ԼՊԻՐՇՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՑԻՆԻԶՄ: ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆՆ ԱՆՀՆԱՐ Է ՊՈԿԵԼ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ԿԵՐԱՄԱՆԻՑ
Ազգային ժողովի պատգամավորները, պետական ծառայողներն ու աշխատակազմի աշխատակիցները որպես խրախուսանք կստանան միանվագ դրամական պարգևատրում՝ ամսական պաշտոնական դրույքի 75%-ի չափով: Այդ մասին News.am-ին հաղորդել են ԱԺ մամլո ծառայությունից։
Նշենք, որ ԱԺ նախագահի պարգևավճարի գումարը կազմել է 892 890 դրամ, փոխնախագահներինը՝ 694 470 դրամ, պատգամավորներինը՝ 496 050 դրամ, ԱԺ նախագահի խորհրդականինը՝ 471 247 դրամ:
ԲԱՅՑ ԱՆՀՆԱՐ Է ԼՌԵԼ. եթե այդ որոշումն ընդունվեր 3 տարի առաջ, շոկի մեջ կգցեր հասարակայնությանն իր ցինիզմով: Այդ ի՜նչ աստիճան պետք է կորցնես խիղճդ, որ երկրի համար կրիտիկական ժամանակահատվածում, սոցիալ-տնտեսական ճգնաժամի, բյուջեի եկամուտների աղետալի անբավարարության պայմաններում ծախսես հարկատուների փողերը պարգևավճարային շռայլությունների վրա, կասեր հասարակայնությունը։ Եվ իրավացի կլիներ։
Սակայն այժմ, Հայաստանի «նորացման», երրորդ տարում քչերին կարող է զարմացնել այդ որոշումը։ Այո, զայրացնում է, բայց բնավ չի զարմացնում. Արդեն երկուսուկես տարի իշխանության ղեկին գտնվող թիմը մշտապես ապացուցում է, որ ոչ մի խիղճ, բարոյականության ոչ մի նորմեր, սոցիալական արդարության մասին ոչ մի խոսակցություններ չեն կարող կասեցնել սեփական բարեկեցությունը բարձրացնելու իր եռանդը։ Նա համոզված է, որ ի տարբերություն ժողովրդի, նրա (ժողովրդի) ծառաները միայն աշխատավարձով ապրել չեն կարող, չեն ուզում և մտադիր էլ չեն։ Թիմը համոզված է, որ ժողովրդին կարելի է և պետք է խեղդել լրացուցիչ հարկերով, պատկառելի տուգանքներով, որոնք իբր բարձրացնում են նրա ինքնագիտակցությունն ու պատասխանատվությունը։ Ընդ որում նման պատասխանատվության ոչ մի նշույլ իշխանության ներկայացուցիչները չեն էլ փորձում ցուցաբերել։
Այստեղ, ի դեպ, նշենք, որ պատգամավորական կորպուսի (չհաշված ԱԺ աշխատակազմի աշխատակիցներին) վերջին պարգևատրման համար հատկացվող գումարը համապատասխանում է նրան, որը բյուջե է մտնում դիմակային ռեժիմի խախտման համար քաղաքացիներից գանձված 7000 տուգանքներից։ Այսինքն, պատկերավոր ասած, 7000 մարդ պետք է տուգանվի, որպեսզի գանձարանը կարողանա ֆինանսավորել ժողովրդի 132 ընտրյալների պարգևավճարները։ Լպիրշություն, ցինիզմ,աղաղակող անպատասխանատվություն և պետական մտածողության իսպառ բացակայությո՞ւն։ Ոչ, սա ընդամենը այն ամենի պտուղն է, ինչ տեղի ունեցավ երկրում երկուսուկես տարի առաջ։ Այժմ ոմանք վայելում են «բերքը», իսկ մյուսները՝ հպարտորեն վճարում դրա համար…
Սակայն պարգևավճարների հետ կապված պատմության մեջ կա ևս մեկ տեսանկյուն, որը պարզապես անհնար է անուշադրության մատնել։ Դե լավ, իշխանական թիմի պարագայում ամեն ինչ պարզ է։ Նրա խղճին ապավինելը, խոհեմության կոչ անելը վաղուց անիմաստ է։ Իշխող թիմը պարգևավճարների համատեքստում արդեն նման է մթագնած ուղեղով ստաժավոր հարբեցողի, որը պատրաստ է մինչև վերջին կոպեկը ծախսել խմիչքի վրա, զրկել երեխաներին վերջին կտոր հացից։ Մի խոսքով, դրանք անհուսալի մարդիկ են։ Իսկ իշխանության ընդդիմախոսնե՞րը։ Ավաղ, այստեղ նույնպես ամեն ինչ, մեղմ ասած, մռայլ է պատկերանում։ Նույնիսկ է՛լ ավելի մռայլ։
Հիշեցնեմ. ԱԺ-ում կա իշխանության խմբակցությանը չպատկանող 44 պատգամավոր։ Բացառությամբ մի քանի անկախ պատգամավորների, մնացած բոլորն ընդդիմադիր են ներկայանում իշխանության հանդեպ, մնացած բոլորն անխնա քննադատում են նրան, մնացած բոլորը կառավարությունից պահանջում են բացի ամենից նաև համարժեք արձագանք սոցիալ-տնտեսական ճգնաժամին։ Մինչդեռ չեմ հիշում մի դեպք, որ ընդդիմադիր պատգամավորները հրաժարված լինեն իրենց պարգևավճարներից՝ համարելով, որ առավել քան անարդար է երկրի ու ժողովրդի համար ծանրագույն պայմաններում բարձրացնել սեփական բարօրությունը։ Ընդդիմադիր պատգամավորները խորհրդարանի ամբիոնից բոցաշունչ ճառեր են արտասանում՝ քննադատելով իշխանությանը, հանդիպում ընտրողների հետ, ասում նրանց, որ կառավարությունը մեկը մյուսի հետևից ձախողումներ է արձանագրում, որ հասարակ մարդիկ հայտնվել են սովամահության շեմին, որ իշխանությունը պետք է օգնի նրանց, աջակցի, սուբսիդավորի... Եվ այդ խորապատկերին զուգահեռաբար շատ հանգիստ, առանց առարկությունների ընդունում են պարգևավճարները։ Համաձայնեք, դա երեսպաշտության առավել քան վառ օրինակ է։
Կորոնավիրուսային ճգնաժամի պայմաններում բազմաթիվ երկրների կառավարություններ որոշել են ձգել սեփական գոտիները, սահմանափակել պաշտոնյաների աշխատավարձերը։ Օրինակ, Իսրայելի նախագահն օրերս դիմել է կառավարությանը՝ խնդրելով կրճատել իր աշխատավարձը 10%-ով։ Իսկ մինչ այդ Իսրայելի կառավարությունը որոշել էր 10%-ով կրճատել Կնեսետի պատգամավորների, կառավարության անդամների և ղեկավարի աշխատավարձերը։ Այդ նախաձեռնության քննարկման ընթացքում նախարարներից մեկն առաջարկեց ընդհանրապես 20%-ով կրճատել աշխատավարձերը։
Մեր կառավարությունը, «նոր Հայաստանի» իշխանությունները նույնպես գնում են գոտիները ձգելու ճանապարհով։ Ճիշտ է, նրանք ձգում են ժողովրդի գոտին, իսկ իրենցը՝ ինքնամոռաց թուլացնում…