ԻՄԱՍՏՆԵՐ «ՅԱՇԻԿԻ» ՄԵՋ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեքշաբթի օրը մասնակցել է Երևանի Ռաֆայել Իշխանյանի անվան թիվ 153 դպրոցի հիմնանորոգված շենքի բացման արարողությանը, հաղորդում է Sputnik Armenia-ն։

Կառավարության ղեկավարը ելույթ է ունեցել ուսուցիչների և դպրոցականների առջև ՝ շնորհավորելով նրանց ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ: Վարչապետի խոսքերով՝ «21-րդ դարում առանց կրթության ոչինչ անել հնարավոր չէ»։ Ընդ որում նա նշել է, թե հնարավոր է՝ ինչ-որ մեկը մտածի, որ «կարող է առանց կրթության G կարգի կամ ինչպես ժողովրդի մեջ են ասում «յաշիկ» Մերսեդես առնել»։ Ինչպես նշել է Փաշինյանը, առանց կրթության ավտոմեքենա գնել կարելի է, իսկ այ ստեղծել դա՝ չի կարելի։

«Հիմա մենք ինչպիսի՞ ապագա ենք ուզում։ Ուզում ենք G կարգի Մերսեդեսի միայն վարորդներ ունենալ, թե ուզում ենք ունենալ, պայմանական, Մերսեդես ստեղծողներ։ Մենք ուզում ենք լինել սպառող, թե՞ ստեղծող: Առանց կրթության, այո՛, հնարավոր է ինչ-որ աստիճանի նյութական բարեկեցություն ստեղծել, բայց առանց կրթության հնարավոր չէ տիեզերք թռչել»,- վստահ է վարչապետը։

Կառավարության ղեկավարը համարում է, որ երեխաների նպատակը պետք է լինի ոչ թե «ամենատարբեր փայլուն, ճոխ, թանկ, պսպղան առարկաներ» ունենալը, այլ աշխատանքի մեջ երջանիկ լինելը:

«Իմ ցանկությունն է, որ երջանկությունը լինի ձեր ամենակարևոր նպատակը և ոչ թե ոսկին: Ես ուզում եմ, որ ուրիշներին երջանկություն պարգևելը լինի ձեր ամենակարևոր առաքելությունը, որովհետև ուրիշներին երջանկացնելու մեջ է ամենակարևոր երջանկությունը: Եվ ես հավատում եմ, գիտեմ, որ դուք հենց այդպիսին եք: Ես գիտեմ, որ ձեր ծնողների երազանքները հենց այդպիսին են։ Մեր մեծագույն նպատակն է, խնդիրն է, որ Հայաստանում կրթությունը, սովորելը լինի ազգային ապրելակերպ, ազգային կենսակերպ։ Միայն սովորելով է, միայն գիտելիքով է, միայն կրթությամբ է, որ մենք կարող ենք ճանաչել մեր խնդիրները և դրանց լուծումը գտնել»,- նշել է Փաշինյանը։

ԲԱՅՑ ԱՆՀՆԱՐ Է ԼՌԵԼ. ինչպես խոստովանեց ինքը՝ Փաշինյանը, առավոտից մտածել էր, թե ինչ ասի այդ ամբիոնից, որ իմաստալից լինի և օգնի առաջին դասարանցիներին, նրանց ծնողներին ու ուսուցիչներին ամենօրյա կյանքում։ Արդյունքում մտորումները Փաշինյանին հանգեցրել էին նրան, որ իր խոսքն ավելի լավ է իմաստավորել «մերսեդեսներով»։ Ուղիղն ասենք. իսկապես, այսօր «Մերսեդեսը», հատկապես հենց այն «յաշիկը», որը դարձավ վարչապետի ելույթի մեխը, շատերի կյանքի իմաստն է։ Եվ դա, անշուշտ, հաճոյախոսություն չէ հայ հասարակության համար։ Հասարակության, որի պատկառելի մասի արժեհամակարգը սկսվում ու ավարտվում է «Մերսեդեսով»։ Բայց Փաշինյանը, ըստ էության, լոկ ամրապնդեց 6-ամյա տղաների ու աղջիկների գիտակցության մեջ կյանքի կասկածելի ուղենիշը՝ նրանց առաջարկելով այնուամենայնիվ ձգտել բաղձալի «յաշիկին»։ Ստեղծել, թե ունենալ՝ տվյալ դեպքում կարևոր չէ։

Կարևորն այն է, որ հայ երեխաների համար, ըստ Փաշինյանի, գերմանական ավտոմոբիլային բրենդը պետք է լինի ուղեցույց աստղի պես մի բան։ Թե ինչու վարչապետը նախընտրեց հենց «մերսեդեսներով» իմաստավորել իր խոսքը, դժվար է ասել։ Թեև կարելի է ենթադրել, որ եթե նա ունենար XXI դարում անհրաժեշտ նույն այդ կրթությունը, ապա կգտնվեին գիտելիքի անհրաժեշտությունն ու կարևորությունը պատկերավորելու ավելի արժանավայել օրինակներ։

Բայց այստեղ այնուամենայնիվ հետաքրքիր է մեկ այլ բան։ Ինքը՝ Փաշինյանը, իր իսկ խոսքերի կենդանի հակափաստարկն է։ Ինչպես հայտնի է, նրա կյանքում կրթությանը նվազագույն ժամանակ ու տեղ է հատկացվել։ «Ավարտել է Իջևանի թիվ 1 միջնակարգ դպրոցը: 1991-1995թթ. սովորել է Երևանի պետական համալսարանում: Ավարտական 5-րդ կուրսում ԵՊՀ-ից հեռացվել է քաղաքական դրդապատճառներով»: Հիմա այդ մարդը պետություն է ղեկավարում, ընդ որում՝ ասում, թե «21-րդ դարում առանց կրթության ոչինչ անել հնարավոր չէ»։ Ամենևի՛ն. միանգամայն հնարավոր է: Չէ՞ որ իրեն (Փաշինյանին) դա հաջողվեց, ուրեմն ինչո՞ւ պիտի ուրիշների ուժերից վեր լինի։ Այո, «Մերսեդես» նախագծել նա չի կարող, բայց փոխարենը շրջում է դրանով, այն էլ անձնական վարորդով ու թիկնազորով: Դե, տիեզերք էլ Փաշինյանը դժվար թե թռչի, բայց դա նրան պե՞տք է։ Կարող է ուղարկել ուրիշներին, իսկ հաղթանակի դափնիները թողնել իրեն:

Կրկնում եմ. Հայաստանի վարչապետի բուն կերպարը, ողջ կենսագրությունը պատկերավոր կերպով ցույց են տալիս գիտելիքների բացարձակ անպիտանիությունը «նոր Հայաստանում»։ Թեպետ, պետք է նշել, որ կարիերայում հաջողության հասնելու համար գիտելիքների պիտանի չլինելու «պատկերավոր օրինակներից» է բաղկացած իշխանության թիմի գերակշիռ մասը։ Կառավարությունում էլ նման օրինակները քիչ չեն, իսկ խորհրդարանում՝ առավել ևս։ Իր կադրային քաղաքականությամբ Փաշինյանը ցույց տվեց հասարակայնությանը, որ ժամանակակից Հայաստանում գլխավորը ոչ թե դիպլոմներն ու գիտելիքներն են, այլ քայլելու ունակությունը։ Քայլքը՝ ճիշտ ժամանակին և ճիշտ ուղղությամբ։

Ահավասիկ Փաշինյանը հարց է տալիս. «Ուզում ենք լինել սպառող, թե՞ ստեղծող»։ Լավ կաներ, եթե առհասարակ չխոսեր այդ մասին։ Արդեն երկրորդ տարին է նա ակտիվորեն սպառում է այն, ինչ ստեղծվել է իրենից առաջ։ Ընդ որում սպառողները նույնպես տարբեր են լինում։ Ոմանք խնամքով են վերաբերվում նրան, ինչ ստացել են, մյուսները՝ բարբարոսաբար։ Ահա ուրեմն, ներկայիս իշխանությունը մի ձեռքով օգտվում է նախորդների թողած ժառանգությունից, իսկ մյուս ձեռքով, զինված կռանամուրճով ու «նախկինները սրիկաներ են» կարգախոսով, քանդում է այն ամենը, ինչ կարող է։ Միևնույն ժամանակ ոչ մի նոր բան չի ստեղծվում, չհաշված նոր ասֆալտը՝ հին ճանապարհներին:

Եվ այդուհանդերձ Փաշինյանի ելույթում ամենից առանցքայինը այլ բան է։ Այն, ինչը փաստացի զրկում է ներկայիս իշխանության օրոք լուսավոր ապագա ունենալու չնչին իսկ հույսից։ Վարչապետը պնդում է, թե «միայն կրթությամբ, միայն գիտելիքով է, որ մենք կարող ենք ճանաչել ու լուծել մեր խնդիրները»։ Գործող իշխանության մեջ ակներև է թե՛ մեկի և թե՛ մյուսի (կրթության և գիտելիքի) պակասը, և հետևաբար՝ խնդիրները նա այդպես էլ չի ճանաչի և առավելևս չի լուծի։

Առհասարակ Փաշինյանի այս ելույթը կարող էր շատ ավելի համոզիչ լինել, եթե դրա վերջում հնչեր հետևյալը. XXI դարում առանց կրթության ոչինչ անել հնարավոր չէ, այնպես որ՝ կներեք, բայց պետություն ղեկավարել ես չեմ կարող։ Բայց, ավա՜ղ, լոկ «յաշիկ Մերսեդեսով» էր իմաստավորված վարչապետի խոսքը…

Основная тема:
Теги: