ՎԱՐՍԵՐՑԻ ՏԱՆԴԵՄՆ ԱՅԼԵՎՍ ԲԱՐԵՀԱՃՈՒԹՅՈՒՆ ՉԻ ՎԱՅԵԼՈՒՄ
Ո՞ւմ քաղաքական շահերն է սպասարկում ՍԴ դատավոր Գրիգորյանը
Գեղարքունիքի մարզում կա մի գեղեցիկ գյուղ՝ Վարսեր ռոմանտիկ անունով։ Տեղացիներն այդ անվանումը կապում են լեռնային մարգագետինների շատ բարձր խոտի հետ։
Ծնունդով Վարսերից են երկրին երկու սկանդալային կերպար նվիրած ընտանիքները. ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանին և Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանին։ Ընտանիքները մտերիմ էին միմյանց հետ, նրանց որդիները նույնպես ընկերություն են անում։ Այդ ընկերությանն է, ըստ լավատեղյակ աղբյուրների, երկիրը պարտական «Մարտի 1»-ի գործի քննության ներկայիս վիճակի համար։
Առանձնահատուկ պետք է նշել, որ Գրիգորյանը երկար տարիներ ընկերություն է արել ոչ միայն Խաչատրյանի, այլև Լևոն Տեր-Պետրոսյանի որդու հետ։ Վահեն տարիներ շարունակ ՀԱԿ առաջնորդի կողմնակիցն է և, դատելով ամենից, սպասարկում է նրա քաղաքական շահերը։ Ի պատասխան՝ Տեր-Պետրոսյանն ակտիվորեն լոբբինգավորում էր Գրիգորյանի նշանակումը ՍԴ նախագահի պաշտոնում։
Սա նշում ենք, քանզի ՍԴ անդամները չպետք է ունենան քաղաքական նախասիրություններ, և ՍԴ նախկին նախագահ Հրայր Թովմասյանին մեղսագրում էին ՀՀԿ-ի կողմնակից լինելը։ Իսկ ինչո՞ւ Գրիգորյանին ոչ ոք չի մեղադրում ՀԱԿ-ի հետ համագործակցելու մեջ։ Հիշեցնեմ, որ նա ՍԴ դատավորի պաշտոնում ընտրվեց օրենքի նորմի խախտումով (Գրիգորյանի թեկնածությունը խորհրդարանի հաստատմանը ներկայացվեց երկու անգամ), Գրիգորյանն ինքը խորհրդարանի ամբիոնից հռչակեց իրեն ՍԴ նախագահ՝ նախանշելով տարբերությունը ՍԴ անդամների և դատավորների միջև, ինչին հավանություն չտվեցին եվրոպական ազդեցիկ կառույցները։ Նրանք տեղեկացրեցին վարչապետին, որ ՍԴ դատավորն ու ՍԴ անդամը նույնական հասկացություններ են։
Ամիսներ շարունակ Գրիգորյանն աշխատավարձ է ստացել հարկատուների գրպանից՝ անտեսելով իր ծառայողական պարտականությունների կատարումը։ Նրա անունը հիշատակվում էր ՀՔԾ պետի հետ ԱԱԾ ղեկավարի սկանդալային հեռախոսազրույցի ժամանակ։ «Մարտի 1»-ի գործի վեսթերնիզացման արշալույսին հայտնի դարձավ, որ Գրիգորյանի անձն առանցքային դեր է խաղում այդ գործում։
Հենց Գրիգորյանն ու Խաչատրյանն են գծագրել և իրականացրել քննչական միջոցառումների սխեման։ Այս դուետն է հորինել սահմանադրական կարգը տապալելու մեղադրանքը, որը ներկայացվեց երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին և մի շարք նախկին բարձրաստիճան անձանց: Այսօր այդ մեղադրանքով դատավարության նկատմամբ հասարակայնության վստահությունը բացակայում է։ Դատարանի նիստերի դահլիճը լքելու և դատավարությանն իր ներկայությունը դադարեցնելու մտադրության մասին զոհվածների հարազատների հայտարարությունը բուռն արձագանք չառաջացրեց քաղաքականացված հանրության կողմից, իսկ երկրորդ նախագահի փաստաբանները ևս մեկ անգամ կրկնեցին, որ սահմանադրական կարգը տապալելու մեղադրանքը չի ենթադրում 10 մարդու սպանողների բացահայտում:
Հասարակությունը շատ ավելի կենտրոնացավ 30-ական միլիոն դրամի վրա, որ Փաշինյանը բաժանեց 2008թ.մարտի 1-ի զոհերի հարազատներին, անտեսելով զոհված զինվորների մայրերի խնդրանքը՝ իրավունքներով հավասարեցնելու իրենց որդիներին փողոցային անկարգությունների ընթացքում զոհված 10 մարդկանց։
Ո՞վ չէր ուզում, որ Կոստանյանն ու Հարությունյանը խոսեին
Գրիգորյան-Խաչատրյան դուետին է երկիրը պարտական նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի և վարձու մարդասպանի ձեռքով զոհված փոխոստիկանապետ Գևորգ Մհերյանի հասցեին մեղադրանքների համար։ Նրանց մեղադրեցին այն բանում, թե իբր ստիպել են ոստիկանության նախկին պետեր Հայկ Հարությունյանին և Ալիկ Սարգսյանին պաշտոնեական կեղծիք կատարել։ Կոստանյանը Մոսկվայից պատասխանեց, որ լինելով արդարադատության փոխնախարար՝ ինքը չէր կարող կարգադրություններ տալ երկու ոստիկանապետերին։ Սարգսյանը նույնպես ցուցմունք էր տվել, որ նման կարգադրություն ու հանձնարարություն չի եղել և չէր էլ կարող լինել։
Կոստանյանի խոսքերով, նման մեղադրանքներով իշխանությունը փորձում է քողարկել 10 մարդու սպանողներին բացահայտելու իր անկարողությունը: Նախկին գլխավոր դատախազը կարծում է, որ 10 մարդու սպանության գործը բացահայտել հնարավոր է, բայց իշխանությունն ի վիճակի չէ դա անել, ուստի գնաց ամենահեշտ ճանապարհով և մեղադրեց «Մարտի 1»-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանին իրեղեն ապացույցները կեղծելու մեջ։ Հիշեցնեմ, որ իշխանափոխությունից հետո Փաշինյանը հայտարարություն հնչեցրեց այն մասին, թե «Մարտի 1»-ի գործն ամբողջությամբ բացահայտված է։ Կոստանյանը վրդովվեց, թե ինչպե՞ս կարելի է բացահայտել գործը՝ չնշելով 10 մարդու սպանողների անունները։ Նիկոլը պատասխանեց, թե հնարավոր չէ գտնել մարդասպաններին՝ իրեղեն ապացույցների կեղծված լինելու պատճառով, մասնավորապես ՝ պարկուճների. իբր՝ նախորդ իշխանությունն արել է ամեն ինչ, որպեսզի ճշմարտությունը ջրի երես չելնի։
Կոստանյանը հայտարարեց հայրենիք վերադառնալու պատրաստակամության մասին, եթե իր համար ապահովվի հրապարակայնությունը, համանման պատրաստակամություն հայտնեց նաև Հարությունյանը, սակայն իշխանությունը հրաժարվեց կատարել նրանց պայմանները, քանզի բացարձակապես շահագրգռված չէր, որ այդ արժեքավոր վկաները խոսեն գործի վերաբերյալ։ Ասեմ ավելին. Կոստանյանը հայտարարեց, որ եթե ՀՔԾ-ն ներկայացնի իրեղեն ապացույցների կեղծմանն իր առնչության թեկուզ մեկ ապացույց, ապա պատրաստ է ընդունել իրեն առաջադրված բոլոր մեղադրանքները, բայց այդպիսի ապացույց ՀՔԾ-ն չունի։ Կոստանյանի այդ հայտարարությանը հաջորդեց միայն ՀԱԿ-ի քաղաքական կողմնակիցների և անձամբ Գրիգորյանի ագրեսիվ արձագանքը։ Մնացածներին հետաքրքիր կլիներ իմանալ, թե հատկապես ինչի մասին էր ցանկանում պատմել նախկին գլխավոր դատախազը…
Մինչև հիմա անբացատրելի է մնում, թե ինչու ՀՔԾ-ն չհամաձայնեց Կոստանյանի և Հարությունյանի պայմաններին. չէ՞ որ Հայաստան վերադառնալու դեպքում նրանց կարելի էր մեղադրանք ներկայացնել ու կալանավորել։ Նրանք ախր այնքան էլ շատ բան չէին պահանջում. ընդամենը ցուցմունքների հրապարակայնություն ու թափանցիկություն։ Այստեղ ակամայից հանգում ես միայն մեկ եզրակացության. այդ մարդկանց որպես մեղադրանք ներկայացնելու ոչինչ չկար։ Եվ բացի այդ. Կոստանյանի և Հարությունյանի հրապարակային ցուցմունքները կարող էին լույս սփռել 2008-ի մարտի 1-ի զանգվածային անկարգությունների հրահրմանը Տեր-Պետրոսյանի և Փաշինյանի առնչության վրա, և այդժամ հասարակայնությունը կարող էր իմանալ 10 մարդու մահվան նոր մանրամասներ։ Գրիգորյան-Խաչատրյան տանդեմին դա պետք չէր։
Նիկոլի ու Տեր-Պետրոսյանի արանքով սև կատու է անցել
Տանդեմին ձեռնտու է, որ մարդիկ, որոնք տեղյակ են դեռևս նախկին իշխանության օրոք մարտի 1-ի դեպքերի հետաքննության մանրամասներին, չվերադառնան երկիր։ Քանզի այդ դեպքում նրանց կարելի է վերագրել գործը բացահայտելու և մարդասպաններին պարզելու ՀՔԾ անկարողությունը։ Հայտնի է, որ 10 մարդուց ոչ բոլորն են զոհվել հրազենից, ոմանք մահացել են պայթյունից, «Չերյոմուխա» գազից…
ՀՔԾ-ն բավական վաղուց գիտեր Հարությունյանի գտնվելու վայրի և Մոսկվա մեկնելու պատճառների մասին։ ՀՔԾ-ին հայտնի էին բնակարանի հասցեն և բժշկական կենտրոնը, որտեղ բուժվում էր «Մարտի 1»-ի գործով քննչական խմբի նախկին պետը: ՀՔԾ-ին այսօր էլ հայտնի է մոսկովյան բարձրագույն ուսումնական հաստատությունը, որտեղ դասավանդում է նախկին գլխավոր դատախազ Կոստանյանը, բայց Հայաստանում երկուսն էլ՝ Հարությունյանն ու Կոստանյանը, հետախուզման մեջ են։ Այլ կերպ ասած՝ քննությունը փնտրում է մարդկանց, որոնց հասցեները հայտնի են։
Հիշեցնեմ, որ «Մարտի 1»-ի գործի բացահայտումը եղել և մնում է Նիկոլի առանցքային խոստումը։ Նրան դադարել են հավատալ այն պահից ի վեր, երբ Ռոբերտ Քոչարյանին և մի խումբ անձանց մեղադրանք ներկայացվեց սահմանադրական կարգի տապալման հոդվածով։ Ենթադրյալ հանցանքի կատարման պահին ՀՀ օրենսդրության մեջ նման հոդված չի եղել։ Այս ամենի մասին գրվել է բազմիցս, իսկ հիշեցրեցինք Գրիգորյան-Խաչատրյան տանդեմի մասին այն պատճառով, որ վերջերս Փաշինյանի և ՀԱԿ առաջնորդի արանքով սև կատու է անցել։ Դա տեղի էր ունեցել նախքան այն պահը, երբ ՀԱԿ առաջնորդը իր առանձնատուն հրավիրեց ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինին և սկսեց համոզել նրան, թե համամիտ չէ Ռուսաստանի նկատմամբ Փաշինյանի քաղաքականությանը։
Փաշինյանի շրջապատում արդեն սկսել են խոսել այն մասին, որ Գրիգորյանի և Խաչատրյանի մեղքով Քոչարյանի գործով դատավարության շուրջ իրավիճակը փոխվել է։ Սեպտեմբերի 22-ին Քոչարյանը տեղեկացրեց իր կողմնակիցներին, որ դատարանը զբաղված է առօրեական աշխատանքով։ Զոհվածների հարազատները փորձեցին սկանդալ բորբոքել դատարանի նիստերին այլևս ներկա չլինելու որոշման շուրջ: Դա տեղի ունեցավ փաստաբաններ Տիգրան Եգորյանի և Սեդա Սաֆարյանի ազդեցությամբ, որոնք սերտորեն կապված են Գրիգորյանի և ՀԱԿ առաջնորդի շրջապատի հետ։ Չի բացառվում, որ զոհերի հարազատներին դատական նիստերի դահլիճից հեռացնելու հրահանգը բխել է Տեր-Պետրոսյանից…
Հիշեցնեմ, որ Սահմանադրական դատարանում ճգնաժամի գլխավոր նախաձեռնողը նույնպես Գրիգորյանն էր։ Բավական է մտաբերել Փաշինյանին հասցեագրված հայտնի նամակը՝ ՍԴ-ում տիրող իբր ողբալի իրավիճակի մասին։ Այսօր ՍԴ-ում իրավիճակն իսկապես ողբալի է։ Դեռևս հստակություն չկա, թե կմիաձուլվեն արդյոք ՍԴ-ն ու Վճռաբեկ դատարանը միասնական Գերագույն դատարանի, երկրորդ նախագահի գործով դատավարության նկատմամբ հետաքրքրությունը նվազագույն է, «Մարտի 1»-ի գործի քննության նկատմամբ հասարակության մեջ առկա է համատարած անվստահություն։ Նիկոլը դարձել էր Գրիգորյան-Խաչատրյան տանդեմի պատանդը, սակայն հիմա նրա ձեռքերն ազատ են…
Հիշեցնեմ, որ Գրիգորյանին սատարում են ՀԱԿ-ն ու Տեր-Պետրոսյանը, իսկ Խաչատրյանի թիկունքում կանգնած է սորոսական գվարդիան. չէ՞ որ ՀՔԾ-ի պետի եղբայր Դավիթը երկար տարիներ եղել է Բաց հասարակության հիմնադրամի առաջին դեմքերից մեկը։ Գրիգորյանի հասցեին Փաշինյանի վերջին արտահայտությունները կասկած չեն թողնում, որ վարսերցի տանդեմն այլևս բարեհաճություն չի վայելում։