ԻՆՉՊԵՍ Է ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԽԵՂԴՈՒՄ ՄԱՆՐ ԲԻԶՆԵՍԻՆ

Ճիշտ ինչպես խելամիտ գեներալն է պաշտում գյուղացիական դասին, իմանալով, որ ավելի լավ զինվոր, քան գյուղացին է, չի լինում, այնպես էլ խելամիտ իշխանությունը պետք է պաշտի մանր խանութպաններին, քանի որ ավելի լոյալ ու պահպանողական խավ չի լինում։ Թեպետ, մեկ ճշգրտումով. եթե խանութպանին հատուկ չկատաղեցնի։ Վատ կառավարվող, այլասերված պետությունում մեթոդիկ ճնշումների արդյունքում կարելի է և ստանալ կատաղած մանր խանութպան, որը վատ է ծառայում որպես պետական բարեպատշաճության հիմք. ավելի շուտ՝ հակառակը։ Առաջնորդվելով պատմական փորձով ՝ իշխանությունը սովորաբար ջանում է չգազազեցնել խանութպանին, քանզի ո՞ւմ է դա պետք։

Գործող իշխանությանը կարելի է շնորհավորել. իր անմտածված արարքների շնորհիվ նա ստացավ կատաղած մանր խանութպան։ Ահա արդեն որերորդ օրն է, ինչ կառավարության շենքի առջև բողոքի բազմամարդ ակցիաներ են կազմակերպում հագուստի և կոշիկի առևտրով զբաղվողները, պահանջելով չբարձրացնել երկիր ներկրվող ապրանքների մաքսատուրքերը։

Բանն այն է, որ մինչ օրս Թուրքիայից, Չինաստանից և ԱՄԷ-ից ներկրվող ապրանքների մաքսազերծումն անցկացվում էր կիլոգրամներով. մեկ կիլոգրամի դիմաց առևտրականները վճարում էին մոտ 4 դոլար։ Սակայն այսօր պետբյուջեի եկամուտները կտրուկ նվազել են։ Բավական է նշել, որ այս տարվա առաջին 7 ամիսներին հավաքվել է 170 մլրդ դրամով պակաս գումար, քան անցած տարվա նույն ժամանակահատվածում, և իշխանությունը փորձում է ավելացնել բյուջեի մուտքերը տարբեր կատեգորիաների քաղաքացիների, այդ թվում նաև մանր բիզնեսի ներկայացուցիչների հաշվին։ Դրա համար էլ որոշվել է այսուհետ երկիր ներկրվող հագուստի ու կոշիկի մաքսազերծումն իրականացնել ոչ թե կիլոգրամներով, այլ յուրաքանչյուր ապրանքինը՝ առանձին։

Տարօրինակ է, իհարկե, քանզի հայրենի տնտեսության վիճակի մասին վարչապետի հաղթական ազդարարումներն այնքան լուսավոր են և ուրախալի, որ անմիջապես ցանկություն են առաջացնում սևեռել անհագ աչքերը կառավարության նիստերը հեռարձակող հեռուստացույցին ու այլևս երբեք չանջատել այն։

Այո, իշխանությունների սույն նախաձեռնությունը կհանգեցնի բյուջեի մուտքերի նկատելի աճի, բայց ի՞նչ գնով։ Ինչպե՞ս դա կանդրադառնա փոքր բիզնեսի գործունեության վրա։ Իշխանության ներկայացուցիչների կանխատեսումներով՝ հագուստի և կոշիկի գները կաճեն միջինը 20%-ով, փոխարենը բյուջեն կհամալրվի ֆինանսական լրացուցիչ հոսքերով, ինչը թույլ կտա կառավարությանն ավելի հարմարավետ զգալ իրեն: Բայց ինչո՞ւ պիտի շարքային քաղաքացին հանկարծ մտահոգվի, որ իշխանությունը հնարավորինս հարմարավետ զգա իրեն։ Քաղաքացու ոչ միայն իրավունքը, այլև պարտականությունն է՝ հետևել պետության ձեռքերին։ Այդ նա չէ, որ պետք է հոգ տանի պետության հարմարավետության ու հանգստության մասին, այլ պետությունն է պարտավոր ջանալ ապահովել նրա հարմարավետությունը, առողջությունն ու անվտանգությունը:

Իրենք՝ առևտրականները կարծում են, որ գները խանութներում կաճեն առնվազն կրկնակի, ինչն անխուսափելիորեն կհանգեցնի մանր բիզնեսի զանգվածային սնանկացման: Առանց այդ էլ սպառողական ապրանքների առևտրի ծավալը 2020 թվականի հունիսին կրճատվել է 7,4 տոկոսով, իսկ հուլիսին անկումը հասել է 9,3 տոկոսի: Մաքսատուրքերի բարձրացումը 2-4 անգամ կհանգեցնի նրան, որ հազարավոր առևտրականներ ստիպված կլինեն դադարեցնել իրենց գործունեությունը։ Եվ ինչպե՞ս են այդ մարդիկ պահելու իրենց ընտանիքները։ Ընդ որում, ինչն անչափ կարևոր է, խաղի կանոնների փոփոխումն անսպասելի էր առևտրականների համար։

Բիզնեսի դեմ վրաերթերով (ընդ որում՝ ամենատարբեր մակարդակով) ու տուրքերով իշխանությունը քայքայում է նորմալ տնտեսական միջավայրը։ Մինչդեռ կայուն աճ հնարավոր է միայն վստահության ու կանխատեսելիության պայմաններում, որոնք անհամատեղելի են վրաերթերի հետ: Վստահությունը տնտեսության հիմքն է։ Նախնադարյան թավուտներում, որտեղ պետք է ընկրկել ամեն շրշյունից, առանձնակի բարեկեցություն չես կառուցի։ Իշխանությունների անսպասելի գործողությունների ու խաղի կանոնների փոփոխության դեպքում բիզնեսի մոտ գործում է ողնուղեղային ռեֆլեքս: Նա ակամայից սկսում է սեղմվել։

Կարելի է բիզնեսին սովորեցնել քաղաքացիական պատասխանատվության և այլ հիանալի բաների, բայց անհնար է սովորեցնել գործել անորոշության պայմաններում կամ աշխատել ի վնաս իրեն: Ընդհանուր տնտեսական ճգնաժամի պայմաններում իշխանությունների ցանկացած կտրուկ շարժումներ անխուսափելիորեն հանգեցնելու են ամենաբացասական հետևանքների։ Գործարարը ՝ լինի խոշոր, թե մանր, նյարդային արարած է. խուճապային գործողությունների նրան դրդելն անթույլատրելի է։

Մի՞թե այս կառավարությունում ընդհանրապես չեն մնացել պրոֆեսիոնալներ, որոնք կհաշվարկեին, որ մաքսատուրքերի քառապատիկ բարձրացման վնասն ավելի մեծ կլինի, քան օգուտը։ Հասցրել են բոլորից ազատվե՞լ անցած երկուսուկես տարիների ընթացքում։ Դե ինչ, իշխանությանը հասկանալ կարելի է։ Պրոֆեսիոնալներն առհասարակ, որպես կանոն, քաղաքականապես անհուսալի մարդիկ են։ Եթե հանկարծ նրանք մտասևեռվեցին, թե, ասենք, ջուրը եռում է հարյուր աստիճանում՝ ըստ Ցելսիուսի, ապա հաստակողություն կանեն ու ոչ մի աստիճանով չեն զիջի դիրքերը։ Իսկ գուցե Պետեկամուտների կոմիտեի նախագահին կամ ֆինանսների նախարարին այսօր անհրաժեշտ է, որ այն եռա ութսուներե՛ք աստիճանում։ Գուցե թիվն արդեն համաձայնեցված է հենց իր՝ Փաշինյանի հետ։ Իսկ այդ պրոֆեսիոնալը քաղաքական նպատակահարմարությունը չի հասկանում, նստել է խոժոռված, չի ստորագրում փաստաթուղթը։ Ո՞ւմ է նա պետք։

Ընդ որում պրոֆեսիոնալներից իշխանությունն ազատվել է բոլոր մակարդակներում. ինչ-որ գերատեսչությունների բաժիններում նստած առաջատար մասնագետներից մինչև նախարարներ։ Այսօրվա նախարարներն այնպես են դրսևորում իրենց տաղանդները, որ երկնքից աստղեր չիջեցնող՞վ է վիճում) նախկին կառավարության նախարարները ժողովրդի վստահությամբ օժտված երեկվա փողոցային ակտիվիստների խորապատկերին պետական իմաստնության տիպարներ են թվում։

Իսկ ներկայիս իշխանությունն իրենից ներկայացնում է մի տարածք, ասես պատված պլաստիկե, չինական արտադրության եվրատախտակով, որի վրա, ինչպես մանկապարտեզային ցերեկույթում, գեղատեսիլ փակցված է փայլաթիթեղից կտրատած «Նոր Հայաստան» սիգապանծ մակագրությունը։ Նրանց հատակը պատված է արտաքնոցի պլպլան սալիկով, իսկ առաստաղն այնքան ցածր է, որ նույնիսկ իրենց կարճահասակությամբ հանդերձ այսօրվա տիրակալները ոչ մի կերպ չեն կարողանում ոտքի կանգնել ծնկաչոք դիրքից։

Միջին ու մանր բիզնեսի զարգացմանն ամեն կերպ օժանդակելու խոստումներ գործող իշխանությունների կողմից տրված են այնքան, որ արի ու հիշիր։ Ասված են ավելի շատ խոսքեր, քան Երկրորդ գալուստի մասին: Ճիշտ խոսքեր: Իսկ իրականում այս երկուսուկես տարիների ողջ ընթացքում իշխանությունը միջին ու մանր բիզնեսին տվել է միայն մեկ հնարավորություն. գոյատևել սեփական ռիսկով ու պատասխանատվությամբ։ Չմոռանալով ճանապարհին յոթ կաշի քերթել բիզնեսից։ Չլսելով մասնագետներին և պատասխանելով նրանց խորհուրդներին «թող իր կնկան սովորեցնի ապուր եփել» դասական արտահայտությամբ։ Իշխանությունը, ռնգեղջյուրի պես, շատ վատ է լսում ու տեսնում։ Բայց հաշվի առնելով նրա քաշը, դա արդեն բնավ իր խնդիրը չէ։

Ի՞նչ կարելի է անել ստեղծված իրավիճակում։ Կարծում ենք, կառավարությունն այս պահին պետք է ձեռնպահ մնա մաքսատուրքերի կտրուկ բարձրացումից, հանգամանորեն ուսումնասիրի երկիր ներկրվող ապրանքների տեսականին, մշակի ներկրման փոխարինման ռազմավարություն, որտեղ հնարավոր է՝ հայրենի արտադրության ապրանքներով, և վերադառնա խնդրին միայն այն բանից հետո, երբ երկիրը կհաղթահարի սոցիալ-տնտեսական ճգնաժամը։ Ընդ որում այդ ժամանակ էլ մաքսատուրքերի բարձրացումը պետք է իրականացվի աստիճանաբար, այլ ոչ թե թռիչքաձև, ինչպես ներկայումս։

Դե, իսկ հագուստ ու կոշիկ վաճառողներին ես խորհուրդ կտայի այնուամենայնիվ փոխել պրոֆիլը: Զարմանում եմ, թե ինչպես մեզանում դեռ ոչ մեկի մտքով չի անցել փշե պսակների խանութներ բացել։ Գնորդներից տեղ ու դադար չի լինի։