ՉԱՓ ՈՒ ՍԱՀՄԱՆ ՉՃԱՆԱՉՈՂՆԵՐԸ

Իշխանությունը կրկնում է ՀՀՇ-ի վատթարագույն ավանդույթները

Հոկտեմբերի 2-ին նշելու ենք գործադիր իշխանության կողմից խորհրդարանի զավթման երկրորդ տարեդարձը. դրանից մի քանի ամիս անց հաջորդեց դատարանները շրջափակելու վարչապետի կոչը:

Այնուհետ իշխանությունը Սահմանադրության խախտումով նշանակեց Հիմնական օրենքում փոփոխություններ կատարելու հանրաքվե ՝ Սահմանադրական դատարանի նախագահից և վեց դատավորներից ազատվելու նպատակով, ապա հաջորդեց հանրաքվեի չեղարկումը խորհրդարանի ուժերով և Սահմանադրության աղաղակող խախտումներով։ Չեղարկմանը հաջորդեց Հիմնական օրենքում փոփոխությունների կատարումը խորհրդարանական մեծամասնության ուժերով՝ սահմանադրական իրավունքի բոլոր նորմերի խախտումով։

Այսօր այն մասին, թե «2018-ի ապրիլից ավարտվել է ավազակապետության փուլը», խոսում է միայն ՀԱԿմամլո խոսնակ Արման Մուսինյանը, մյուսները բավական համարժեք են արձագանքում իրականությունը. իշխանափոխությունից հետո Հայաստանը մտել է օրենքի ու իրավունքի ցուցադրական անարգման փուլ։ Նոր իշխանությունը շարունակում է ՀՀՇ-ի վատթարագույն ավանդույթները, ուստի Մուսինյանին հասկանալ կարելի է. չէ ՞ որ նա շարադրում է հհշական հանցավոր ռեժիմի նախկին պարագլխի տեսակետը։

Նույնիսկ հիշյալ իրավական բաքոսատոնից հետո շատերը երկար ժամանակ չէին հավատում, որ իշխանությունը փորձել է ստիպել խորհրդարանի ամենախոշոր ընդդիմադիր խմբակցության ղեկավարին հրաժարվել մանդատից և համանման հրաժարման հարկադրել խմբակցության ևս վեց անդամների

Վերջնագիր

Շատերը պարզապես հրաժարվում էին հավատալ այն տեղեկատվությանը, որ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը Գագիկ Ծառուկյանին է հասցրել իշխանության (իմա ՝ Նիկոլի) կարգադրությունը՝ հրաժարվելու պատգամավորական մանդատից և պարտադրելու նույնը անել Նաիրա Զոհրաբյանին, Էդուարդ Բաբայանին, Վարդան Ղուկասյանին, Դավիթ Մանուկյանին, Ջանիբեկ Հայրապետյանին և Գևորգ Պետրոսյանին։

Նրանք, ովքեր խորհրդարան են բերել շոու-բիզնեսի աստղերի, հոծախմբի դերասանների և պարոն Սորոսի հետևորդների, աննպատակահարմար են համարում իրավաբան Գևորգ Պետրոսյանի և մեծ ստաժով պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի հետագա ներկայությունը պրոֆեսիոնալ խորհրդարանում: Այո, խորհրդարանում գերակշռում են ոչ քաղաքական դեմքերը, և ԲՀԿ խմբակցությունն էլ բացառություն չէ, բայց իշխանության ներկայացրած այդօրինակ վերջնագրերը ամենասանձարձակ կամայականություն են։

Ասեմ ավելին. Ծառուկյանին ոչ միայն փորձեցին ստիպել վայր դնել մանդատը և հարկադրել վեց պատգամավորներին հետևել իր օրինակին, նրան, ըստ էության, սակարկում առաջարկեցին։ Այն է՝ նա հեռանում է խորհրդարանից և տանում իր թիմին, իսկ փոխարենը՝ նրան գուցե ներեն չապացուցված առնչությունը 2017-ի ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրություններում ընտրակաշառքների կազմակերպմանը։

Ըստ օրենքի՝ մանդատներից հրաժարվելու դեպքում խորհրդարանում տեղ են զբաղեցնում նախընտրական ցուցակի հաջորդ անդամները։ Յոթ պատգամավորների հեռանալու դեպքում նրանց փոխարինելու կգային հաջորդ յոթը, հետևաբար ՝ ԲՀԿ խմբակցության թվաքանակի վրա դա ոչ մի կերպ չէր անդրադառնա։ Պարզապես իշխանությունն ուզում էր ազատվել այն մարդկանցից, ովքեր համարձակություն ունեն խորհրդարանի ամբիոնից ճշմարտությունն ասելու պետության իրական վիճակի մասին։ Խոսքը Պետրոսյանի և Զոհրաբյանի մասին է։ Գաղտնիք չէ, որ ԲՀԿ խմբակցությունում կան ոչ քաղաքական կերպարներ, բայց «Իմ քայլը» խմբակցությունում այդպիսիք անհամեմատ ավելի շատ են։ Ուրեմն ինչո՞ւ են պետության առաջին դեմքերն այդքան շահագրգռված ընդդիմադիր խմբակցությունը ոչ քաղաքական դեմքերից մաքրելու հարցում, միգուցե արժեր սկսել մեծամասնությա՞ն խմբակցությունից։

Փաշինյանը սևեռվել է Ծառուկյանի վրա

Քաղաքական շրջանակներում արդեն սկսել են խոսել այն մասին, որ Ռոբերտ Քոչարյանից հետո Փաշինյանը սևեռվել է Ծառուկյանի վրա և գաղտնի հրահանգ տվել բոլոր պատկան մարմիններին՝ ամեն գնով ճաղերի հետևում փակել ԲՀԿ առաջնորդին։

ԱԱԾ-ն արդեն տեղեկացրել է, որ ընտրակաշառքների գործով մեղադրանք է ներկայացվելու տասնյակ քաղաքացիների: Բացառված չէ, որ մանդատների վերաբերյալ սակարկումը վերջինը չէր, հնարավոր է ՝ Ծառուկյանին առաջարկեն չեղարկել հոկտեմբերի 8-ին նշանակված զանգվածային հանրահավաքը ՝ խոստանալով կրճատել մեղադրյալների թիվը։

Դժվար թե ԲՀԿ առաջնորդը կուլ տա այդ խայծը։ Քաղաքական շրջանակներում վաղուց արդեն հասկացել են, որ Նիկոլի խոսքը գրոշ անգամ չարժե, իսկ եթե Ծառուկյանը չեղարկի հանրահավաքը, նրան կդադարեն հավատալ։ Ծառուկյանին դիտավորյալ անկյուն քշեցին ու ստիպեցին դիմադրել, այլ կերպ ասած՝ Փաշինյանը նպատաուղղված դուրս մղեց ԲՀԿ առաջնորդին ընդդիմադիր դաշտ, համարելով, թե այդ դաշտում ավելի հեշտ կլինի հաշվեհարդար տեսնել նրա հետ։ Նիկոլն անհամբերությամբ ցանկանում է ճաղերի հետևում փակել ԲՀԿ առաջնորդին, որպեսզի ինչ-որ կերպ հանդարտեցնի կրքերը իր կողմնակիցների ճամբարում, որոնք անչափ դժգոհ են, որ երկրորդ նախագահն ազատության մեջ է հայտնվել։

Ծառուկյանի կալանավորումը նախատեսված է որպես հերթական ցուցադրական շոու, որը ցույց կտա իշխանության, այսինքն Նիկոլի ուժը։ Սեպտեմբերի 23-ին Կենտրոն համայնքի ընդհանուր իրավասության դատարանի նիստը՝ Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, չկայացավ: Այդ նիստը նշանակված է սեպտեմբերի 25-ին։ Նիկոլական ֆեյքերն արդեն ցնծում են՝ Ծառուկյանի առաջիկա կալանավորման կանխավայելումով…

Основная тема:
Теги: