ՈՉ ՀԱՎԵՐԺԱԿԱՆ ԿՐԱԿԸ, ԿԵՂՏՆ ՈՒ ՄԱՐՈՒԹՅԱՆԻ ԵՐԿՈՒ ՏԱՐԻՆ

Ընդհանրապես Երևանի քաղաքապետի դերում Հայկ Մարությանի պաշտոնավարման երկու տարին կլրանա հոկտեմբերի 13-ին. հենց այդ օրը հիմնականում կանացի դերերով հայտնի կատակերգակ դերասանը նստեց քաղաքապետի աթոռին։ Հանդիսավոր ընտրությունը դարձավ Նիկոլ Փաշինյանի կողմից իր զինակիցների առավել շռայլ պարգևատրումներից մեկը. «հեղափոխության առաջնորդի» ցանկացած հովանավորյալ, որը կառաջադրվեր 2018-ի աշնան ընտրություններում, անկասկած կդառնար Երևանի քաղաքապետ։ Մարությանը, ի թիվս այլոց, բարձր պաշտոն ստացավ բացառապես այն բանի համար, որ նրա հետ քայլել էր որոշակի քանակությամբ կիլոմետրեր, չնայած երկրի կենսագործունեության առանցքային ոլորտների կառավարման փորձի, գիտելիքների և հմտությունների իսպառ բացակայությանը։

Ինչպես պարզվեց հետագայում՝ նաև ընդունակությունների։ Ինչը, սակայն, չխանգարեց նրան դառնալ անփոփոխելիներից մեկն իշխանության մեջ, չնայած սուր քննադատությանն ու անհամար փաստերին, որ պարզապես ձախողել է իր աշխատանքը։ Առողջապահության և ԳԿՄՍ նախարարների հետ մեկտեղ, Հայկ Մարությանը, անշուշտ, ընդգրկված է իշխող քաղաքական ուժի առավել խորշելի գործիչների եռյակում. նրանց, ում Փաշինյանը մինչև վերջ կպաշտպանի միայն այն բանի համար, որ նրանք, ինչպես արտահայտվեց Արայիկ Հարությունյանը, «հեղափոխության առաջնորդներից» էին։ Թե ինչպես են ղեկավարում իրենց վստահված ոլորտները, այդ խորապատկերին բացարձակապես ոչ մի նշանակություն չունի։

Իհարկե, քաղաքապետի պաշտոնում Մարությանի երկամյա աշխատանքը պահանջում է մանրամասն վերլուծություն՝ իր բազմաթիվ ձախողումների, դրժած խոստումների, պարզունակ ստախոսության, անհասկանալի նվաճումների համար քաղաքապետարանի աշխատակիցներին ամեն առիթով շռայլորեն տրվող պարգևավճարների ողջ «շուքով», մամուլի էջեր և սոցցանցեր արտահոսած կոռուպցիոն վրիպումներով, տարատեսակ բացահայտումներով ու կոմպրոմատով։ Իսկ այդ աշխատանքի լավագույն գնահատականը Երևանի վիճակն է, որտեղ մարությանական կառավարման երկու տարիների ընթացքում եթե անգամ տեղի են ունեցել փոփոխություններ, ապա գլխավորապես՝ դեպի վատը։ Դա վերաբերում է գործնականում ամեն ինչին. և՛ տրանսպորտին, և՛ քաղաքաշինությանը (հենց միայն գլխավոր ճարտարապետ Մեսչյանի հետ կապված պատմությունն ինչ ասես արժե), և՛ բարեկարգմանը, և՛ անվտանգությանը, և՛ աղբահանությանը, և՛ մնացյալ ամենին։

Եվ զարմանալիորեն այնպես պատահեց, որ քաղաքական քայլքի ժանրն այդչափ հաջող յուրացրած նախկին կատակերգակի հովանավորը հենց ինքն էլ ակամա, բայց առավել քան համոզիչ ցույց տվեց Երևանի ներկայիս բարձիթողի ու անտեր վիճակի ողջ մասշտաբը, ինչպեսև Երևանի քաղաքապետարանի ու դրա ղեկավարի ապաշնորհությունն ու անգործունակությունը։ Բայց ոչ միայն. Փաշինյանը փաստացի մերկացրեց և՛ ինքն իրեն, և՛ իր զինակիցներին, և՛ իր իշխանության ողջ էությունը, որի կեղծավորությունը, մտավոր անկարողությունն ու բարոյական պակասավորությունը վաղուց արդեն սարսափեցնում են խելամիտ մարդկանց՝ չափազանց լուրջ մտավախություններ ներշնչելով երկրի ճակատագրի համար։

Եվ այդ ամենը՝ լոկ մեկ լուսանկարում, բայց ինչպիսի՜։

Նիկոլ Փաշինյանը խոնարհվել է Հավերժական կրակի առջև՝ Հաղթանակի զբոսայգում Անհայտ զինվորի գերեզմանին, որի վրա դրված է նման առիթի և նման կարգավիճակի համար չափազանց համեստ ծաղկեփունջ: Չկա այդպիսի դեպքերում սովորական ծաղկեպսակը, իսկ գլխավորը՝ չկա հենց Հավերժական կրակը: Իսկ բուն գերեզմանը ծածկված է փոշով և ակնհայտորեն չի մաքրվել ամիսներ շարունակ. երևանցիների բազմաթիվ սերունդների կողմից սիրված այդ հիշարժան վայրի բարձիթողի և որևէ հոգատարությունից ու խնամքից զուրկ վիճակն աչքի է զարնվում։

Ինչո՞ւ էր պետք այդքան համոզիչ կերպով ի ցույց դնել մայրաքաղաքի անբարեկարգությունն ու հուշարձանների վիճակի նկատմամբ քաղաքապետարանի աշխատակիցների բացարձակ անտարբերությունը՝ Մարությանի գլխավորությամբ։ Ինչո՞ւ ծաղկեպսակ չէր գտնվել, որ Փաշինյանը դներ գերեզմանին, ինչո՞ւ աշխատակիցները հոգ չէին տարել, ինչպես սովորաբար լինում է, բարձրաստիճան պաշտոնյայի այցելությունից առաջ հիշարժան վայրը կարգի բերելու մասին։ Այդ ի՞նչ աստիճան պիտի թքած ունենաս, համոզված լինես, որ անպատիժ ես մնալու, որ քեզ նեղություն չտաս գոնե հանուն այս իշխանությանն ու «հեղափոխության առաջնորդներին» այնքան բնորոշ ցուցամոլության ու պոպուլիզմ-շոուի։

Սոցցանցերում շատերը կարծիք են հայտնում, թե հուշարձան այցելելը նախատեսված չէր, և Փաշինյանը, իբր, որոշել է այնտեղ գնալ վերջին պահին։ Ախր թեմայից մի տեսակ դուրս էր Անհայտ զինվորի գերեզմանը, որը, որպես կանոն, ընդգրկված չէ այն վայրերի ցանկում, ուր այցելում է պետության ղեկավարն Անկախության օրը։ Միանգամայն ճշմարտանման վարկած է, մանավանդ եթե հաշվի առնենք հեղափոխության գլխավոր առաջնորդի պոռթկուն ու անկազմակերպ բնավորությունը։ Ծաղկեփունջ ինչ-որ տեղից կարողացել են ճարել, իսկ այ կարգի բերել հուշարձանը չեն հասցրել։ Եվ նույնիսկ չեն վառել Հավերժական (?) կրակը: Իսկ գուցե մտքներով չի՞ անցել։

Ոչ ոք ախր պատասխանատվություն չի կրի այս խայտառակ դրվագի համար, որը ցույց տվեց թավշե հեղինակությունների իրական վերաբերմունքը և՛ Հայրենական մեծ պատերազմում զոհվածների հիշատակի, և՛ մայրաքաղաքի հիշարժան վայրերի, և՛ բուն քաղաքի վիճակի նկատմամբ։ Նայեք ձեր շուրջը. ինչքան աղբակույտեր կան մայրաքաղաքում, որքան անխնամ ու բարձիթողի վիճակում են նրա փողոցներն ու բակերը, որքան կեղտ կա ոչ միայն մերձակայքում, այլև քաղաքի կենտրոնում, որքան աղբ է կուտակվել տարիներ շարունակ չմաքրվող նրբանցքներում, ամայի վայրերում, այգիներում, փողոցներում, զբոսայգիներում, լքված շինհրապարակներում

Աղբի բաքերը, ճիշտ է, պարբերաբար դատարկվում են, չենք ժխտում։ Թե ինչ կոռուպցիոն սխեմա է թաքնված դրա հետևում, ինչի մասին բազմիցս ակնարկել են բանիմաց մարդիկ, դատել հանձն չենք առնի, սակայն գարշահոտ բաքերի խնդիրը Մարությանը հաղթահարել է։ Բայց լոկ այդքանը։ Իսկ հիմա հիշենք շաբաթօրյակների ցուցադրական շոուները վարչապետի, քաղաքապետի, մյուս քայլորդների և նույնիսկ նրանց ընտանիքի անդամների մասնակցությամբ... Հիշենք, թե ինչպես էր մեր մաքրասեր վարչապետն անձամբ հավաքում քնթուկները. այնպես, որ բոլորը տեսնեն ու հավերժացնեն այդ պատմական պահը տեսախցիկով։ Տեսան։ Համակվեցին խանդաղատանքով։ Նրան առանձնակի սիրահարվածներից ոմանց աչքերը նույնիսկ արցունքով լցվեցին։ Փառաբանեցին, թե իբր՝ հնարավո՞ր էր արդյոք պատկերացնել նախկին իշխանություններին շաբաթօրյակների մասնակցելիս ու քնթուկներ հավաքելիս։ Եվ... շարունակում են ապրել ցեխի ու անտերության մեջ։

Այս ամենը «ժողովրդական վարչապետն» ու իր «սրտի քաղաքապետը», հավանաբար, չեն տեսնում իրենց թանկարժեք զրահապատ ավտոմեքենաների մթնեցված պատուհաններից։ Եվ նրանց արդեն հետաքրքիր էլ չէ. պիար-շաբաթօրյակների ու քնթուկների ժամանակն անցել է: Բայց այ հետաքրքիր է, նկատե՞ց այսօր Փաշինյանը հուշարձանի վրայի չափազանց ակներև բազմօրյա կեղտը։ Նկատե՞ց արդյոք, որ Հավերժական կրակը չի վառվում։ Զգա՞ց այն ողբալի վիճակը, որում գտնվում է Երևանը՝ իր ընտրած քաղաքապետի ղեկավարության ներքո։ Թե՞ դա էլ է խամրում պետական պաշտոնյաների աշխատանքի գնահատման միակ չափանիշի՝ դեպի իշխանություն հեղափոխական քայլքի անսասանության առջև։