ԿՈՇՏ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆ ԿՈՇՏ ՊԵՏԿԱՌԱՎԱՐՈՒՄ
«ԳԱ»-ին տված հարցազրույցում կառավարման ոլորտի փորձագետ, տեխնիկական գիտությունների թեկնածու Հարություն ՄԵՍՐՈԲՅԱՆՆ առաջարկում է մեր երկրի տնտեսական խնդիրների լուծումն ու անվտանգության մակարդակի բարձրացման նոր հնարավորություններ:
-Պարոն Մեսրոբյան, մեր ժողովուրդը, բնականաբար, պատրաստ է հաղթահարել ցանկացած փորձություն, լուծումներ գտնել ամենաբարդ իրավիճակներում, և այդուհանդերձ այսօր, երբ մեր երկիրն օտարի կամքով կրկին հայտնվել է պատերազմական դրության մեջ, առանձնակի կարևոր է ունենալ ամուր տնտեսություն, մեր զինվորին զորակցող հուսալի թիկունք: Ինչո՞ւ անկախության 30 տարիների ընթացքում մեզ չհաջողվեց լուծել տնտեսական խնդիրները։
-Տնտեսության հաջող զարգացումը պահանջում է գրագետ կառավարում, համակարգային և ռազմավարական մտածողություն, երկրում առկա ռեսուրսների ողջ համալիրն արդյունավետ օգտագործելու և հնարավոր ռիսկերը հաշվի առնելու կարողություն: Սակայն, և դա գաղտնիք չէ, մեր երկրում 30 տարի շարունակ իրականացվող կադրային քաղաքականությունը չի նպաստել առանցքային պաշտոններում բանիմաց և բարոյապես հուսալի մարդկանց նշանակմանը, որոնք ունեն ռազմավարական մտածողություն և պետական մասշտաբով կառավարչական գործունեության հմտություններ։ Բնավ ոչ վերջին դերը խաղաց նաև այն, որ պետականության բացակայության 7 դարերի ընթացքում մենք ստիպված չենք եղել ինքնուրույն ընդունել պետական մասշտաբի ռազմավարական որոշումներ, մշակել ու իրականացնել զարգացման երկարաժամկետ ծրագրեր։ Մենք այսպես թե այնպես արձագանքել ենք իրավիճակի փոփոխություններին՝ ելնելով այսրոպեական գոյատևման շահերից։ Այսինքն մենք, ընդհանուր առմամբ, բավականին հաջող ենք հաղթահարել մարտավարական խնդիրները, բայց չենք մշակել ու չենք իրականացրել ռազմավարական ծրագրեր ու երկարաժամկետ նախագծեր։
-Այդուհանդերձ Խորհրդային Հայաստանի տնտեսությունը զարգանում էր դինամիկ և չափազանց հաջող, օգտագործելով կառավարիչների և մասնագետների տեղական կադրերը…
-Բայց այդ հաջողությունները ձեռք էին բերվում շատ հզոր երկրի, ըստ էության՝ կայսրության պայմաններում, որի զարգացման քաղաքականությունն ու ռազմավարությունը հիմնականում նախորոշում էին մարդիկ, որոնք բարձր պաշտոններ էին զբաղեցրել կոշտ ընտրության արդյունքում, անցել ծառայողական բոլոր աստիճանները՝ ստորին մակարդակից մինչև իշխանության վերին էշելոններ: Եվ այն, որ Հայաստանը բավական արագ դարձավ ԽՍՀՄ տնտեսապես ամենազարգացած հանրապետություններից մեկը, գրագետ կառավարման, գործունեության ամենատարբեր ոլորտներում ամենաբարձր մասնագիտական մակարդակի հասնելու հայերի կարողության օգտագործման ևս մեկ հաստատումն է։ Սակայն անկախացումից հետո մեր հանրապետության հզոր արդյունաբերությունը գրեթե ոչնչացվեց, կադրային քաղաքականությունը սկսեց հիմնվել անընդունելի մոտեցումների վրա, ինչն էլ հանգեցրեց լուրջ տնտեսական խնդիրների, որոնք հաղթահարել մեզ չէր հաջողվում անձեռնհաս ղեկավարման պատճառով։ Դրա համար էլ մենք 30 տարվա ընթացքում չենք նախաձեռնել արմատական փոփոխությունների ոչ մի սեփական ծրագիր, այլ լոկ արձագանքել ենք դրսից նախաձեռնվող գործոններին։ Ավելին, անկախության բոլոր տարիների ընթացքում մեր երկրում այդպես էլ չմշակվեց պետության զարգացման ռազմավարական ծրագիր, հիմնված առկա ազգային բոլոր ռեսուրսների արդյունավետ օգտագործման վրա, ինչը զգալիորեն կբարձրացներ մեր ժողովրդի և պետության անվտանգության մակարդակը։
-Եվ այնուամենայնիվ մենք հաղթահարել ենք ծայրահեղ իրավիճակները, ստեղծել մարտունակ բանակ, որը հաջողությամբ հետ է մղում թշնամու մշտական հարձակումները, պահպանել ենք մեր անկախությունը, ստեղծել ևս մեկ հայկական պետություն, և ոչ մի կասկած չկա, որ չնայած տնտեսական լուրջ խնդիրներին, այսօր էլ կհաղթահարենք բոլոր դժվարությունները, կկասեցնենք թշնամուն և անպայման կհաղթենք:
-Մեր հաղթանակն իհարկե անխուսափելի է, դա կասկածից վեր է։ Եվ այստեղ մեզ կրկին օգնության կգա մեր ժողովրդի առանձնահատուկ կարողությունը՝ հաղթահարելու ցանկացած դժվարություն և մոբիլիզացնելու առկա բոլոր ռեսուրսները ճգնաժամային իրավիճակներում։ Բայց լավ կլիներ, որ մեր ժողովրդի ողջ ահռելի ներուժը դրսևորվեր ոչ միայն այն ժամանակ, երբ ծառացած է ազգի բուն գոյության հարցը, այլև խաղաղ պայմաններում։
-Կոնկրետ ի՞նչ է պետք անել այսօր:
-Բանակն, անկասկած, կհաղթահարի իր խնդիրները։ Բայց նրանք, ովքեր թիկունքում են, պետք է անհապաղ ձեռնամուխ լինեն ռազմավարական զարգացման ծրագրի մշակմանը և այդ գործընթացում ներգրավեն ազգի ունեցած մտավոր ուժերը, նրա իսկական էլիտային։ Կրկնում եմ. իսկակա՛ն։ Հունվարին ես, օգտագործելով ԶԼՄ-ների և սոցիալական ցանցերի հնարավորությունները, սկսեցի ձևավորել այդ ծրագրի մշակմամբ զբաղվող բարձրակարգ մասնագետների խումբ: Այդ փաստաթղթի նախաբանում ընդգրկվելու է հզոր պետության բնութագրիչների նկարագրությունը, որի ստեղծմանն է միտված տվյալ ծրագիրը, որի գերակա ուղղությունները կորոշվեն պետության բուն նկարագրությամբ, ինչպիսին մենք ցանկանում ենք կառուցել։ Հուլիսին արդեն ձեռնամուխ ենք եղել այդ ծրագրի մշակմանը։ Բայց այդ աշխատանքի մասին ավելի մանրամասնորեն ես կցանկանայի պատմել քիչ ավելի ուշ։
-Այդ ծրագրի մշակման ընթացքում համագործակցո՞ւմ եք պետական կառույցների հետ:
-Առայժմ ոչ: Սա ինքնուրույն խմբի նախաձեռնություն և աշխատանք է։
-Հասկանալի է, որ դեռ չեք ցանկանում բացել բոլոր փակագծերը, սակայն երկրի ռազմավարական զարգացման ծրագրի իրագործումն անհնար է առանց պետության մասնակցության:
-Այս ծրագրի իրականացման հարցերին մենք կարող ենք վերադառնալ քիչ ավելի ուշ, իսկ առայժմ ասեմ միայն, որ մշակված ռազմավարության և հայկական հզոր պետության կառուցման կոնկրետ ծրագրերի կենսագործումը կիրականացվի ոչ ստանդարտ մոդելով:
-Բայց չէ՞ որ պետական զարգացման ցանկացած ծրագրի կենսագործում կապված է իրավական, ֆինանսական պայմանների, ռեսուրսների օգտագործման հետ... Իսկ այդ ամենը պետության ձեռքում է։ Իհարկե, դուք կարող եք օգտագործել նաև մասնավոր բիզնեսը, մասնավոր նախաձեռնությունը…
-Կրկնեմ, առայժմ չեմ ուզում բացել բոլոր փակագծերը, որպեսզի վտանգի չենթարկեմ բուն ծրագիրը, մանավանդ պատերազմի պայմաններում և հաշվի առնելով, որ մեր հասարակությունն ու պետությունը դեռևս պատրաստ չեն ոչ ստանդարտ լուծումների: Բայց, ինչպես ասում են, գործը տեղից շարժվեց։ Շատ կարևոր է, որ ծրագրում վերջապես ձևակերպված են այն պետության հստակ բնութագրիչները, որը մենք ցանկանում ենք կառուցել, սահմանված են պետական գործունեության մասնահատվածները, որոնցից մեկն էլ տնտեսությունն է՝ իր հերթին բաժանված ենթահատվածների, որոնց գործունեությունը կնախորոշվի եռամսյակային կտրվածքով։ Կփոխվի նաև մոտեցումը առանցքային պաշտոններ զբաղեցնող անձանց նշանակման նկատմամբ, նրանց պատասխանատվության աստիճանը որոշակի ժամանակահատվածում նախատեսված աշխատանքի կատարման համար։
Կատարված աշխատանքի որակական ու քանակական բնութագրիչների խիստ և օբյեկտիվ մշտադիտարկումը հաջող զարգացման պարտադիր պայմանն է: Եվ այն, որ դա չի արվել անկախության նախորդ բոլոր տարիների ընթացքում, հսկայական վնաս է հասցրել մեր ժողովրդին ու պետությանը, նպաստել զանգվածային արտագաղթին ու պետության հանդեպ անվստահության ձևավորմանը։ Այս տարիների ընթացքում ձևավորվել է անձանց յուրօրինակ բլոկ, որոնք, չհաղթահարելով պետական մի պաշտոնը, անցել են մեկ այլ՝ ոչ պակաս պատասխանատու պաշտոնի։ Այդ արատավոր պրակտիկային պետք է խստիվ վերջ տրվի։ Եթե պատասխանատու անձը չի հաղթահարել իր առջև դրված խնդիրները, ապա նա պետք է անհապաղ հեռացվի զբաղեցրած պաշտոնից, իսկ մի շարք դեպքերում պետք է հարուցվի քրեական գործ: Այս կոշտ մոտեցումն այլընտրանք չունի։ Այլապես մենք չենք կառուցի ուժեղ պետություն, չենք ստեղծի ամուր տնտեսություն, որն այնքան անհրաժեշտ է բազմաթիվ սպառնալիքների ենթարկվող երկրին։
-Նկատի ունեք մշտական ռազմական սպառնալի՞քը:
-Իհարկե, առաջին հերթին դա։ Պետք է հասկանալ, որ քանի դեռ գոյություն ունեն Թուրքիան և Ադրբեջանը, մենք մշտապես լինելու ենք ճգնաժամային իրավիճակում, որն իր հերթին բարդացել է անկախության տարիների ընթացքում արդյունավետ կառավարման բացակայության հետևանքով։ Ես բազմիցս և՛ սոցցանցերում, և՛ ԶԼՄ-ներում, մասնավորապես՝ ձեր թերթին տված նախորդ հարցազրույցում ուշադրություն եմ հրավիրել այն հանգամանքի վրա, որ Հայաստանն ու Արցախը Թուրքիայի կողմից Մեծ Թուրանի ծրագրի իրականացման գլխավոր խոչընդոտն են։ Հենց մենք ենք աշխարհագրորեն զատում Թուրանի գլուխը՝ ի դեմս Թուրքիայի, նրա մարմնից, սկսած Ադրբեջանից և վերջացրած Չինաստանի Ույղուրական ինքնավար շրջանով։ Եվ Թուրքիան կանի ամեն ինչ, որպեսզի աշխարհաքաղաքական քարտեզից ֆիզիկապես ջնջի Հայաստանն ու Արցախը։ Դա պետք է գիտակցել մեկընդմիշտ։ Ուստի, երբ «պայծառ գլուխները» սկսում են խաղաղության, բանակցությունների և փոխզիջումների կոչ անել, դա անմիջական սպառնալիք է մեր ժողովրդին ու հայոց պետականությանը, դավաճանություն մեր ազգային շահերին։ Ցանկացած զիջում կհանգեցնի միայն հետագա ճնշման ու նոր սպառնալիքների։ Մեզ անհրաժեշտ է հակաճգնաժամային կոշտ պետկառավարում։ Միայն դա թույլ կտա ապահովել ռազմական, տնտեսական, պարենային և այլ անվտանգությունը, ինչն անհրաժեշտ է մեր պայմաններում։ Պետք է մեկընդմիշտ հիշել. քանի դեռ գոյություն ունի թյուրքական գործոնը, կառավարման ցանկացած այլ ձև անարդյունավետ կլինի, չի ապահովի մեր անվտանգությունը բոլոր անհրաժեշտ բնութագրիչներով։ Մեր առաջարկած ծրագիրը համակարգային լուծում կտա մեր պետության հրատապ խնդիրներին, առնվազն զգալիորեն կհեշտացնի դրանց լուծումը։ Եվ դա ևս մեկ անգամ կհաստատի մեր ժողովրդի բացառիկ ունակությունը՝ հաղթահարելու ցանկացած փորձություն և ոչ ստանդարտ լուծումներ գտնելու ամենաբարդ իրավիճակներում։