ՈՒՂՂԱԿԻ ԻՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆՈՒՂՂԱԿԻ ՑՈՒՑԻՉՆԵՐ
Նիկոլ Փաշինյանը համոզված է, թե Հայաստանում միանշանակ չկա սոցիալական ճգնաժամ. կան սոցիալական խնդիրներ, որոնք եղել են նաև անցած տարի: Այս գնահատականը նա կիսել է կառավարության անդամների հետ հերթական նիստի ընթացքում։
Իսկ նման համոզմունք նրան ներշնչել են ոչ թե ինչ-որ դժվարիմաց վերլուծություններն ու հետազոտությունները, այլ մի պարզ թիվ, մեն-միակ գերատեսչության մեն-միակ ցուցանիշ: Կառավարության ղեկավարը խորապես համոզված է, թե երկրում սոցիալական դրության գլխավոր ցուցիչը հսկիչ-դրամարկղային մեքենաների կտրոնների քանակն է։ Տրամաբանական շղթան այստեղ պարզունակ է: Եթե շատ են կտրոնները, ուրեմն շատ է առևտուրը, եթե շատ է առևտուրը, ուրեմն մարդիկ գնումներ են կատարում, եթե գնումներ են կատարում, ուրեմն նրանց կյանքը ճգնաժամային չէ։ Եվ ահավասիկ, քանի որ այս տարվա օգոստոսին նախորդ տարվա օգոստոսի համեմատ առևտրի ծավալն ըստ ՀԴՄ կտրոնների կրճատվել է ընդամենը 2,5%-ով, ուրեմն ոչ մի սոցիալական ճգնաժամի մասին, ըստ Փաշինյանի, խոսք անգամ լինել չի կարող։ Դա ընդամենը խնդիր է։
Երբ Փաշինյանն անցնում է թվերի լեզվին, նրա հետ, թերևս, ավելի լավ է չվիճել։ Քանզի կարող եք հայտնաբերել այնքան հակասություններ, անհամապատասխանություններ ու պարզապես մաթեմատիկական պարադոքսներ, որ նյարդային համակարգը կարող է չդիմանալ նման ծանրաբեռնմանը: Այնպես որ առևտրի 2,5%-ով անկման հավաստիության մասին չենք վիճի։ Թեև կարող էինք։ Ոչ օգոստոսի առնչությամբ, իհարկե։ Բայց կորոնավիրուսային մյուս ամիսների վերաբերյալ՝ հաստատ։ Այսպես, ապրիլին առևտրաշրջանառությունը նվազել է 33,1%-ով, մայիսին՝ 18,4%-ով, հունիսին՝ 12,4%-ով, հուլիսին՝ 10,4%-ով ՝ 2019-ի նույն ամիսների համեմատ։ Բացի այդ, ընդհանուր առմամբ առաջին կիսամյակում առևտուրը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 11,1%-ով:
Սակայն այս ամենից նա ընտրել է միայն օգոստոսը, ինչը պարզապես չի կարող համարվել գնահատման կոռեկտ հիմք։ Բայց, որ ամենակարևորն է, ընտրել է վարչապետը ոչ թե հանրապետության Վիճակագրական կոմիտեի պաշտոնական տվյալները (վերը ներկայացված էին հենց Վիճկոմիտեի տվյալները),այլ օգտվել է ՊԵԿ-ի տեղեկություններից։ Դրանք նույնպես, իհարկե, պաշտոնական տվյալներ են։ Բայց մի տեսակ տարօրինակ է, որ կառավարության ղեկավարն օգտվում է այլընտրանքային վիճակագրությունից։ Տարօրինակ է նաև այն, որ հնարավորություն ունենալով օգտագործել առևտրային մասնահատվածի վիճակի ուղղակի ցուցանիշները, նա օգտվում է անուղղակի տվյալներից։ Եվ արդեն բացարձակ պարադոքսալ է անվանել ՀԴՄ կտրոնները երկրում տիրող սոցիալական վիճակի հիմնական ցուցիչ: Թեպետ, պարադոքսների վրա չենք սևեռվի։ Ավելի լավ է հետևենք վարչապետի տրամաբանական շղթային օղակ առ օղակ։
Եվ այսպես, օղակ առաջին. շատ կտրոններ՝ շատ առևտուր։ Ընդհանրապես դա ամենևին էլ փաստ չէ։ Կտրոններն առևտրի ոչ թե ողջ ծավալի, այլ միայն ստվերից դուրս գտնվող մասի ցուցանիշն են։ Եվ այստեղ պետք է հաշվի առնել այն գործոնը, որ ի տարբերություն անցած տարվա, այս տարի առևտրային ողջ մասնահատվածը գտնվում էր ստուգող մարմինների խիստ հսկողության տակ՝ արտակարգ դրության ռեժիմը պահպանելու նպատակով։ Այսինքն առևտրային օբյեկտների համար բազմապատիկ աճել է կտրոն չտալու պահին բռնվելու վտանգը։ Հետևաբար, գտնվելով պետության ընդհանուր հսկողության տակ՝ առևտրականներն ակնհայտորեն ավելի քիչ են դիմել հարկային-կտրոնային պարտավորությունների խախտումների։ Եվ այդ հաշվառումով կտրոնների ծավալն ընդհանրապես պետք է զգալիորեն ավելի շատ լիներ, քան նախորդ տարի, այլ ոչ թե մի քիչ պակաս, ինչը մխիթարում է վարչապետին երկրում տիրող սոցիալական դրության մասով։
Օղակ երկրորդ. եթե շատ է առևտուրը, ուրեմն մարդիկ գնումներ են կատարում։ Առհասարակ նման եզրակացության համար շատ կարևոր է իմանալ, թե հատկապես ինչ են գնել մարդիկ: Ինչն արդեն չեն կարողացել իրենց թույլ տալ, իսկ ինչն է դեռևս մատչելի նրանց գրպանին։ Այս հարցերին Փաշինյանի ցուցիչը, բնականաբար, պատասխան չի տալիս։ Այստեղ պետք են հենց մասնագիտական ուսումնասիրություններ և վերլուծություն, ինչը վարչապետը, ըստ երևույթին, ավելորդ է համարում:
Օղակ երրորդ. մարդիկ գնումներ են կատարում, ուրեմն նրանց կյանքը ճգնաժամային չէ։ Սա արդեն ընդհանրապես խոր մոլորություն է, մանավանդ մեր դեպքում։ Բանն այն է, որ բազմաթիվ գնումներ արվում են բանկերի տված սպառողական վարկերի հաշվին։ Պատահական չէ, որ սպառողական վարկերի ծավալն աճում է։ Ընդ որում աճում են նաև հաճախորդների կողմից վարկային պարտավորությունների կատարման հետ կապված ռիսկերը։ Այստեղ նշենք, որ օրերս ԿԲ ղեկավարը ներկայացրել է այդ խնդրին վերաբերող մի քանի թվեր։ Մասնավորապես, նրա խոսքերով, ռիսկային վարկերի տեսակարար կշիռը բանկերի ընդհանուր վարկային պորտֆելում այսօր կազմում է մոտ 6,3%: Սակայն, ըստ ԿԲ-ի գնահատականների, այդ ցուցանիշը կարող է աճել մինչև 10%-ի և նույնիսկ անցնել այդ նշաձողից։ Ընդհանուր առմամբ խոսքը 80 միլիարդ դրամի մասին է։ Իսկ ահա ևս մեկ բանկային ցուցանիշ, որն անմիջական կապ ունի երկրում տիրող սոցիալական իրավիճակի հետ. կորոնավիրուսի շրջանում բանկերը վարկային արձակուրդ են տրամադրել 550 հազար ֆիզիկական անձանց։ Եվ դա արվել է ոչ միայն կարանտինային ժամանակաշրջանում. առ այսօր էլ բանկերը ճնշում չեն գործադրում հաճախորդների վրա: Բնականաբար՝ գիտակցելով բնակչության վճարունակության կտրուկ անկումը..
Սա սոցիալական ճգնաժամ չէ, սա խնդիր է, որը եղել է նաև անցած տարի, համարում է հայոց կառավարության ղեկավարը։ Ըստ երևույթին, նա ճգնաժամ է համարում համատարած սովը, ինչին, իհարկե, երկիրը դեռ չի հասել։ Բայց եթե կառավարությունն ու դրա ղեկավարը երկրում սոցիալական դրության չափորոշիչ են համարում ՀԴՄ կտրոնները, ապա ակնհայտ է, որ սովն էլ բնավ սարերի հետևում չէ…