ԹՈՒՐՔԻԱՅԻ ԱՆՄԻՋԱԿԱՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆ ԱՐՑԱԽԻ ԴԵՄ ՌԱԶՄԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՓՈԽՈՒՄ Է ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ՁԵՎԱՉԱՓԸ
«Բանակցային գործընթացն այլևս չի կարող ղարաբաղյան խնդրի շրջանակներում մնալ իր նախկին տեսքով»,- «ԳԱ»-ին տված բացառիկ հարցազրույցում հայտարարեց ՌԳԱ ՀՏՄՀԻ-ի գլխավոր գիտաշխատող, Կովկասագետների գիտական ընկերության նախագահ Ալեքսանդր Կռիլովը:
-Սեպտեմբերի 27-ի կիրակի առավոտյան Ադրբեջանը պատերազմ սանձազերծեց Արցախի դեմ։ Ոչ թե տեղային դիվերսիա, այլ լայնածավալ հարձակում շփման գծի ողջ երկայնքով, ներառյալ նաև Ստեփանակերտի ռմբակոծումը։ Դա սպասելի՞ էր։ Ինչպես կմեկնաբանեք Ադրբեջանի գործողությունները։ Ինչի՞ է փորձում նա հասնել։
-«Գրավյալ տարածքների» վերադարձը վերածվել է Ադրբեջանի ազգային գաղափարի, դրա վրա է կառուցվում Ադրբեջանի ներքին և արտաքին ողջ քաղաքականությունը։ Երկրի բոլոր խնդիրները բացատրվում են ղարաբաղյան խնդրի առկայությամբ և Հայաստանի կողմից երկրի մի մասի «օկուպացիայով»։ Հայերը ներկայացվում են որպես ադրբեջանցիների պատմական թշնամիներ, այդ ոգով է իրականացվում բնակչության հոգեբանական մշակումը՝ սկսած ամենավաղ տարիքից։ Ազգայնական ու ռևանշիստական ռազմատենչ տրամադրությունների բորբոքումը թույլ է տալիս իշխող վերնախավին ապաարդիականացնել ներքաղաքական օրակարգը և ուղղորդել սոցիալական դժգոհությունն ընդդեմ Հայաստանի։ Այդպիսով ապահովվում է ներքաղաքական կայունությունը, և իշխանությունը մնում է Ադրբեջանը սեփական ընտանեկան բիզնեսի վերածած մարդկանց նեղ շրջանակի ձեռքում։
Տարիներ շարունակ Բաքուն դանդաղընթաց պատերազմ է մղում, որի նպատակը Հայաստանի ջլատումն է և կապիտուլյացիայի պարտադրումը։ Սակայն ներկա իրադարձությունները դարձան ոչ միայն նախկին քաղաքականության դրսևորում։ Դրանք նշանակում են հակամարտության անցում սկզբունքորեն նոր հարթություն, քանի որ Թուրքիայի անմիջական ներգրավվածության պատճառով այն դադարում է լինել Լեռնային Ղարաբաղի շուրջ Հայաստանի և Ադրբեջանի հակամարտություն։
-Դուք համամի՞տ եք այն տեսակետին, որ այսօր խոսքը ոչ թե հայկական պետության դեմ ադրբեջանական ագրեսիայի, այլ թուրք-ադրբեջանական ագրեսիայի մասին է, և ռազմական գործողությունների ղեկին թուրք գեներալներն են:
-Հարցը միայն թուրք սպաներն ու գեներալները չեն, որոնք տեխնիկական աջակցություն են ցուցաբերում, մասնակցում ադրբեջանական բանակի գործողությունների ծրագրմանն ու ղեկավարմանը։ Ռազմական գործողությունների սկսվելուց առաջ Թուրքիայի ղեկավարությունը բազմիցս հայտարարել է, որ աջակցություն կցուցաբերի Ադրբեջանին հնարավոր բոլոր միջոցներով, ներառյալ ռազմական: Ադրբեջանի տարածքում վերջերս լայնամասշտաբ զորավարժություններ անցկացվեցին թուրքական բանակի մասնակցությամբ։ Մեծ է հավանականությունը, որ դրանց ավարտից հետո սպառազինությունն ու թուրք զինվորականներն այդպես էլ դուրս չեն տարվել թուրքական տարածք։ Այնպես որ հիմա դրանք կարող են գործարկվել հայկական բանակի դեմ մարտերում։ Նրանք կարող են կռվել ադրբեջանական, այլ ոչ թե թուրքական դրոշների տակ. դա, ըստ էության, ոչինչ չի փոխում։
-Ստեղծված իրավիճակում ի՞նչ նոր իմաստավորում է պահանջում Արցախի բանակցային գործընթացը:
-Թուրքիայի անմիջական մասնակցությունը ռազմական գործողություններին նշանակում է հակամարտության նախկին երկկողմ ձևաչափի փոփոխություն։ Դա կպահանջի ընդլայնել բանակցային գործընթացի թեմատիկան, որն այլևս չի կարող ղարաբաղյան հիմնախնդրի շրջանակներում մնալ իր նախկին տեսքով։ Այժմ հակամարտության քննարկման և խաղաղ լուծման մշակման ժամանակ պետք է հաշվի առնել ողջ նախապատմությունը՝ սկսած ոչ թե ԽՍՀՄ փլուզումից, այլ Առաջին համաշխարհային պատերազմից, 1915 թվականի Հայոց ցեղասպանությունից և դրա հետևանքներից։
-Ինչո՞ւմ եք տեսնում Ռուսաստանի, ԵԱՀԿ Մինսկի խմբի և առհասարակ միջազգային հանրության դերը՝ հաշվի առնելով ընթացիկ իրողությունները: Ինչպիսի՞ք են ձեր կանխատեսումները մոտ ապագայի վերաբերյալ։
-Այստեղ ամեն ինչ կախված կլինի ռազմական գործողությունների ընթացքից, դրանց տևողությունից և արդյունքից։ Առայժմ Ռուսաստանը, ԵԱՀԿ ՄԽ-ն և ընդհանրապես միջազգային հանրությունն արձագանքում են ավանդական ոգով. հիմնախնդրի լուծման բացառապես խաղաղ ուղիների ընդունելիության և շուտափույթ հրադադարի կոչերով: Բացառություն դարձավ միայն Թուրքիան, որը բացահայտ հայտարարեց, որ հանդես է գալիս Ադրբեջանի կողմից։ ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից դեռևս արձագանք չի հաջորդել Թուրքիայի այդօրինակ դիրքորոշման վերաբերյալ։ Բայց կարծում եմ, որ արձագանքել Թուրքիայի գործողություններին և տվյալ դեպքում նախորոշել սեփական դիրքորոշումը նրանք այնուամենայնիվ ստիպված կլինեն։
-Կիրակի առավոտյան սկսել ռմբակոծել խաղաղ քնած բնակչությանը. սա ձեզ ոչինչ չի՞ հիշեցնում:
-Պատերազմում շատ բան է վճռում հանկարծականությունը, տվյալ դեպքում հաշվարկը հենց դրա վրա էր: Սակայն հարձակվող կողմին անցած օրվա ընթացքում չհաջողվեց նկատելի հաջողությունների հասնել, նա զգալի կորուստներ կրեց։ Դա վկայում է այն մասին, որ նրա հրամանատարության ընդունած որոշումները համարժեք չեն եղել իրական վիճակին։
Ակնհայտ է, որ եթե իրադարձությունները սկսեն զարգանալ անբարենպաստ ուղղությամբ, Բաքվում ակնկալում են, որ միջազգային միջնորդությամբ կհաջողվի արագ կնքել հրադադարի հերթական համաձայնագիրը։ Դրանից հետո հնարավոր կլինի շարունակել Հայաստանի ջլատմանն ուղղված դանդաղընթաց պատերազմը։ Սակայն Բաքուն չի դիմի միջնորդների աջակցությանը, քանի դեռ հայկական կողմին չի հաջողվել զգալի հաջողությունների հասնել և ծայրահեղ դրության մեջ գցել հակառակորդին։ Այնպես որ ամենամոտ հեռանկարում ամեն ինչ կորոշվի զենքի ուժով՝ ռազմի դաշտում։