Ջրամատակարարման նոր գրաֆիկ է սահմանվել

«Վեոլիա ջուր» ՓԲԸ-ն հայտարարություն է տարածել` տեղեկացնելով, որ 2020–ի հոկտեմբերի 1-ից 2021–ի ապրիլի 30-ը մայրաքաղաքի մի շարք թաղամասերի շենքերում ու առանձնատներում ջուրը կանջատվի կեսգիշերից մինչև առավոտվա 7-ը։

Նման գրաֆիկ կգործի Աջափնյակ թաղամասի Հալաբյան, Ֆուչիկ, Մազմանյան, Մարգարյան, Ավանի Ծարավ աղբյուր, Արաբկիրի Կոմիտաս, Խաչատրյան, Քոչար, Հակոբյան, Էրեբունու Դավիթ–Բեկ, Բելինսկի, Ռոստովյան, Որմնադիրների, Շենգավիթի Արարատյան, Արտաշիսյան, Թադևոսյան, Նժդեհ, Քանաքեռ–Զեյթունի Ուլնեցի, Ռայնիս, Թբիլիսյան, Մալաթիա–Սեբաստիայի Վանտյան, Կուրղինյան, Մեծարենց և այլ փողոցների որոշ շենքերում ու առանձնատներում։

Դավթաշեն և Նուբարաշեն թաղամասերի բոլոր շենքերում և առանձնատներում ջրամատակարարումը կլինի շուրջօրյա։ Կենտրոն թաղամասում ջուրը կանջատվի միայն Ռուսթավելու, Կոզեռնի, Ս. Հովհաննեսի և Օստրովսկու փողոցներում, իսկ Նորք–Մարաշում գիշերը ջուր չեն ունենա միայն Հովսեփյան փողոցի և Նորքի 2, 6, 9, 13, 15 և 17 տների բնակիչները։

Հայտարարության մեջ «Վեոլիա ջուրը» նման որոշումը մեկնաբանում է ընկերության «ներկայիս տեխնիկական հնարավորություններով»։ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հաստատել է ընկերության գրաֆիկը։

Հասցեների ամբողջական ցանկը կարող եք տեսնել այստեղ։

«Վեոլիա ջուր» ընկերության մամուլի քարտուղար Մուրադ Սարգսյանը Sputnik Արմենիային ասաց, որ իրականում որոշ հասցեների ջրամատակարարումը միայն կբարելավվի։ Նա նշեց, որ գրաֆիկը հրապարակվում է տարին երկու անգամ, և ամեն անգամ ջրամատակարարման ժամերն ավելանում են։

«Մենք կարող ենք միայն լավացնել գրաֆիկը։ Այնտեղ, որտեղ ջրամատակարարումը 17 ժամ է կազմում, նախկինում էլ էր այդպես։ Որևէ տեղ ջրամատակարարման ժամանակահատվածի նվազում չկա, ոչ մի տեղ շուրջօրյա ջրամատակարարումը չի վերածվել 17 ժամի», – ասաց Սարգսյանը` ավելացնելով, որ նման հրապարակումները ապատեղեկատվություն են։

Նա շեշտեց, որ ընկերությունը հաճախ որոշ հասցեներում շուրջօրյա ջրամատակարարում է իրականացնում` անկախ 17-ժամյա գրաֆիկից։ Երևանի հասցեների 95%–ի դեպքում ջրամատակարարումը շուրջօրյա է, մարզերում իրավիճակն ավելի վատ է, բայց ընկերությունն աշխատում է այդ հարցը կարգավորելու ուղղությամբ։ Սարգսյանի խոսքով` «Վեոլիա ջուրը» շուտով հանդես կգա պարզաբանումներով։