ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԵՐԵՎԱՆԻ ԱՆԱՏԱՄՈՒԹՅՈՒՆԸ ՈՒՂԻՂ ՀԱՄԵՄԱՏԱԿԱՆ Է ԱԼԻԵՎԻ ՍԱՆՁԱՐՁԱԿՈՒԹՅԱՆԸ
Սեպտեմբերի 21-ին Նյու Յորքում բացվեց ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանը, նույն օրը կազմակերպությունը նշեց իր հիմնադրման 75-ամյակը: Այդ առիթով անդամ պետությունների ղեկավարները տեսագրեցին և հաջորդ օրը հնչեցրին տեսաուղերձներ՝ արտահայտելով իրենց մտքերը ՄԱԿ-ի հետագա զարգացման և գլոբալ խնդիրների լուծման վերաբերյալ։ Խոսում էին հիմնականում մարտահրավերներին առավել արդյունավետ արձագանքելու նպատակով համաշխարհային կառույցի բարեփոխման անհրաժեշտության, բաժանարար գծերի վերացման և փոխօգնության ու համագործակցության ընդլայնման անհրաժեշտության մասին՝ հատկապես կորոնավիրուսի համավարակի պայմաններում:
Այդ խորապատկերին կտրուկ առանձնանում էր մեկ ելույթ. Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևինը, որը հերթական անգամ օգտագործեց ՄԱԿ-ի ամբիոնը, ընդ որում՝ հոբելյանական, որպեսզի Հայաստանի վրա բարդի մահացու մեղքերի ողջ ցանկը, գանգատվի «բռնազավթումից», հիշեցնի «1 միլիոն փախստականների» մասին և այլն: Ամեն ինչ կլիներ սովորականի պես (թեև տարօրինակ է, եթե նկատի առնենք ելույթների ընդհանուր հնչերանգը), բայց Ալիևը Հայաստանին մեղադրեց նաև բանակցությունները խափանելու և «Ադրբեջանի դեմ նոր ագրեսիա» նախապատրաստելու մեջ: Այսինքն ներգրեց քարոզչական հին հնարքները Բաքվի կողմից Անկարայի հետ համատեղ իրականացվող և ահագնացվող տեղեկատվական նոր քաղաքականության համատեքստում, որի նպատակը, ինչպես բազմիցս նշել են հայ փորձագետները, լայնածավալ ռազմական ագրեսիայի նախապատրաստումն է հայ ժողովրդի դեմ։
Տեղեկատվական-քարոզչական այս նոր արշավը, որը չափազանց ակնհայտորեն հիշեցնում է հրետակոծություն մարտական գործողություններից առաջ, ընթանում է վերջին բոլոր ամիսներին, սկսած Տավուշի ուղղությամբ Ադրբեջանի հուլիսյան պարտությունից։ Ռազմատենչ հռետորաբանության ահագնացումն ընթանում է Հայաստանի հասցեին Բաքվի և Անկարայի գնալով ավելի լպիրշ մեղադրանքներին զուգահեռ, ուղեկցվելով կոպիտ ու կենտրոնացված տեղեկատվական արտանետումներով։ Ընդ որում, ինչպես նշում են փորձագետները, այս անգամ խոսքն ամենևին էլ մի քանի շրջանների և նույնիսկ ողջ Արցախի համար մղվող պատերազմի մասին չէ։ Չափազանց ակնհայտ է Անկարայի գործողությունների աշխարհաքաղաքական տեսանկյունը, որը ձեռնամուխ է եղել հայ ժողովրդի պատմական բնակության ողջ տարածքը գրավելու իր մեկ դար առաջ անավարտ մնացած ծրագրերի իրականացմանը։ Նույնքան ակնհայտ է, որ սպառնալիքներ շաղ տվող ու բռունցքները թափահարող Ալիևն ընդամենը գործիք է Թուրքիայի գլոբալ ծրագրերի իրականացման համար։
Սեպտեմբերի 21-ին Ալիևը հայտարարեց, որ բանակցություններ «փաստացի չեն ընթանում» և ինքը մտադիր չէ բանակցությունների մասնակցել «հանուն իմիտացիայի»: Նաև բացահայտեց վերելակային պայմանավորվածությունների էությունը՝ Հայաստանի համար նվաստացուցիչ ալիևյան մեկնաբանությամբ, մեղադրելով Նիկոլ Փաշինյանին, թե իբր նա չի կատարել իր խոստումները։ Մեկ օր անց հաջորդեց ՄԱԿ-ին հղված տեսաուղերձը՝ վերը նշված քարոզչական ստի և լկտի մեղադրանքների ողջ հավաքածուով։ Այնուհետ եկավ օժանդակությունն Անկարայից. Թուրքիայի ԱԳ նախարար Չավուշօղլուն կոչ արեց Հայաստանին «խելքի գալ» և «դադարեցնել հարձակումներն Ադրբեջանի վրա»։
Արցախի հարցով գրեթե բոլոր լուրջ ու հեղինակավոր փորձագետները և վերլուծական կենտրոններն ահազանգում են, հայտարարելով հայկական պետությունների համար իրավիճակի վտանգավորության և Հայաստանի ու Արցախի անվտանգության ապահովման նպատակով քայլեր ձեռնարկելու անհրաժեշտության մասին։ Իսկ ի՞նչ է անում Հայաստանի Հանրապետության քաղաքական ղեկավարությունը։
ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԸ ԼՌՈՒՄ Է։ ՄԱԿ-ին հղած նրա ելույթը ավելի շատ հիշեցնում էր ողջ մարդկությանը սպառնացող հավանական վտանգի ենթարկված աշխարհում առանձին կյանքով ապրող չեզոք պետության առաջնորդի կողմից վայելչագեղ շարադրված փիլիսոփայական տրակտատ: Հասկանալի և հստակ չասվեց մշտական սպառնալիքների այն իրավիճակի մասին, որում գտնվում են հայկական երկու պետությունները, Թուրքիայի կողմից բացահայտ սպառնալիքների, թուրքական երկու պետությունների անթաքույց ռազմական նախապատրաստությունների, ստի այն տարափի մասին, որ նրանք անվերջ հնչեցնում են Հայաստանի հասցեին, թուրքական քաղաքականության վտանգավորության մասին՝ ոչ միայն հայ ժողովրդի, այլև ողջ Մեծ տարածաշրջանի համար։
Անցած երկու օրերի ընթացքում Փաշինյանը մի բառ անգամ չասաց վերելակային պայմանավորվածությունների վերաբերյալ Ալիևի անկեղծացումների և այն մասին, որ, ըստ Ադրբեջանի նախագահի, խախտել է վերջինիս իր տված խոստումը։ Սկզբունքորեն այդ ամենի մասին փորձագիտական հանրությունը վաղուց էր կռահում, բայց մեկ բան են կռահումները, և միանգամայն այլ բան՝ պետության ղեկավարի հասցեին հրապարակավ հնչեցրած մեղադրանքները։ Սակայն Փաշինյանին, դատելով ամենից, դա չի մտահոգել ու չի վիրավորել։ Նա լռում է, հանրությանն իրավունք տալով համարելու, որ Ալիևի ասած ամենը ճիշտ է։ «Դուշանբեի վերելակի» գաղտնիքը բացահայտված է, և այդ «գաղտնիքը» նվաստացուցիչ է վարչապետի համար։
Փաշինյանն ու իր թիմը այն աստիճան անփույթ են արտաքին քաղաքականության, մասնավորապես՝ Արցախի հիմնախնդրի կարգավորման հարցերում և այնքան նրբանկատորեն են վերաբերվում «կիրթ» Ալիևին, որ նույնիսկ մտքներով չանցավ օգտագործել նրա ասածն իրենց օգտին։ Թե իբր՝այ թե ինչպես,այն ժամանակ դեռ բացարձակ նորեկ լինելով մեծ քաղաքականության մեջ, ես տրորեցի փորձառու ճիվաղի քիթը։
Ինչպե՞ս արձագանքեց Ալիևի օպուսներին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը։ O՜, դա ընդհանրապես եզակի, ունիվերսալ և նույնիսկ քաղաքականությանը ոչ բնորոշ ռոմանտիկ արձագանք էր։ Պարզվեց, որ Ալիևի հայտարարությունը «շատ հուզական» էր, ուստի Մնացականյանը հրաժարվեց մեկնաբանել այն։ Ու վե՛րջ։ Ճիշտ է, հետո նա փորձեց փոքր-ինչ մեղմել տպավորությունը և... կրկնեց սերտած ու ծամծմված այն արտահայտությունը, թե «Մենք մնում ենք բացարձակ հավատարիմ գործընթացի խաղաղ կարգավորմանը և պատրաստ ենք բանակցությունների» ։
Առավելագույնս հստակեցնելու համար ընդգծենք. ագրեսոր երկրի առաջնորդը, հանցավոր պետության նախագահը և իր թուրք եղբայրն ու, գլխավորը՝ հանցակիցը մեղադրում են Հայաստանին բանակցությունները ձախողելու, Ադրբեջանի դեմ «նոր ագրեսիա» նախապատրաստելու մեջ և ընդ որում չեն թաքցնում սրընթաց սպառազինումն ու համատեղ ռազմական գործողությունների նախապատրաստումը ՄԱԿ-ի և ՀԱՊԿ-ի անդամ երկրի դեմ: Իսկ Երևանից անհասկանալի, ներեցեք, մկկոց է հիչում ավելորդ «հուզականության» և խնդիրները խաղաղ ճանապարհով լուծելու պատրաստակամության մասին։
Այնուհետ խոսքը տվեցին խորհրդարանական թերհասին. ավելի ճիշտ՝ թերհասներից մեկին, որը փորձում է իրեն դրսևորել արտաքին քաղաքական դաշտում, բայց ակնհայտորեն անկարող է ծնել և ոչ մի ըմբռնելի միտք։ Ապաշխարում եմ, իմ նախորդ նյութերում բազմիցս կոչ եմ արել իշխող խմբակցության պատգամավորներին գոնե երբեմն արտահայտվել երկրի արդիական խնդիրների մասին, քանի որ խորհրդարանը, ուզես թե չուզես, այնուամենայնիվ քաղաքական մարմին է, այլ ոչ թե միայն «կոճակասեղմիչ»։ Ցանկությունս, ցավոք, իրականացավ. Ռուբեն Ռուբինյանին հանձնարարեցին խոսել։ Եվ սույն երիտասարդը, որը եռանդագին փորձում է ներկայանալ իբրև լուրջ քաղաքական գործիչ, կարծես թե ինչ-որ բան ասաց։ Բայց ավելի լավ է չաներ դա, Աստված վկա…
Այն հարցին, թե ինչով է պայմանավորված բանակցությունների պասիվությունը, Ռուբեն Ռուբինյանը, ըստ ԶԼՄ-ների, տվեց հետևյալ պատասխանը. «Մեկ պատասխան չկա. դա համատեքստերի հանրագումար է, և այդ պատճառներով ունենք այն, ինչ ունենք»։ Որից հետո հայտարարեց, թե կա հակամարտության կարգավորման երկու տարբերակ. «Կա՛մ այս հակամարտությունը կլուծվի Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի ժողովուրդների համար ընդունելի տարբերակով, կա՛մ չի լուծվի»: Բացի այդ արտահայտության բազմիցս նշված անհեթեթությունից, ինչպե՞ս այստեղ չհիշես փաշինյանական մեկ այլ տխրահռչակ արտահայտություն. «Կա՛մ ես կլինեմ վարչապետ, կա՛մ Հայաստանն ընդհանրապես վարչապետ չի ունենա»…
Քաղաքագետներն արդեն վաղուց են արձանագրում. հայկական դիվանագիտությունը կաթվածահար է և ունակ չէ համարժեք արձագանքել ծայրաստիճան վտանգավոր մարտահրավերներին։ Պաշտոնական Երևանի անատամությունն ակնհայտորեն ուղիղ համեմատական է Ալիևի և նրա թուրք տերերի սանձարձակությանն ու լպիրշությանը. որքան ավելի բարձրագոչ է համարձակվում սպառնալ Հայաստանին Բաքվի բռնապետը, որը հուլիսին հերթական ցավոտ մատնազարկն ստացավ իր կարկառուն քթին, այնքան անբացատրելի մեղմ ու նրբանկատ է Երևանի արձագանքը։ Լիակատար տպավորություն է, որ Փաշինյանն ու իր ասածները հլու-հնազանդ կրկնող կարիերային դիվանագետ ԱԳ նախարարը վախենում են հանկարծ նեղացնել Բաքվի բռնապետին համարժեք կոշտ պատասխանով։
Անհամաչափ պատասխանի իրավունքը Հայոց բանակին թողնելը, հավանաբար, նույնպես կարելի է համարել արձագանքի տարբերակ։ Դրա հետ մեկտեղ, նման մոտեցումը պետք է միանշանակ գնահատել որպես այն կարծիքի հաստատում, որ Հայաստանում բացակայում է դիվանագիտությունը նրանց պարագայում, ովքեր, ըստ էության, պարտավոր են լինել դրա (դիվանագիտության) կրողն ու իրականացնողը՝ որպես պետության պաշտոնական ներկայացուցիչներ։