ԱՅԺՄ ԿԱՐՈՂ Է ԽՈՍՔ ԳՆԱԼ ՄԻԱՅՆ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ ՀՐԱԴԱԴԱՐ ՊԱՐՏԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Այս իրավիճակում Հայաստանը պետք է ունենա մոդելային դիվանագիտություն, ինչը ենթադրում է համապատասխան սցենարների քննարկում և մշակում՝ հետագայում գործնական կիրառման համար լավագույն տարբերակի ընտրությամբ, «ԳԱ»-ի հետ զրույցում ասաց Հայաստանի Դեմոկրատական կուսակցության ղեկավար Արամ ՍԱՐԳՍՅԱՆԸ։

-Երեկ խորհրդարանի ընդդիմադիր խմբակցության ղեկավարը հայտարարեց, որ ինքը չգիտի, թե ինչու է Ադրբեջանի արտգործնախարարը մեկնել Ժնև, իսկ Հայաստանի արտգործնախարարը 4 օր անց հանդիպում ունենալու Մոսկվայում: Հաշվի առնելով ձեր փորձը, ենթադրություններ ունե՞ք այս առնչությամբ։

-Կարծում եմ, որ ներկա պահին այդ հանդիպումները պետք է առանձին-առանձին անցնեին, որպեսզի նախորոշվեն շփման հնարավոր կետերը, իսկ նման կետերի բացակայության դեպքում որոշակի ճնշում գործադրվի, որպեսզի երկու կողմերն էլ դադարեցնեն կրակը: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներն իսկապես չեն ցանկանում, որ Թուրքիայի կողմից իրականացվող զավթախուժումն ընդարձակվի։ Ուստի ԵԱՀԿ ՄԽ համանախագահների խոսակցությունն Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարի հետ, կարծում եմ, շատ լուրջ կլինի։ Ինչ վերաբերում է մեր նախարարին, ապա ինձ փոքր-ինչ մտահոգում է այն, թե ինչու է հանդիպումը միայն 4 օր անց։ Բայց Զոհրաբ Մնացականյանն իր հարազատ տարերքում կլինի, Ռուսաստանի մայրաքաղաքում նրան ավելի հեշտ կլինի բանակցություններ վարել, ընդ որում՝ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի մակարդակով, որի հնարավորությունների զինանոցն ավելի մեծ է և որը տիրապետում է ողջ տեղեկատվությանը։ Իսկ քանի որ Ռուսաստանը գլխավոր մոդերատորն է, ապա կարծում եմ, որ վերջակետը կդրվի Մոսկվայում։

Ինչ վերաբերում է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումների հերթականությանը, ապա հենց Ադրբեջանից են ակնկալում ինչ-որ քայլեր, հայկական կողմը ագրեսոր չէ, նա ոչ մեկի վրա չի հարձակվել։ Ագրեսորն այսօր Ադրբեջանն է՝ Թուրքիայի հետ միասին։

Նշեմ մի կարևոր տեսանկյուն. ամեն ինչ կախված է նրանից, թե ինչ է ասելու Զոհրաբ Մնացականյանը։ Խոսքը Արցախի Հանրապետության անկախության ճանաչման վերաբերյալ միջազգային հանրությանը հայկական կողմի հղած ուղերձի մասին է։ Այստեղ ակներև է փոքր-ինչ տարօրինակ դիրքորոշումը, քանի որ որևէ երկիր, չտեսնելով Հայաստանի կողմից Արցախի Հանրապետության պաշտոնական ճանաչումը, հազիվ թե ինքնուրույն գնա նման քայլի՝ չունենալով իրավական հիմք։ Ակնհայտ է, որ իրավական հիմքը պետք է ներկայացվի հենց Հայաստանի և Արցախի կողմից։ Մենք հոգնել ենք արդեն տարիներ շարունակ կրկնել, որ պետք է ներկայացնել աշխարհին, թե ինչ իրավական հիմքի վրա է ձևավորվել ԼՂՀ-ը։

-Հասկանալի է, որ այսօր առաջնահերթ խնդիրը հրադադարն է, սակայն, ի տարբերություն Հայաստանի, որը հայտարարել է կրակը դադարեցնելու և բանակցությունների սեղանի շուրջ նստելու պատրաստակամության մասին, Ադրբեջանի դիրքորոշումն ապակառուցողական է, նա շարունակում է նախապայմաններ առաջ քաշել, հաճախ վերջնագրի տեսքով: Ինչպե՞ս, ինչի՞ մասին և, ամենակարևորը, ո՞ւմ հետ կարող ենք և պետք է խոսենք նման իրավիճակում։ Որո՞նք են մեր դիվանագիտության հիմնական խնդիրները ներկա իրավիճակում:

-Թերևս դա ամենակարևոր հարցն է, որովհետև, բնականաբար, խոսել հիմա որևէ բանակցությունների մասին, առավել ևս՝ սուբստանտիվ, անհեթեթ է։ Եվ իրականում այժմ կարող է խոսք գնալ միայն Ադրբեջանին հրադադար պարտադրելու մասին։ Որևէ այլ բանի մասին խոսելն առայժմ անհնար է։ Ավելին, մենք պետք է հաշվի առնենք Ադրբեջանի համատարած սուտը։ Եվ այստեղ արդեն միջամտում է աշխարհաքաղաքականությունը. եթե մենք դիմում ենք բոլոր այն երկրներին, որոնց գլխավերևում նույնպես մեծ վտանգ է կախվել, և փորձում ենք աշխատանք տանել այդ ուղիով, ապա հավանաբար այդտեղ կան որոշակի հեռանկարներ։ Դրանք են Ռուսաստանը, Իրանը, Չինաստանը. այն առաջնագիծը, որը պետք է պաշտպանի և՛ մեզ, և՛ իր սեփական շահերը։ Երկրորդ գիծը Եվրոպան է, որը մերժել է Թուրքիային և բացահայտորեն վախենում է նրանից։ Եվ հիմա Էրդողանը փորձում է վերածել իրեն աշխարհաքաղաքական գործոնի։ Պետք է ընդունել, սակայն, որ նա շատ գրագետ պահեց իրեն։ Նա ներխուժեց օտար երկրի տարածք, վերցրեց Աֆրինը, ոչ ոք նրան ոչինչ չասաց, հետո Իդլիբն էլ վերցրեց, այնուհետ՝ Իրաքը, Լիբիան, Հունաստանը, Կիպրոսը, Եգիպտոսը, հիմա էլ հայտարարել է Երուսաղեմի նկատմամբ նկրտումների մասին... Այսինքն նա նախանշեց ապագա կայսրության ուրվագծերը, որը, ինչպես ինքն է ասում, երազում է ստեղծել մինչև 2023 թվականը. Լոզանի պայմանագիրը նրա համար ընդունելի չէ։

Այս իրավիճակում Հայաստանը պետք է ունենա մոդելային դիվանագիտություն։ Դա ենթադրում է համապատասխան սցենարների քննարկում և մշակում՝ գործնական կիրառման համար լավագույն տարբերակի հետագա ընտրությամբ։ Այսօր մենք չունենք դա։ Այս պայմաններում խոսել Ադրբեջանի հետ բանակցությունների մասին... Կարծում եմ, որ մենք ստիպված ենք լինելու սկսել զրոյից։ Պետք է բացառել Մադրիդյան սկզբունքները, Կազանի փաստաթուղթը և սկսել նրանից, ինչ տեղի ունեցավ հիմա։ Եթե նրանք արդեն սկսել են պայթեցնել մեր եկեղեցիները, ինչի՞ մասին կարելի է պայմանավորվել վանդալների հետ... Իսկ եթե մենք նրան հարկադրում ենք խաղաղության, ապա, կարծում եմ, պետք է առաջարկենք խաղաղության պայմանագիր կազմել։ Դա պետք է լինի միջազգային կազմակերպությունների հովանու ներքո՝ և՛ ԵԱՀԿ-ի, և՛ ՄԱԿ-ի։ Խաղաղապահ ուժեր մտցնելու տարբերակը գործնականում բացառվում է, քանի որ Ադրբեջանը ոչ մի դեպքում չի համաձայնի, և մենք էլ դեռ մտածելու բան ունենք, թե ինչ զորակազմ մտնի այնտեղ, իսկ Իրանը առավել ևս չի համաձայնի։ Ուստի պետք է մտածել այն մասին, թե ուրիշ ինչ երաշխիքներ կարող են լինել խաղաղության հաստատման համար։ Կարծում եմ, քանի դեռ Թուրքիային՝ ի դեմս Էրդողանի, չեն սանձահարել, մենք մշտապես կունենանք այդ գլխացավանքը։

-Մինչ խաղաղության մասին պայմանագիրը դեռ շատ կա, իսկ այ ներկա քննարկումների օրակարգում, ի՞նչ եք կարծում, ինչպիսին պետք է լինի ապագա բանակցությունների ձևաչափը. հրադադարի մասին եռակողմ պայմանագրի ձևաչա՞փ, ինչպես 1994-ին:

-Նախևառաջ անհրաժեշտ է դադարեցնել կրակը, սա առաջին պայմանն է, որից հետո պետք է ձևավորվի հնարավոր բանակցությունների օրակարգը: Ես արդեն ընդգծել եմ խաղաղության պայմանագրի հասնելու կարևորությունը, որովհետև ցանկացած պատերազմի ավարտը պետք է լինի հենց խաղաղության պայմանագիրը։

Այո, դա հեռու է այսօրվա իրողություններից. այդ դեպքում պետք է հասկանալ, թե ինչ հարցեր կարելի է լուծել այս փուլում։ Քանի դեռ հրադադարի պարտադրում չի եղել, ուրիշ ոչինչ լինել չի կարող։ Շփումները պետք է լինեն ԵԱՀԿ ՄԽ մակարդակում։ Ադրբեջանը ցանկանում է փոխել ձևաչափը, դրան պետք է խոչընդոտել, չի կարելի հնարավորություն տալ Թուրքիային դառնալ ԵԱՀԿ ՄԽ համանախագահ. ի դեպ, նրան ընդհանրապես պետք է բացառել Մինսկի խմբից։ Ներկայումս այնքան շատ հարցեր են կուտակվել, որ միանշանակ խոսելը բավական դժվար է։ Ամեն դեպքում, առաջնային պայմանը խաղաղության պարտադրելն է։

-Խոսելով խաղաղության պարտադրելու մասին՝ նկատի ունեք միջազգային հանրությանը, թե՞ Հայոց բանակին:

-Իհարկե, առաջին հերթին դա պետք է անի Հայոց բանակը՝ անդառնալի կորուստներ պատճառելով Ադրբեջանին, որն իրեն լկտի ու ցինիկ է պահում։ Դա չի արվում, և ես հասկանում եմ, թե ինչու, քանի որ դա այլ մակարդակի կբարձրացնի պատերազմը։ Քանզի արդեն այսօր պարզ է այն հեռանկարը, որ սա կարող է վերաճել տարածաշրջանային պատերազմի, ինչ կարող է լինել հետագայում, ինչ զարգացումներ ստանալ... Ուստի կարծում եմ, որ միայն միջնորդները, խոսքը մեծ տերությունների մասին է, որոնց թվում ես անպայման կընդգրկեի Չինաստանը, որն անպայման պետք է որոշակի դեր ստանձնի՝ թյուրքական պետությունների միություն թույլ չտալու համար։ Ակնհայտ է, որ այստեղ կարևոր է հասկանալ, թե ում հետ և ինչպես կարելի է աշխատել։ Ուստիև, կրկնեմ, առաջնագիծը, որը պետք է պաշտպանի և՛ մեզ, և՛ իր սեփական շահերը, Ռուսաստանն է, Իրանը, Չինաստանը։ Պետք է մասնագիտացված դիվանագիտական առաքելություններ ուղարկել այդ երկրներ, ինչպեսև Եվրոպա և ԱՄՆ։ Ընդգծեմ, խոսքը ոչ թե դեսպանատների, այլ հենց մասնագիտացված դիվանագիտական առաքելությունների մասին է, որոնք կզբաղվեն միայն Լեռնային Ղարաբաղի հարցի մշակմամբ։ Եվ դա պետք է լինի լոբբիստական աշխատանքի կազմակերպում, շփումներ քաղաքականությունը նախորոշող մարդկանց հետ, մեր Սփյուռքի համակարգում այդ երկրներում, որպեսզի նրանք՝ որպես այդ երկրների քաղաքացիներ, պահանջեն համապատասխան որոշում, միջամտություն։ Մի խոսքով, այստեղ անչափ շատ հարցեր կան։

-Այսօր գնալով ավելի բարձր ու ակտիվ է հնչում այն թեզը, որ առանց Արցախի մասնակցության՝ բանակցություններն անհեռանկարային կլինեն

-Դա միշտ էլ այդպես է եղել: Բայց եթե Ադրբեջանը չի համաձայնում բանակցել Արցախի հետ, ապա ստացվում է հետևյալ հետաքրքիր իրավիճակը. Ադրբեջանը համարում է, որ Արցախն արդեն Հայաստան է, քանի որ ցանկանում է խոսել Հայաստանի հետ։ Նա անվանում է մեզ ագրեսորներ, մոռանալով, որ հենց ինքն է սկսել պատերազմն ու տանուլ տվել դա։ Եվ այդ տարածքները ոչ թե անվտանգության գոտի են, այլ պատերազմի արդյունք։

Արցախը, այո՛, պետք է նստի բանակցային սեղանի շուրջ, մենք պետք է շահագրգռված լինենք դրանում։ Բայց քանի որ բանակցությունների ընթացքում թույլ ենք տվել մի քանի չափազանց լուրջ սխալներ, որոնք հնարավորություն են տվել գրեթե հավասարեցնել ադրբեջանական համայնքը Արցախի Հանրապետության իշխանություններին, չեմ ուզում հիմա խորանալ մանրամասների մեջ, ուստի ես կօգտագործեի մեկ այլ հնարավորություն։ Քանի որ դու չես ցանկանում պայմանավորվել, ինչպես ինքդ ես ասում, քո իսկ քաղաքացիների հետ, այլ ուզում ես խոսել Հայաստանի հետ, շատ լավ, ուրեմն ընդունում ես. Արցախը Հայաստան է, և Հայաստանն է հանդես գալու Արցախի անունից, պաշտպանելու նրա շահերը։ Այստեղ հմնավորում կա։ Երբ Քարնեգիին հարցրեցին, թե ինչ կարելի է պատրաստել կիտրոնից, նա պատասխանեց. «Փորձեք լիմոնադ պատրաստել»։ Եվ ընդհանրապես, ամեն իրավիճակում կարող ես և պետք է փնտրես քո համար լավագույն տարբերակը: Այնպես որ, կարծում եմ, բնավ սարսափելի չէ, եթե Արցախը մասնակից չլինի այդ բանակցություններին, նա ամեն դեպքում ներկայացված կլինի, պարզապես միջնորդավորված ձևով։