ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԶՈՀԵՐԸ

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ աշխատակիցներին զանգվածաբար ազատում են աշխատանքից: Այդ մասին սեպտեմբերի 11-ին հայտնել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։

«Մեզ փոխանցված տեղեկությունների համաձայն՝ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ բազմաթիվ աշխատակիցներ (ըստ էության՝ հսկիչներ և այլք) ազատվում են աշխատանքից, այնինչ, ըստ տեղեկատվության աղբյուրի, վերջերս է նույն ընկերության աշխատակիցների աշխատավարձերը կրճատվել 20%-ով։

Պարզ չէ, թե ինչն է նման մասշտաբային կադրային և վարձատրության կրճատումների պատճառը, սակայն ակնհայտ է, որ ներկայիս սոցիալական ծանր պայմաններում այդքան քաղաքացու առանց աշխատանք թողնելու ամենաբացասական հետևանքներն առաջնահերթ կրելու են այդ անձանց ընտանիքները, այնուհետև՝ պետությունը։

Հանձնաժողովի նախագահին խնդրել եմ իրականացնել ուսումնասիրություն՝ պարզելու համար ընկերությունում կադրային և աշխատավարձային վերոնշյալ կրճատումների պատճառներն ու գործընթացի օրինականությունը։

Պատասխան ստանալուն պես՝ այն ևս կհրապարակվի իմ պաշտոնական էջում»,- գրել է Մարուքյանն իր ֆեյսբուքյան էջում։

ԲԱՅՑ ԱՆՀՆԱՐ Է ԼՌԵԼ. առնվազն զարմանալի է, որ Մարուքյանի համար անհասկանալի է ընկերությունում կադրերի և աշխատավարձերի կրճատումների պատճառը։ Դա (պատճառը) երբեք չեն էլ թաքցրել, ավելին. այդ քայլերի մասին ծանուցել են, երբ կայացվում էր որոշումը գազի նոր սակագների վերաբերյալ։ Այն ժամանակ, մեկ-երկու ամիս առաջ, ընկերության ղեկավարությունը բացահայտ հայտարարեց, որ ստիպված է լինելու գնալ զանգվածային կրճատումների (մոտ 1000 մարդու), որպեսզի տեղավորվի ընդունված սակագնային շրջանակներում։ Իրականում ընկերության հաստիքների և աշխատավարձերի կրճատումը հատուցումն է այսօր գործող գազի սակագնի դիմաց։ Եվ հատուցելու են ընկերության աշխատակիցները։

Այդչափ «իմաստուն», փոխզիջումային էր ընդամենը հունիսին ՀԾԿՀ-ի կայացրած որոշումը։ Հիմա Մարուքյանը փաստացի ձևացնում է, թե տեղյակ չէ այդ նրբություններից և խնդրում է հանձնաժողովին պարզել իրավիճակը։ Թե ինչու է դա անում, հասկանալ կարելի է։ Թեման ցավոտ է, աղմկահարույց, քաղաքական շահաբաժիններ և հասարակական ուշադրության ներուժ պարունակող։ Կարելի է ենթադրել, որ արդյունքում խնդիրը կկախեն «Գազպրոմ Արմենիա»-ի վզին՝ քննադատության սլաքներն ուղղելով հենց ընկերության կողմը։ Մինչդեռ պարզ է, որ այս պատմության մեջ միակ կողմը, որն արժանի է, մեղմ ասած, հանդիմանանքի, Հայաստանի կառավարությունն է։ Հենց նա է իրավիճակը հասցրել զանգվածային կրճատումների և ընկերության աշխատակիցների աշխատավարձերի կրճատման։

Այստեղ հիշեցնենք, որ գալով իշխանության ՝ Փաշինյանն իր թիմով հայտարարեց ռուսական կողմի հետ բանակցություններ սկսելու մասին՝ սահմանի վրա գազի գինը նվազեցնելու նպատակով։ Դա անել նույնպես չկարողացան, գինն ավելացավ։ Հետո բանակցություններ էին վարում նախկինում գործող գնի պահպանման շուրջ։ Դա նույնպես չկարողացան անել, գինը բարձրացավ։ Հետո որոշեցին, որ սահմանի վրա աճող գնի պարագայում ներքին սակագները չպետք է փոխվեն։ Պայմանավորվեցին «Գազպրոմ Արմենիա»-ի հետ, որ վերջինս իր ներքին պահուստների հաշվին ծածկելու է առաջացած անհամապատասխանությունը նոր (բարձր) մեծածախ գնի և անփոփոխ սակագների միջև։ Այս սխեմայի գործողության ընթացքում ընկերությունն իր բյուջեից տասնյակ միլիոնավոր դոլարներ հատկացրեց այդ նպատակների համար։ Բայց այդ պահուստները, բնականաբար, չէին կարող անսպառ լինել։

Ենթադրվում էր, որ այդ սխեմայից կարելի է հրաժարվել երկու դեպքում. եթե հայ-ռուսական բանակցությունների արդյունքում սահմանի վրա գինն այնուամենայնիվ հաջողվի իջեցնել և անփոփոխ թողնել ներքին գները. բարձրացնել սակագները։ Բանակցությունները, ինչպես հայտնի է, հաջողությամբ չպսակվեցին։ Նույնիսկ չնայած այն բանին, որ հայկական կողմը ձայնը մեկ արեց Բելառուսի հետ՝ Ռուսաստանից գազի ավելի ցածր գին ստանալու նպատակով։ Չստացվեց։ Մնաց ներհայաստանյան սակագնային կարգավորումների տարբերակը, որի շրջանակներում բնակչության համար գազի սակագինը չփոխվեց, իսկ խոշոր սպառողների համար աճեց։

Այս տարբերակը, ըստ էության, պետք է ցույց տար հասարակայնությանը, թե կառավարությունը մտածում է ժողովրդի մասին և ամեն գնով ջանում թույլ չտալ սակագնի բարձրացում բնակչության համար։ Իսկ «ամեն գինը» տվյալ դեպքում առավել քան կոնկրետ է, բաղկացած մի քանի գործոններից. առաջինը՝ խնդիրներ երկրի տնտեսության ոլորտում, քանի որ գազը թանկացել է ձեռնարկությունների համար, երկրորդը՝ խնդիրներ սոցիալական ոլորտում, քանի որ գազի թանկացումը հանգեցրել է այդ ձեռնարկությունների արտադրանքի գների և, բնականաբար, մանրածախ գների աճի, երրորդը՝ ընկերությունների հաստիքների և աշխատավարձերի կրճատում, ինչի մասին հայտարարվել էր ի սկզբանե։

Այսպիսով, այսօր գազպրոմականները, որոնց ազատել են աշխատանքից և որոնց սկսել են ավելի քիչ վճարել, պարզապես գազի ոլորտում հայոց կառավարության վարած քաղաքականության զոհերն են: Եվ եթե պիտի ինչ-որ մեկին կշտամբենք դրա համար, ապա միայն նրանց, ովքեր զոհաբերեցին այդ մարդկանց իրենց անհեռատեսությանը, իրենց անիրազեկությանն ու բացարձակ անպատասխանատվությանը։ Բնականաբար, ՀԾԿՀ-ից նման պատասխան Մարուքյանը չի ստանա։

Основная тема:
Теги: