ՄԱՐՏԻ ԳՆԱՑԻՆ «ԾԵՐՈՒԿՆԵՐԸ»

Գնալով ավելի մեծ քանակությամբ տվյալներ են ստացվում Արցախի շուրջ վերջին սրացման մեջ թուրքական ներկայության մասին։ Անկարան և Բաքուն պատերազմին պատրաստվում էին հանգամանորեն. օգոստոսին անցկացվեցին համատեղ զորավարժություններ, որոնց ավարտից հետո Ադրբեջանում մնաց թուրքական մեծաքանակ ռազմական տեխնիկա և մասնագետներ, մասնավորապես՝ թուրքական «Բայրաքթար» հարվածային անօդաչու սարքերի կառավարման գծով, որոնք ավելի վաղ լայնորեն կիրառվել են Սիրիայում և նախկինում չեն եղել ադրբեջանական բանակի զինանոցում:

Դե ինչ, Բաքուն ու Անկարան որոշեցին օգտագործել համավարակը որպես հնարավորություն և կրկին փորձել բախտը: Ավելին, վերջին օրերին փուլ առ փուլ Ադրբեջան են տեղափոխվել ուսուցում անցած և Սիրիայում մարտական գործողությունների փորձ ունեցող վարձկաններ։ Ըստ վարչապետի աշխատակազմին առընթեր «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի, հատուկ ծառայությունների տվյալների՝ Ադրբեջանի սանձազերծած մարտական գործողություններին մասնակցում են մոտ 4 հազար գրոհայիններ Սիրիայից: «Ճշտված տեղեկություններով գրոհայինների շարքում կա 81 զոհ»,- հավաստում է ՊՈԱԿ-ի ղեկավար Հովհաննես Մովսիսյանը:

Սոցիալական ցանցերի ադրբեջանական հատվածում տեղեկատվություն է հայտնվել այն մասին, որ սիրիացի վարձկաններն արդեն բախվում են տեղի ադրբեջանցի բնակչության հետ. ստիպում կանանց հիջաբներ կրել, ավերում ոգելից խմիչքներ վաճառող խանութները:

Բաքուն ջանում է ցանցից արագ հեռացնել նման տեղեկատվությունը, համացանցն Ադրբեջանում գործում է մեծ սահմանափակումներով, սակայն հայ մասնագետները պահպանել են ներկայացված տեղեկատվության էջապատճենները։

Ղարաբաղյան կողմի տվյալներով, Արցախի պաշտպանության բանակի դեմ սեպտեմբերի 27-ի առավոտից սկսած օգտագործվում են ոչ միայն թուրքական զրահատեխնիկա, հրետանային ու հրթիռային կայանքներ և թուրքական անօդաչու թռչող սարքեր, այլև թուրքական F-16 կործանիչներ, որոնք ավելի քան մեկ ամիս տեղակայված են Ադրբեջանի տարածքում՝ թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժություններին մասնակցելու պատրվակով: Զորավարժություններն ավարտվեցին, կործանիչները մնացին և կիրառվեցին ավիագրոհների ժամանակ։ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյան. «Ուզում եմ հայտարարել, որ մեզ հետ կռվում է ոչ թե Ադրբեջանը, մեզ հետ կռվում է նաև Թուրքիան։ Օգտագործում են թուրքական բանակի ձեռքի տակ եղած հիմնական ժամանակակից զենքերն ու զինամթերքները»։

Ըստ էության, ամեն ինչ սպասելի է։ 90-ականների սկզբին Արցախի դեմ կռվելու եկան բասաևականներն ու մոջահեդները։ Հետո փախան ու սրտաճմլիկ խոստովանություններ արեցին, որ ադրբեջանցիները կռվել չգիտեն։ Այնպես որ պատմությունը կրկնվում է, և այսօր մենք ունենք Մերձավոր Արևելքից բերված ահաբեկչական ջոկատների մասնակցությամբ ամենամեծ ագրեսիան Արցախի դեմ՝ 1994-ի մայիսին ռազմական գործողությունների դադարեցումից հետո։

Գլխավորը դա չէ։ Գլխավորն այն է, որ Արցախի համար վճռորոշ մարտի գնացին «ծերուկները»։ 90-ականների սկզբի տղաները, այսօրվա վետերանները։ Արցախում նրանց դիմավորեց հանրապետության նախագահը՝ 90-ականների սկզբի Արցախյան ազատամարտի մասնակից Արայիկ Հարությունյանը։ Նրանց, այդ սերնդին է վիճակված վերջակետ դնել այս հարցում։ Քանզի որքան էլ ոմանք ջանան, անհնար է վերաշարադրել պատմությունը։ Չկա «հին Հայաստան», «նոր Հայաստան». կա մեկ Հայաստան, բոլորի համար ընդհանուր։

Արայիկ Հարությունյանն այսօր առավոտյան կգրի. «Հպարտ և շնորհակալ եմ մեր զորքին, հրամանատարությանը՝ ցուցաբերվող մարտական բարձր ոգու և պատրաստականության համար:

Հպարտ և շնորհակալ եմ մեր ժողովրդին՝ այս ընթացքում ցուցաբերած ողջախոհության, ամեն ինչ հանուն Հայրենիքի ու ճակատի՝ նվիրվածության համար:

Հպարտ և շնորհակալ եմ ՀՀ մեր հայրենակիցներին ու իշխանություններին՝ ցուցաբերած անվերապահ սատարման համար:

Հպարտ և շնորհակալ եմ աշխարհասփյուռ մեր հայրենակիցներից աջակցող հազարավոր զանգերի ու խոսքերի համար:

Խոնարհումս ու ցավակցություններս եմ հայտնում այս ընթացքում հերոսի կյանքով ընկած մեր բոլոր տղաների հարազատներին: Հպարտ և շնորհակալ եմ»:

... «Նայեցի զինվորների աչքերին և հասկացա, որ նրանք ավելի շատ են սիրում հայրենիքը, քան ես հավատում եմ Աստծուն»: Իսկ սա գրել է տեր Աբել քահանան՝ սահմանամերձ Մովսես գյուղից։