ԹՈՒՐՔԱԿԱՆ ՆԱՏՕ ԿԱՄ ՀԱՊԿ-2 ԴԱՇԻ՞ՆՔ

Հակամարտության միջազգայնացման ֆենոմենը

Համավարակի, ԱՄՆ-ում ընթացող նախընտրական պայքարի և, վերջապես, սեպտեմբերի 27-ի կիրակի օր լինելու վրա արված խաղադրույքն արդարացված գտնվեց լոկ տեսության մակարդակով։ Գործնականում ամեն ինչ այլ ընթացք ստացավ. համաշխարհային հանրությունը պատրաստակամ շեղվեց վերոնշյալ խնդիրներից՝ հանուն գլոբալ խնդրի։ Արդեն կիրակի առավոտյան Թուրքիայի և Ադրբեջանի առաջին դեմքերը տհաճ անակնկալի եկան այն փաստից, որ աշխարհը միանգամից մոռացավ համավարակի մասին և սկսեց խոսել հակամարտության գոտում ահագնացման անթույլատրելիության մասին։

Սեպտեմբերի 30-ին Ադրբեջանը 90-ականներից հետո առաջին անգամ ռազմական օդուժ կիրառեց Արցախի խաղաղ բնակիչների դեմ։ Մարտակերտում ռմբակոծում էին խիտ բնակեցված շրջանները, կան զոհեր ու վիրավորներ։ 5 օրում Արցախում զոհվել է ավելի քան 10 քաղաքացիական անձ, այդ թվում՝ երեխա։ Ռազմական գործողությունների ամփոփագրերը չեն իջնում համաշխարհային առաջատար պարբերականների էջերից և առաջին տեղում են համաշխարհային հեռուստաալիքների եթերային ցանցի գլխավոր նորությունների վարկանիշներում: Աշխարհի տարբեր մասերում ազդեցիկ քաղաքական գործիչների հնչեցրած հայտարարությունները հաշված օրերի ընթացքում հանգեցրին իրադարձությունների միջազգայնացման։ Արտահայտվեցին համաշխարհային բոլոր առաջնորդները։ Սու-25 հայկական խոցված ինքնաթիռի հետ կապված պատմությունը հայտնի դարձավ ողջ աշխարհին։

Ռազմական գործողությունների յուրաքանչյուր օրը նշանակում է տեխնիկական ռեսուրսների մաշում։ Դատելով տանկերի, անօդաչու սարքերի և հայկական զինված ուժերի կողմից խոցված ու գրավված ռազմական այլ տեխնիկայի քանակից՝ Ադրբեջանը փող չի խնայում սպառազինության վրա։ Այն, ինչը գնվում է նավթադոլարներով, մարտի դաշտում դառնում է հայկական ստորաբաժանումների ռազմավար։ Այդպես էր նաև առաջին ազատամարտի տարիներին։ Վաղ թե ուշ տեխնիկական ռեսուրսը թարմացում կպահանջի, բայց այդ դեպքում էլ գերակշռությունը կլինի հակառակորդի կողմում, մինչդեռ հայերի կողմում կմնա մարդկային ռեսուրսը, իսկ պատերազմում հաղթում է բնավ ոչ տեխնիկան, պատերազմում հաղթում են մարդիկ։ Դրա համար էլ հակառակորդին չի հաջողվում ճեղք գտնել Արցախի Հանրապետության պաշտպանության մեջ և շարժվել դեպի երկրի խորքը։ Վարձկաններն ու ազգային փոքրամասնությունները պատրաստակամորեն թիկունք են ցույց տալիս հայկական ստորաբաժանումներին և կամավորներին շփման գծի ողջ երկայնքով։

Փաշինյանն առանց խանդավառության ընդունեց Մոսկվա-Երևան-Բաքու համաժողովի գաղափարը։ Նրա արձագանքը վկայում է այն մասին, որ գերակշռությունը Ադրբեջանի կողմում չէ։ Հայկական կողմին, որն ամուր պահում է պաշտպանությունը, վայել չէ լսել Ալիևի հերթական կտրական պահանջները։ Փաշինյանը դեմ արտահայտվեց նաև խաղաղապահների տեղակայմանը, հասկացնել տալով, որ հայկական կողմի դիրքերն իրեն պարտադրված պատերազմում բավականին ամուր են, իսկ խաղաղապահների տեղակայման մասին, որպես կանոն, խնդրում է այն կողմը, որը պարտություն է կրում:

Ինչո՞ւ են լռում ՆԱՏՕ-ն և ՀԱՊԿ-ը

Հայկական կողմը ապացույցներ ունի, որոնք վկայում են այն մասին, որ համատեղ զորավարժություններից հետո թուրքական F-16 բազմաֆունկցիոնալ կործանիչները դուրս չեն բերվել Ադրբեջանի տարածքից. դրանք պարբերաբար հետախուզական թռիչքներ են կատարում:

Եթե անգամ հայկական Սու-25 գրոհային ինքնաթիռը խոցվել է Ադրբեջանի տարածքից, չնայած կան տեղեկություններ, որ F-16-ը խախտել է Հայաստանի օդային սահմանը, ապա նույնիսկ այդ դեպքում, միջազգային կանոններով, խոսքը պետական տարածքը խախտելու մասին է: Թուրքական կործանիչը կարող է խոցած լինել հայկական գրոհային ինքնաթիռը մեծ հեռավորությունից, սակայն նրա արձակած արկը խոցել է Հայաստանի ինքնաթիռը մեր տարածքի երկնքում։ Այն մասին, որ Ադրբեջանի կողմից Թուրքիան պատերազմում է ՆԱՏՕ-ի սպառազինությունների օգնությամբ, այսօր խոսում է ողջ աշխարհը, բայց Թուրքիայի նկատմամբ պաշտոնական պատժամիջոցների մասին չգիտես ինչու չեն խոսում

Ինչո՞ւ ՆԱՏՕ-ի ղեկավարությունը ոչ մի կերպ չի արձագանքում այն փաստին, որ դաշինքի զինանոցն օգտագործվում է Հայաստանի և Արցախի խաղաղ բնակիչների դեմ։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մտահոգություն հայտնեց Թուրքիայի ռազմատենչ հայտարարությունների առնչությամբ, որն ահագնացման է դրդում Ադրբեջանին: Դա ասում է այն պետության ղեկավարը, որը Թուրքիայի գործընկերն է ՆԱՏՕ-ի շրջանակներում։ Ողջ աշխարհը խոսում է ռազմական գործողությունների շուտափույթ դադարեցման անհրաժեշտության մասին, բացառություն են կազմում Թուրքիան, Պակիստանը և էլի մեկ-երկու պետություններ: Մակրոնն ասաց նաև, որ առանց Մոսկվայի ջանքերի անհնար է կարգավորել հակամարտությունը: Ցավոք, ՀԱՊԿ-ը նույնպես դեռ լռում է, բայց տվյալ դեպքում հարցը դեմ է առնում Հայաստանին. Փաշինյանը չի դիմել դաշինքին նույնիսկ խորհրդակցությունների մակարդակով։

Ընթացիկ իրավիճակում ՀԱՊԿ-ին դիմելու թեման արծարծվում է միայն վերլուծաբանների մակարդակով, որոնք օգտագործում են դա որպես առիթ՝ հիշեցնելու Փաշինյանին, որ վարչապետի պաշտոնում իր գործունեությունը նա սկսեց Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության վարկաբեկմամբ, դրա գլխավոր քարտուղարի պաշտոնից հետ կանչելով գեներալ Յուրի Խաչատուրովին: Հետկանչը, հիշեցնեմ, տեղի ունեցավ 2008-ի մարտի 1-ին սահմանադրական կարգը տապալելու հոդվածով կալանավորման պատրվակով: Խաչատուրովի հեռանալը ճգնաժամ առաջացրեց ՀԱՊԿ-ում և գործեց ի նպաստ հավաքական Արևմուտքի շահերի, մինչդեռ ռուսական կողմն այն ժամանակ խնդրում էր Փաշինյանին հետաձգել դա: Հայկական խոցված ինքնաթիռի հետ կապված միջադեպն ու Վարդենիսի ուղղությամբ ռումբային հարվածները չեն գնահատվում որպես հարձակում ՀԱՊԿ անդամ պետության վրա, ուստի Հայաստանի վարչապետը չի շտապում դիմել դաշինքին։ Բացի այդ, դժվար է, հավանաբար, ջուր խմել այն աղբյուրից, որի մեջ հենց ինքն է թքել:

Է՛լ ավելի դժվար է ակնկալել դաշինքի օգնությունն այն տեսանկյունից, որ դրա կազմում ընդգրկված են Ադրբեջանի հետ բարեկամական հարաբերություններ ունեցող երկրներ։ Հայաստանի դիմումը կարող է հանգեցնել ևս մեկ ճգնաժամի։ Ակնհայտ է, որ որոշ պետություններ ավելի շուտ կլքեն ՀԱՊԿ-ի ձևաչափը, քան ռազմական օգնություն կցուցաբերեն Հայաստանին…

Թուրքիան հաստագրում է միջանկյալ արդյունքները

Ինչ վերաբերում է Արցախի Հանրապետության հետ ռազմական փոխօգնության պայմանագրի կնքմանը, ապա դա համարժեք է նրա անկախության ճանաչմանը, քանզի չի կարելի պայմանագիր կնքել, եթե կողմերից մեկը միջազգային իրավունքի սուբյեկտ չէ: Բազմաթիվ վերլուծաբաններ համակարծիք են, որ ճանաչումը պետք է կայանա հաղթանակից հետո։

Շատերն այդ առիթով հիշեցին 1994 թվականը, երբ պետք էր հաստագրել հայկական զենքի հաղթանակը և ճանաչել Լեռնային Ղարաբաղը, բայց հհշական ղեկավարությունը՝ նախագահ Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, հրաժարվեց դա անել։

Ռազմական գործողությունների երրորդ օրը ռուսական և արևմտյան լրատվամիջոցները սկսեցին խոսել թյուրքական ՀԱՊԿ-ի կամ ՆԱՏՕ-ի ստեղծման հեռանկարի մասին։ Խոսքը հոկտեմբերին ռազմական դաշինք ձևավորելու Թուրքիայի մտադրության մասին էր՝ Ադրբեջանի, Թուրքմենստանի, Ուզբեկստանի և այլ պետությունների մասնակցությամբ։ Այդպիսին կլինի ներկայիս պատերազմի միջանկյալ արդյունքներից մեկը։ Թուրքիան մտադիր է հաստագրել Արցախի Հանրապետության դեմ ագրեսիային իր մասնակցության արդյունքները։ Ի վիճակի՞ են արդյոք Ռուսաստանը և ՆԱՏՕ-ի անդամ պետությունները խանգարել թուրքական ծրագրերի իրականացմանը, որոնք սպառնալիք են ներկայացնում ոչ միայն Ռուսաստանի, այլև Եվրամիության համար:

Հայ պատմաբանները, ռուսաստանյան բազմաթիվ քաղաքական գործիչներ ու զինվորականներ խոսել են աշխարհին սպառնացող թուրքական վտանգի մասին դեռ անցած հարյուրամյակում, սակայն աշխարհը երկար ժամանակ խուլ էր այդ նախազգուշացումների նկատմամբ։ Արցախի Հանրապետության դեմ ուղղված ռազմական ագրեսիան ստիպեց քաղաքակիրթ աշխարհին տեսնել ոչ թե թերթային, ոչ թե գրքային, այլ իրական վտանգը, որ բխում է Թուրքիայից։ Ի դեպ, որոշ պարբերականներում ապագա թյուրքական ՆԱՏՕ-ն անվանում են թյուրքական ՀԱՊԿ-2, ակնարկելով Ռուսաստանի հովանու ներքո ստեղծված ներկայիս դաշինքի բնույթը, որի անդամները, կրկնեմ, ավելի շուտ կլքեն կազմակերպությունը, քան ռազմական օգնություն կցուցաբերեն Հայաստանին։ Այն, որ թյուրքական դաշինքը գլոբալ սպառնալիք կդառնա քաղաքակիրթ աշխարհի համար, ոչ մեկին բացատրելու հարկ չկա։ Թուրքիան այսօր արդեն վարձկան-ահաբեկիչներ է մատակարարում Ադրբեջանին…

Основная тема:
Теги: