«ԱՎԱԳ ԵՂԲՈՐ» ՆԵՈՕՍՄԱՆԻԶՄԸ
Այս օրերին շատ ու միանգամայն արդարացի խոսվում է այն մասին, որ սեպտեմբերի 27-ից վերսկսված մարտական գործողություններն արցախ-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով ավելի ճիշտ է բնութագրել ոչ թե որպես Ադրբեջանի, այլ որպես ադրբեջան-թուրքական ագրեսիա:
Իրոք, պաշտոնապես ներգրավված չլինելով ռազմական գործողություններում, Ադրբեջանի «ավագ եղբայրը» միանշանակորեն առանցքային դեր է խաղում այս պատերազմում, լինելով աշխարհում փաստացի միակ երկիրը, որը ողջունում և ամեն կերպ սատարում է ագրեսորին: Ի դեպ, պետք չէ կարծել, թե «ավագ եղբոր» դերում Թուրքիան հանդես է գալիս միայն Ադրբեջանի նկատմամբ։ Դեռևս 1992 թվականին նա իրեն հայտարարել է թյուրքական պետությունների (Ադրբեջան, Ղազախստան, Ուզբեկստան, Թուրքմենստան) «ավագ եղբայր»՝ «աղաբեյլիկ», թուրքական ԱԳՆ-ին առընթեր ստեղծելով Թյուրքական համագործակցության և զարգացման գործակալություն։ Իսկ 1993-ին Մեծ Թուրանի գաղափարը դրվեց Թյուրքալեզու երկրների և համայնքների բարեկամության, եղբայրության և համագործակցության կազմակերպության հիմքում։
Իրականում թյուրքալեզու երկրներին իր ազդեցության ոլորտ ներքաշելու Թուրքիայի փորձերը նեոօսմանիզմի գաղափարախոսության և նոր Օտոմանյան կայսրություն ստեղծելու ծրագրերի բաղկացուցիչ մասն են, որոնց մասին զառանցագին երազում է Թուրքիայի ղեկավարությունը և առաջին հերթին նախագահ Էրդողանը։
Թուրքիայի արտաքին քաղաքական ակտիվության պայթյունը տեղի ունեցավ XXI դարի երկրորդ տասնամյակում։ Մերձավոր ու Միջին Արևելքի և մեր տարածաշրջանի հետ կապված բոլոր ուղղություններով Անկարան ձգտում է խաղալ նկատելի, իսկ որոշ դեպքերում նաև առաջատար դեր։ Թուրքիան ամեն կերպ փորձում է հայտարարել իր մասին որպես բևեռներից մեկի իրական հավակնորդի՝ ապագա բազմաբևեռ աշխարհում։ Պատահական չէ, որ դեռևս 2010 թվականի մայիսին Թուրքիայի այն ժամանակվա արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն հայտարարեց. «Անհրաժեշտ է ստեղծել նոր աշխարհակարգ… Գոյություն ունեցող բոլոր գլոբալ ինստիտուտները, ինչպիսիք են ՄԱԿ-ը, Համաշխարհային բանկն ու նմանօրինակ կառույցները, որոնք ձևավորվել են Երկրորդ համաշխարհային պատերազմի արդյունքում, չեն համապատասխանում այսօրվա իրողություններին»։
Այսօր Թուրքիայի ղեկավարությունը, օգտագործելով քաղաքական և տնտեսական կոնյունկտուրան, իրականացնում է բարդ կոմբինացիա, ինչի արդյունքը, իրենց մտահղացմամբ, պետք է դառնա Թուրքիայի վերածումը տարածաշրջանի գերիշխող ուժի, որը կխոսի ԵՄ-ի և Միացյալ Նահանգների հետ որպես հավասարը հավասարի։ Նրա գործողությունները Սիրիայում, Իրաքում, Լիբիայում, հակամարտությունը (առայժմ դիվանագիտական) Հունաստանի հետ, պարբերաբար մերթ վատթարացող (հիշենք, թե ինչպես թուրքական ՌՕՈՒ-ն 2016-ի աշնանը խոցեց ռուսական ռազմական ինքնաթիռը Սիրիայում, իսկ թուրքամետ գրոհայինները սպանեցին օդաչուին), մերթ բավականին բարձր մակարդակի հասցվող հարաբերությունները Ռուսաստանի հետ, Ադրբեջանին ցուցաբերվող անվերապահ ու համակողմանի աջակցությունը բոլոր հարցերում, Նախիջևանում «հաստատվելու» փորձը, կարծում ենք, հենց դրա վկայությունն են։
Եվ, հարկ է նշել, աշխարհաքաղաքական իրավիճակը բավական բարենպաստ է դասավորվում Թուրքիայի համար։ Նա շահեց տարածաշրջանային խաղացողների թուլացումից։ Ոչ վաղ անցյալում Թուրքիայի համար ամենավտանգավոր հարևաններից մեկը՝ Իրաքը, թույլ է և պառակտված։ Իրանի դիրքերը համաշխարհային մասշտաբով բարդացել են Միացյալ Նահանգների հետ նրա դիմակայության հետևանքով, իսկ տարածաշրջանում՝ Իսրայելի և Սաուդյան Արաբիայի դեմ պայքարով։ Իսրայելը կենտրոնացած է սեփական անվտանգության վրա, Սիրիան դեռ երկար ուշքի չի գա քաղաքացիական պատերազմից, Սաուդյան Արաբիան չեզոքացված է Իրանի հետ առճակատմամբ և այլն:
Բազմաթիվ փորձագետների կարծիքով, թուրքական քաղաքականության գործիքակազմն այսօր ներառում է պանթուրքիզմը Կովկասում, Կենտրոնական Ասիայում ու Ռուսաստանի թյուրքական տարածաշրջաններում և «փափուկ իսլամը»՝ արտահանողական կատարմամբ:
2015-2016 թվականներին Էրդողանի կազմակերպված փախստականների ճգնաժամը, երբ Թուրքիան միջազգային և տեղի կազմակերպված հանցավոր խմբավորումների մասնակցությամբ հունական կղզիներ փոխադրեց ահռելի քանակությամբ վերաբնակների, որոնց թիվը վերջնական հաշվարկով միլիոններ կազմեց՝ վախեցնելով եվրոպացի առաջնորդներին, ցույց տվեց վերջիններիս անօգնականությունը այդ կարգի ճնշման առջև և Անկարային վճարելու պատրաստակամությունը՝ փախստականների հոսքը կասեցնելու գրոշանոց խոստումների դիմաց։
Թուրքական 600-հազարանոց բանակը՝ ամենահզորներից մեկը ՆԱՏՕ-ում (2-րդն է թվաքանակով և 3-րդը՝ ռազմական հզորությամբ) և տարածաշրջանում, բազմիցս օգտագործվել է երկրի սահմաններից դուրս: Ճիշտ է, հայ-ադրբեջանական հակամարտությունում այն պաշտոնապես դեռ գործարկված չէ, բայց ադրբեջանական բանակին վարժեցնում են թուրք հրահանգիչները, մարտական գործողությունների ծրագրերը մշակվում են Թուրքիայի գլխավոր շտաբում, իսկ Արցախում այսօր կրակում է թուրքական զենքը։
Ազգային անվտանգության գործող ռազմավարության համաձայն՝ Թուրքիայի զինված ուժերը պետք է պատրաստ լինեն «մեկուկես պատերազմի». արտաքին հակառակորդի դեմ պատերազմի և միաժամանակ երկրի ներսում քրդերի դեմ ռազմական գործողությունների։ Թուրքական տեսանկյունից սպառնալիք են ներկայացնում Ռուսաստանը, Հունաստանը, Բուլղարիան, Հայաստանը, Իրանը, Իրաքը, Սիրիան և նախկին Հարավսլավիայի երկրները՝ տեղի մահմեդականների հալածման դեպքում։
«Զրոյական խնդիրները հարեվանների հետ», «արտաքին քաղաքականության բազմավեկտորությունը»,«փափուկ հզորությունը», «տարածաշրջանային գերուժը» լավ մտածված և հետևողականորեն իրականացվող քաղաքականության տարրերն էին, որը կոչված է ամրագրել Թուրքիայի դերը՝ որպես տարածաշրջանային գերտերության։ Բացի Մերձավոր ու Միջին Արևելքից, Անկարան Բալկաններում առաջ է տանում «Մեծ Ալբանիայի» գաղափարը և Կիպրոսի գրավյալ հյուսիսում պահում զինված ուժերի 30-հազարանոց խմբավորում՝ շարունակելով ուժի դիրքերից խոսել Հունաստանի, Կիպրոսի և Բալկանյան երկրների հետ: Դա վկայում է նաև այն մասին, որ Էրդողանը թուրքական հեգեմոնիայի է ձգտում Արևելյան Միջերկրածովյան տարածաշրջանում։
Այսպիսով, Թուրքիան հետևողականորեն ու համառորեն փորձում է կենսագործել նոր Օտոմանյան կայսրություն ստեղծելու իր նեոօսմանական գաղափարները, Իսկ Հայաստանն ու Արցախը ասես նրա կոկորդին կանգնած ոսկոր լինեն մեր տարածաշրջանում։ Դրա համար էլ 1992 թվականին Թուրքիան ծրագրում էր հարձակվել Հայաստանի վրա, ամեն կերպ օգնում Ադրբեջանին Արցախյան պատերազմի և 2016 թվականի Ապրիլյան պատերազմի ժամանակ և այսօր էլ մասնակցում է Արցախի դեմ ագրեսիային «կրտսեր եղբոր» հետ հավասար։ Այդպես կլինի նաև հետագայում, և ամենևին էլ չի բացառվում, որ վաղը պատերազմի մեջ մտնի նաև թուրքական բանակը, օրինակ՝ Նախիջևանի կողմից։
Թուրք-ադրբեջանական տանդեմին միայնակ դիմագրավել Հայաստանն այդ դեպքում անկարող կլինի։ Անհրաժեշտ է շտապ զարգացնել և խորացնել հարաբերությունները մեր միակ ռազմավարական դաշնակցի և անվտանգության երաշխավորի՝ Ռուսաստանի հետ։