ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ ԱՐԱՅԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ․ ԱՐՑԱԽՆ ԻՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԵՐԲԵՎԷ ՉԻ ԳՐԱՎՎԵԼ ԵՎ ԵՐԲԵՎԷ ՉԻ ԳՐԱՎՎԻ

Դիրքային շոշափելի փոփոխություններ առաջնագծում տեղի չեն ունեցել, ընթացել են շատ ինտենսիվ և լայնածավալ մարտեր։ Տեղեկությունը լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը։

«Ե՛վ մենք, եվ՛ հակառակորդը ունեցել ենք կորուստներ։ Իհարկե, ադրբեջանական կողմը մի քանի անգամ ավելի շատ կորուստներ է ունեցել, ինչպես որ 2016թվականին։ Ես զարմանում եմ Ադրբեջանի ղեկավարության պահվածքով, մասնավորապես՝ անմարդկային պահվածքով։ Նրանք անտարբեր են իրենց կորուստների հանդեպ։ Սա փաստացի նրանց բարբարոս կերպարի մի մասն է»,–ասաց նա։

Հարությունյանը նշեց, որ արդեն ունեն բազմաթիվ փաստեր, որոնք ապացուցում են, որ այս պատերազմն Ադրբեջանի կողմից նախապատրաստվել էր վաղօրոք։

Նախագահի խոսքով`Թուրքիայի մասնակցությունն այսօր պատահականություն չէ։ Դա չի ձևավորվել մի քանի ամիսների և նույնիսկ՝ մի քանի տարիների ընթացքում։

«Թուրքիայի վերաբերմունքը տարածաշրջանի և մանավանդ՝ Հայաստանի ու Արցախի՝ Հայկական աշխարհի հանդեպ, ձևավորվել է մի քանի հարյուրամյակների ընթացքում։ Մենք դեռ հնարավորություն կունենանք մոտակա ժամանակներում ներկայացնել պանթյուրքիզմի«ճանապարհային քարտեզը»»,–ասաց նա։

Նախագահը նշեց, որ Թուրքիան հիասթափվելու է, որովհետև իրենց մոտ ոչինչ չի ստացվելու։ «Որովհետև մենք ունենք հերոսական ժողովուրդ և հերոսական երիտասարդություն, որը պատրաստ է կռվել և կյանքի գնով պաշտպանել հայրենիքը։ Որովհետև ունենք երիտասարդ, որ 18 տարեկան է և արդեն հասցրել է այդ տարիքում ոչնչացնել 9 զրահատեխնիկա և այսօր շարունակում է իր ծառայությունը մեր հայրենիքին»,–ասաց Հարությունյանը։

Արցախն իր պատմության մեջ երբևէ չի գրավվել և երբևէ չի գրավվի։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը։

«Անցնող 4 օրում մեր կողմից խոցվել է թշնամու նույնքան զրահատեխնիկա, որքան ողջ Առաջին արցախյան պատերազմում»,–շեշտեց նախագահը։

«Որովհետև մենք վարձկաններ չենք փնտրում այլ երկրներում, և նրանք պատուհաս չեն դառնում մեր գլխին ժամանակի ընթացքում»,–ասաց նա։

Այս անգամ զինադադար հաստատելու համար Ռուսաստանը ստիպված կլինի բանակցել Թուրքիայի, ոչ թե Ադրբեջանի հետ։ Նման կարծիք այսօր հայտնեց Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը` պատասխանելով լրագրողներից մեկի հարցին, թե Քառօրյա պատերազմի օրերին Ռուսաստանը միջամտեց, և հրադադար կնքվեց` արդյոք այս անգամ կան նման ազդակներ։

«2016 թվականին Արցախը կռվում էր Ադրբեջանի դեմ, և ՌԴ–ն ի վիճակի էր «համոզելու» Ադրբեջանին։ Այժմ ՌԴ–ն պետք է խոսի Հայաստանի և Թուրքիայի հետ։ Ես չգիտեմ, թե որքանով է պատրաստ ռուսական իշխանությունը խոսելու Թուրքիայի ղեկավարության հետ»,–ասաց նա։

Sputnik Armenia-ի նյութերով