Ատոմ ՄԱՐԳԱՐՅԱՆ. ՎԱՐԿԱՅԻՆ ԱՐՁԱԿՈՒՐԴՆԵՐԸ ԵՎ ՀԱՄԱՆԵՐՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՀՆԱՐԱՎՈՐ ԵՆ
Ինչ վերաբերում է վարկային արձակուրդներին և համաներումներին, ապա պետք է լուծումներ փնտել, դրանք կարող են իրականացվել կառավարության երաշխիքների ներքո, իսկ հնարավոր է` բանկերն իրենք կարող էին զիջումների գնալ տոկոսադրույքների վճարման մասով` բանկային համակարգի գերշահույթների շնորհիվ: Այս մասին News.am-ին տված հարցազրույցում ասաց Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ինովացիոն և ինստիտուցիոնալ հետազոտությունների կենտրոնի ղեկավար, տնտեսագետ Ատոմ Մարգարյանը:
Նրա խոսքով` վարչական մեթոդներով դրան հասնելը ռիսկային է, քանի որ ֆինանսական կազմակերպությունները կարող են սնանկանալ, ուստի անհրաժեշտ է գտնել «ոսկե միջինը»:
«Վարկային համաներումը բոլոր ուղղություններով և ամբողջությամբ` որպես պերմանենտ միջոց, իհարկե անհնար է: Մեր բանկային համակարգը որոշ չափով հիմնված է «օլիգոպոլիստական համաձայնագրերի» վրա, ինչը կապված է նաև տասնամյակների ընթացքում մշակված ավանդական մոտեցումների հետ, որոնք կոռուպցիայի տարրեր են պարունակում»,- շեշտեց նա:
Մարգարյանը նշեց, որ բանկային համակարգի մարժան գերբարձր կայունություն և գերշահույթ էր ապահովում նույնիսկ ամենադժվար ժամանակներում, օրինակ` 1997-1998 թվականներին և 2007-2008 թվականների ճգնաժամերի պայմաններում:
«Հիմա նույն պատկերն է: Մենք տեսնում ենք, որ բանկերը շահույթով են աշխատում, և նրանցից ոչ մեկը չի սնանկացել: Սա նոնսենս է` հաշվի առնելով, որ նույնիսկ աշխարհի ամենազարգացած երկրներում ճգնաժամի պայմաններում այս երևույթը մասսայաբար է դիտվում, և դա նորմալ է: Մեր տնտեսության իրական հատվածը, ըստ էության, սպասարկում է ամբողջ բանկային համակարգին: Բոլոր պայմանները ստեղծվել են այս կայունությունը ցանկացած գնով պահպանելու համար: Քաղաքական փոփոխություններին զուգահեռ ֆինանսական ոլորտում պետք է բարեփոխումներ իրականացվեն, ինչը չի արվել: Կենտրոնական բանկի վարքագծում որակական փոփոխություններ չկան, որոնք կարող էին սպասարկել այսպես կոչված «տնտեսական հեղափոխության» կարիքները: Չգիտես ինչու, չի լուծվում վարկային կազմակերպությունների հարցը, որոնք գործում են անվերահսկելի` գերբարձր տոկոսադրույքներով միջոցներ տրամադրելով, որոնք հասնում են 220-230 տոկոսի: Այս գործընթացը, չնայած համավարակին, խորանում է, և այստեղ հարց է առաջանում. ինչո՞ւ լիցենզիա տրամադրող Կենտրոնական բանկը չի կարգավորում այս ոլորտը: Ինչո՞ւմ է խնդիրը? Ի վերջո, սա ամենաիսկական «ստվերային վաշխառություն է»»,- շեշտեց նա:
Փորձագետը բպարզաբանեց, որ երկրում դեռ սոցիալական ճգնաժամ չկա, և դրա մասին կարելի էր խոսել, եթե պետությունն ու համապատասխան մարմինները չկարողանային կատարել ստանձնած պարտավորությունները նպաստների ու կենսաթոշակների, ինչպես նաև պետական հատվածում աշխատավարձերի վճարման մասով:
«Սոցիալական լարվածություն, այո, կա, և այն չի կարող չլինել: Երբ վճարումների հետ կապված խնդիրների առաջացման ռիսկ կա, պետությունը ստիպված է լրացուցիչ միջոցներ ներգրավել, այդ թվում` ավելացնելով արտաքին և ներքին պարտքերը: Այս ֆոնին Կենտրոնական բանկի դրամավարկային քաղաքականությունը կապված է պետության համար ներքին աղբյուրներն էժանացնելու ցանկության հետ, այդ թվում` հակաճգնաժամային աջակցության ծրագրերի իրականացման նպատակով: Իսկ Կենտրոնական բանկի վերաֆինանսավորման տոկոսադրույքի իջեցման հիմնական նպատակն առևտրային բանկերի կողմից տրամադրվող վարկերի տոկոսադրույքների իջեցումն է, սակայն մենք տեսնում ենք, որ այս իմաստով սինքրոն գործընթացներ չկան: Սա, իր հերթին, կապված է Կենտրոնական բանկի դրամավարկային քաղաքականության ավանդական մոտեցումների և կառավարության հարկաբյուջետային քաղաքականության հետ: Իհարկե, խոսելով վարկերի մասին, դուք պետք է հասկանաք, որ մենք խոսում ենք նաև քաղաքացիների ավանդային հաշիվների մասին, բայց դա չի նշանակում, որ վարկերի տոկոսադրույքները պետք է այսքան բարձր լինեն: Շատ դժվար է կտրուկ իջեցնել տոկոսադրույքները, սակայն կարելի է ադեկվատ գործիքներ ներդնել, որպեսզի աստիճանաբար դրան հասնել»,- եզրափակեց Մարգարյանը: