դատարան ստեղծելու մասին։ Նախնական տարբերակով՝ այդ նոր համակարգի ստեղծումը պետք է տեղի ունենա Սահմանադրական և Վճռաբեկ դատարանների միավորման արդյունքում։

Երվանդ Վարոսյանի խոսքով` կան մարդիկ, որոնք հասկանում են, թե ինչ է տեղի ունենում, այս օրերին լուռ չեն և իրենց ձայնը բարձրացնում են: «Պետք է փորձենք հասարակության լայն շերտերին էլ հասցնել, թե ինչ է տեղի ունենում, և յուրաքանչյուրի վրա ինչպես է դա անդրադառնալու»,- ասաց նա:

Նա մատնանշեց, որ Սահմանադրական դատարանը բոլորովին այլ գործառույթներ ունեցող ինստիտուտ է, Վճռաբեկ դատարանը` բոլորովին այլ և մինչ հիմա աշխատել են միմյանց փոխլրացնելով: «Այն բացթողումները, որոնք ժամանակին եղել են և շտկվել են Սահմանադրական դատարանում, այլևս ոչ ոք չի շտկի»,- ասաց նա:

Այս գործընթացին, ըստ նրա, պատրաստ չէ իրավական համակարգի և ոչ մի ենթակառուցվածք, քանի որ մեր իրավական համակարգը տարբեր է մնացած երկրներից, որոնք օրինակ են բերվում որպես Գերագույն դատարան ունեցող ու Սահմանադրական դատարան չունեցողներ:

«Մենք, բնականաբար, չենք փոխելու մեր ամբողջ իրավական համակարգը, մեր օրենքները, մեր մոտեցումները, իրավունքի տեսությունը: Մնալու է այն, ինչ մնալու է, բայց կարևորագույն ինստիտուտներից մեկը պարզապես բնաջնջելու ենք: Մեր իրավական համակարգը պատրաստ չի լինելու դրան երբեք: Անցնելու են տարիներ, վերականգնվելու է Սահմանադրական դատարանը»,- ասաց նա:

Իսկ դիտարկմանը, թե հնարավոր է, որ ի վերջո որոշումը, չդիմանալով քննադատությանը, վերանայվի, Երվանդ Վարոսյանն արձագանքեց. «Չեմ բացառում, որ հետնահանջ լինի, որովհետև, եթե դիտարկում ենք իրավաբանական հանրույթում առկա դեմքերի կարծիքը, ապա կնկատենք, որ բոլորը դեմ են: Ինչքան գիտությունների իրական թեկնածու, դոկտորներ, պրոֆեսորներ ունենք, բոլորն այդ որոշմանը դեմ են արտահայտվել: Ես կարծում եմ, որ այս զանգերը, անընդհատ հնչելով իշխանության ականջին, կարող է, այնուամենայնիվ, սթափեցնեն, որովհետև, անկախ ամեն ինչից, եթե հանկարծ սա կյանքի կոչվի, ապա շատ մոտ ապագայում նորից հետ քայլ է արվելու, և նորից Սահմանադրական դատարանը   վերականգնվելու է»,- ասաց նա: