ՈՎՔԵ՞Ր ԵՆ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԽՐԱՄԱՏՈՒՄ

Անցած տարվա ամռանը Սանկտ Պետերբուրգում կայացած միջազգային տնտեսական համաժողովի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանը չի պատրաստվում մտնել աշխարհաքաղաքական խաղերի մեջ: Նա նշեց, որ այսօր աշխարհում շատերն են գիտակցել, որ աշխարհաքաղաքական խաղերն օգուտ չեն բերում ոչ մեկին, հատկապես այն երկրներին ու ժողովուրդներին, որոնք դառնում են այդ առճակատման թատերաբեմ։ Այդ իսկ պատճառով Հայաստանը չի պատրաստվում մտնել աշխարհաքաղաքական խաղերի մեջ։

Զուտ տեսականորեն, իհարկե, կարելի է հրաժարվել մեծ խաղերից, բայց գործնականորեն ժամանակակից աշխարհում կա երկու տարբերակ. կա՛մ խաղի մասնակից ես, կա՛մ խաղադրույք ես: Երրորդը տրված չէ։ Ափսոս միայն, որ մի ամբողջ տարի մենք կորցրեցինք երրորդ տարբերակի հնարավորության պատրանքների մեջ։ Թեպետ, հիմա՝ պատերազմի թեժ պահին մենք չենք խոսի այն մասին, թե ինչու այդպես եղավ, ինչու էինք մենք ողջ այս ընթացքում անջրպետվում աշխարհաքաղաքական խնդիրներից...

Քչերն են կասկածում, որ Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած լայնամասշտաբ պատերազմի մեկնարկը աշխարհաքաղաքական մեծ խաղի փուլերից մեկն է։ Որոշ երկրներ նախաձեռնել են դա, ներքաշել մյուսներին, բայց մեր տարածաշրջանում ծավալված խաղասեղանի շուրջ այսօր նստած են, թերևս, աննախադեպ թվով մասնակիցներ. Ռուսաստան, Թուրքիա, Ամերիկա, Եվրոպա, Իրան, Չինաստան, Իսրայել... Եվ սրանք լոկ խոշոր խաղացողներն են։ Աշխարհաքաղաքական բաց մարտերը, թերևս, դեռ առջևում են։ Այսպես թե այնպես, ուզենք, թե չուզենք, Հայաստանը հիմա արդեն հաստատ խաղի մեջ է։ Այժմ գլխավորն այն է, թե ինչ կարգավիճակով։ Որպես մասնակից, թե՞ խաղաքար։ Մենք սեղանի շուրջ ենք, թե՞ սեղանի վրա։

Ստեփանակերտի հերոսական դիմադրության, ռազմաճակատի գծում փայլուն հաջողությունների, ռեսուրսների, գիտելիքների և փորձի հզոր համախմբման ու մոբիլիզացման, առաջնագծում գործողությունների հստակ համակարգման շնորհիվ Երևանը պատերազմի տասներորդ օրն առավել քան իրական հնարավորություն է ստացել նստելու նույն այդ աշխարհաքաղաքական սեղանի շուրջ՝ որպես լիարժեք մասնակից։ Կրկնեմ. Արցախը ապահովել է և շարունակում է ապահովել դա։ Ըստ էության, այսօր մեզ համար կարևորագույն հարցը ռազմական հաջողությունների հաստագրումն է դիվանագիտական ճակատում։

Սակայն այստեղ, ասենք ուղղակի, ուժերի նույնպիսի մոբիլիզացիա, ինչպիսին առկա է պատերազմող Արցախում, չի երևում։ Նկատենք. պատերազմի առաջին իսկ օրերից գրեթե բոլոր նախկինները, նորերը, գեներալները, քաղաքական գործիչները նետվել և ուս-ուսի տված մարտնչում են արցախյան խրամատում։ Յուրաքանչյուրի փորձը պահանջված է տարբեր հատվածներում և ուղղություններով։ Եվ անշուշտ, նման համախմբումը ռազմաճակատում մեր հաջողությունների առանցքային գործոններից մեկն է։ Մինչդեռ Երևանում, դիվանագիտական խրամատում, ավաղ, չկա ոչ մի համախմբում։ Եվ դա այն դեպքում, երբ ակներևաբար քիչ չեն նրանք, ովքեր ունեն բազմամյա փորձ, գիտելիքներ, կապեր ու շփումներ։

Ինչո՞ւ չեն երևում դիվանագիտական առաջնագծում, օրինակ, Էդվարդ Նալբանդյանն ու Վարդան Օսկանյանը։ Ինչո՞ւ Հայաստանի ներկայիս ղեկավարը չի օգտագործում իր նախորդների փորձը։ Չէ՞ որ ակնհայտ է, որ նրանք բոլորը կարող են ահռելի օգուտ բերել՝ կիրառելով սեփական գիտելիքներն ու հնարավորությունները։ Մանավանդ որ Հայաստանի ներկայիս ղեկավարն իր առնվազն անփորձության պատճառով ակնհայտորեն ունի դրա կարիքը։ Դա՝ մի կողմից։ Մյուս կողմից՝ ակնհայտ է, որ այսօր վճռվում է հայկական պետականության ճակատագիրը սկզբունքորեն, հայ ժողովրդի կյանքի հարցը։ Վճռվում է հենց այդ սեղանի վրա, և աղետալի վտանգավոր է, որ մեր կողմից խաղին մասնակցում է ոչ թե Հայաստանի հավաքականը, այլ մեկ անձնավորություն, այն էլ նա, ով մեկ տարի առաջ հայտարարում էր, թե ընդհանրապես մտադիր չէ խաղալ։ Ավաղ, եթե դու մասնակից չես, ուրեմն խաղաքար ես։ Երրորդ տարբերակ տրված չէ...

Основная тема:
Теги: