Ո՞Վ Է ՊԱՇՏՊԱՆԵԼՈՒ ՀԱՅՈՑ ՀՈՂԸ
Սեպտեմբերի 17-ին ԱԺ նիստում ՀՀ Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արսեն Այվազյանը ներկայացրեց «Քննչական կոմիտեի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագիծը, որով նախատեսվում է, որ զինվորական ծառայություն չանցած անձինք կարող են աշխատել Քննչական կոմիտեում:
Այս լուրն անմիջապես հարուցեց բազմաթիվ բացասական մեկնաբանություններ։ Բանն այն է, որ նախկինում նման բան չի նկատվել ՔԿ-ում պաշտոնի հավակնողների միջավայրում։ Ասենք, ինչպեսև դատախազությունում, ոստիկանությունում, Ազգային անվտանգության ծառայությունում և պետծառայության մի շարք այլ ստորաբաժանումներում որոշակի պաշտոնների պարագայում։ Կային սահմանափակումներ, որոնք բացառում էին կենսագրության այդօրինակ դրվագ ունեցող անձանց աշխատելու հնարավորությունը այդչափ պատասխանատու ուժային կառույցներում։
Կարելի է քննադատական նետերի տարափ տեղալ նախկին իշխանությունների հասցեին, ինչով էլ մշտապես զբաղված են նոր իշխանությունները, բայց այդուհանդերձ նկատենք, որ այն ժամանակ բանակային ծառայություն անցած լինելը կարևոր պայման էր հենց նույն Քննչական կոմիտեում, դատախազությունում և այլուր աշխատանքի թեկնածուների համար։
Այստեղ չի կարելի հաշվի չառնել այն օբյեկտիվ ճշմարտությունը, որ նոր իշխանության ներկայացուցիչներից շատ-շատերը երկամյա ծառայության ընթացքում չեն նկատվել զորանոցներում ու պահակետերում։ Սկսած նրանցից, ովքեր այսօր զբաղեցնում են ամենաբարձր պաշտոնները։ Եվ ստացվում է, որ նրանք, ովքեր չեն ծառայել բանակում, իրենց նմաններին են պատասխանատու պաշտոնների առաջադրում երկրի իրավապահ և ուժային կառույցներում, որը դեռևս գտնվում է պատերազմական վիճակում՝ դրանից բխող բոլոր հետևանքներով։
Մինչդեռ հիշենք հենց նույն Քննչական կոմիտեին վերաբերող լոկ մեկ օրինակ ոչ վաղ անցյալից։ Ռուստամ Բադասյանը, որն ամեն աստծու օր հայտնվում է «ԳԱ»-ի էջերում, 2019-ի գարնանը չկարողացավ դառնալ Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, թեև 2019-ի հունվարին Արթուր Ղամբարյանի հրաժարականից հետո իշխանությունները շատ էին ցանկանում նրան տեսնել այդ պաշտոնում։ Այն ժամանակ Բադասյանը զբաղեցնում էր ՀՀ Պետեկամուտների կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնը, որտեղից էլ 2019թ. հունիսին տեղափոխվեց արդարադատության նախարարի պաշտոնին։ Բայց շրջանցելով Քննչական կոմիտեն։
Բանն այն է, որ նա առողջական վիճակի պատճառով ազատվել է պարտադիր զինվորական ծառայությունից։ Մինչդեռ «Քննչական կոմիտեի մասին» ՀՀ օրենքը սահմանում է պահանջներ, համաձայն որոնց՝ ՀՀ Քննչական կոմիտեում պաշտոնի կարող են նշանակվել պարտադիր զինվորական ծառայությունից բացառիկ դեպքերում ազատված անձինք: Օրինակ, եթե նրանք զորակոչից տարկետում են ստացել մինչև 27 տարին լրանալը կամ հաշվառված են պահեստազորում, համաձայն այդ օրենքի 13-րդ հոդվածի: Իսկ առողջական վիճակի պատճառով զինվորական ծառայությունից ազատվելը, որը կարգավորվում է «Զինապարտության մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետով, սահմանում է, որ պարտադիր զինվորական ծառայությունից ազատվում է հանրապետական զորակոչային հանձնաժողովի կողմից առողջական վիճակի պատճառով զինծառայության համար ոչ պիտանի ճանաչված քաղաքացին` հանվելով զինվորական հաշվառումից, ինչը միանշանակ բացառում է աշխատանքը ՔԿ-ում:
Հետևաբար, պարտադիր զինծառայությունից ազատված անձը ոչ մի կերպ չի կարող պաշտոն զբաղեցնել Քննչական կոմիտեում։ Ահա և չկարողացավ ՔԿ-ում բարձր պաշտոն զբաղեցնել Ռուստամ Բադասյանը։ Բայց հիմա, նոր իշխանությունների ջանքերով, նրան ու իր նմաններին ոչ ոք ու ոչինչ չի խանգարի աշխատել ու նույնիսկ գլխավորել երկրի գլխավոր ուժային կառույցները։ Այսինքն օրենքի տվյալ կետն այժմ հանվում է թեկնածուին ներկայացվող պահանջներից։
Իսկ հերթի է դրված օրենսդրական մեկ այլ նախաձեռնություն. պարտադիր զինվորական ծառայությունից փողով ազատվելու մասին։ Հատկանշական է, որ «հիանալի» նախաձեռնության հեղինակները՝ խորհրդարանի մի խումբ պատգամավորներ, նախընտրում են ձեռնպահ մնալ մեկնաբանություններից ։ Եվ դա հասկանալի է. չէ՞ որ մենք ունենք մի իրավիճակ, երբ նրանց ուղղված հարցերն ավելի շատ են, քան պատասխանները, որ նրանք կարող են տալ հասարակությանը։ Օրինագիծը նախորդ շաբաթ ներկայացվել է կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և Սփյուռքի հարցերով խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանի կողմից: Համաձայն օրինագծի՝ 27 տարին բոլորած և ժամանակին բանակային ծառայությունից խուսափած քաղաքացիները կարող են գումար մուծել պայմանագրային զինծառայողի երկամյա աշխատավարձի չափով և ազատվել քրեական հետապնդումից: Բացի Հայրապետյանից, նախաձեռնության մշակմանը մասնակցել են նաև ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը և անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը: Վերջինս, ի դեպ, զինվորական ծառայությունից խուսափելու և այդ նպատակով փաստաթղթեր կեղծելու համար դատապարտված անձանցից մեկն է։
Բայց տանք մի հարց, որը օրինագծի հեղինակներին, ըստ երևույթին, չի մտահոգել. կարո՞ղ է արդյոք Հայաստանն այդպիսի մոտեցում թույլ տալ իրեն, առավելևս՝ այսօր։ Չէ՞ որ ոչ մեկի, այդ թվում նաև մշակողների համար գաղտնիք չէ, որ այս ամենը տեղի է ունենում Հայաստանի և Արցախի սահմանների վրա իրավիճակի հերթական սրման խորապատկերին։ Իրավիճակը խորացնում են տեղեկություններն Ադրբեջանում թուրք զինվորականների հայտնվելու մասին։ Մի խոսքով, ոչ մի լավ բան այդօրինակ «նախաձեռնությունը» հեռանկարում մեզ չի խոստանում։
Ներողամտության ցուցաբերումը նրանց նկատմամբ, ովքեր խուսափում են զինվորական ծառայությունից, իսկ այժմ կարող են օրինական հիմունքներով գումար վճարել դրա դիմաց, բնավ չի նպաստում երիտասարդության մեջ հայրենասիրություն դաստիարակելուն։ Ստացվում է, որ կարելի է զորակոչային տարիքում ծլկել արտասահման, փող հավաքել, իսկ հետո վճարել ու Հայրենիքի հանդեպ կատարած պարտքի զգացումով հպարտ վերադառնալ տո՞ւն։
Իսկ այդժամ ո՞վ է պաշտպանելու հայոց հողը։ Հասկանո՞ւմ են արդյոք իշխանությունները, թե ուր են մղում երիտասարդներին։