ԹՈՒՐՔԻԱՆ ԵՐԿՐՈՐԴ ՃԱԿԱՏԸ ԿԲԱՑԻ ՀԱՅՈՒԹՅԱՆ ԴԵՄ

Այն փաստը, որ Թուրքիան Սիրիայից և Լիբիայից իսլամիստ-վարձկաններ է փոխադրում Արցախ, այսօր արդեն փաստացի ընդունել է ողջ աշխարհը։ Ավելին, վերջին օրերին տեղեկություններ հայտնվեցին այն մասին, որ Էրդողանը բանակցություններ է վարում մարտական գործողությունների գոտում նաև Աֆղանստանից վարձկաններ ներգրավելու մասին։ Բայց այդքանով Թուրքիան, անկասկած, կանգ չի առնի։

Վաղ թե ուշ համաշխարհային հանրության և առաջին հերթին Ռուսաստանի ջանքերով պատերազմն Արցախում կդադարեցվի և կվերսկսվի բանակցային գործընթացը, որը կարող է շատ երկար ձգվել: Հերթական պատերազմի հավանականությունն այդ ողջ ընթացքում միանգամայն իրական կլինի, իսկ Թուրքիայից բխող վտանգը, բնականաբար, ամենևին չի թուլանա։ Բոլոր հիմքերը կան ենթադրելու, որ նա «կհարստացնի» իր հակահայկական ռազմավարությունը, և ահաբեկիչների կողմից մեզ վտանգ կսպառնա ոչ միայն Մերձավոր ու Միջին Արևելքի երկրներից, այլև Եվրոպայից ու Եվրոպայում։ Այսինքն Թուրքիան կփորձի հարձակում կազմակերպել հայության վրա՝ օգտագործելով նաև Եվրոպայում գործող արմատական մահմեդական խմբավորումները։ Ընդ որում՝ միանգամից երկու ուղղությամբ. ա)Արցախում և Հայաստանի սահմաններին, բ)հայկական Սփյուռքում։ Իսկ դրա հնարավորությունները Թուրքիան ունի։

Այսօր ժամանակակից Եվրոպայի արտաքին և ներքին քաղաքականության վրա ահռելի ազդեցություն ունեն Մերձավոր և Միջին Արևելքի երկրների համայնքները, որ ապրում են նրա տարածքում։ Դրանցից խոշորագույնը արաբներն են (մոտ 8 միլիոն), թուրքերը (մոտ 7 միլիոն, այդ թվում մոտ 4 միլիոնը՝ Գերմանիայում) և պակիստանցիները (մոտ 4 միլիոն, որոնցից ավելի քան 2 միլիոնը՝ Մեծ Բրիտանիայում): «Նոր եվրոպացիների» ոչ պակաս թիվ, որոնց ճնշող մեծամասնությունը չի ձգտում ինտեգրվել ընդունող հասարակությանը, կազմում են քաղաքական նախասիրություններով վերոթվարկյալ խմբերին մոտ կանգնած մահմեդականները Աֆրիկայից, Աֆղանստանից, Բանգլադեշից և Հարավարևելյան Ասիայի երկրներից:

Այդ համայնքներն իդեալական միջավայր են Եվրոպայում արմատական իսլամիզմի տարածման համար և հանդես են գալիս որպես ծայրահեղականների և ահաբեկչական խմբերի հենակայան, զորակազմ մատակարարելով Իրաքում, Սիրիայում և Աֆղանստանում ջիհադի համար: Ոչ մի երաշխիք չկա, որ Թուրքիան, օգտագործելով իր ֆինանսական հնարավորությունները, չի փորձի վաղը տեղափոխել դրանց Արցախ և Հայաստանի սահման, ինչպես նաև օգտագործել Եվրոպայում հայկական Սփյուռքի դեմ պայքարում։ Նշենք նաև, որ երթուղիները, որոնք Եվրոպա մեկնելիս օգտագործում Մերձավոր ու Միջին Արևելքի երկրներից ելածները, անցնում են Իսպանիայով, Իտալիայով (ծովով), Բալկաններով ու Հունաստանով (Թուրքիայի, ինչպես նաև Ալբանիայի, Կոսովոյի, Հյուսիսային Մակեդոնիայի և Բոսնիայի իսլամական խմբերի ու համայնքների աջակցությամբ):

XX դարավերջին եվրոպական ձախ կուսակցությունները, պոպուլիստական նկատառումներից ելնելով, աջակցեցին պահպանողական մահմեդական առաջնորդներին, անցկացրին իսլամիստներին ազգային խորհրդարաններ և կոչ արեցին ներգաղթյալների համայնքներին բացահայտ պահպանել սեփական ավանդույթները՝ դե ֆակտո խրախուսելով արմատական տրամադրությունները նրանց միջավայրում: Արդյունքում, օրինակ, Գերմանիայում, որտեղ թուրքական համայնքի դիրքերն առանձնակի ուժեղ են, 2000-ականների սկզբին իսլամիստների թիվը 3 անգամ գերազանցում էր աջ ծայրահեղականների և ավելի քան մեկուկես անգամ՝ ձախերի թիվը, իսկ դրանց կազմակերպչական կառուցվածքն ավելի արդյունավետ էր։

Գերմանիայի Սահմանադրության պաշտպանության ֆեդերալ գերատեսչության տվյալների համաձայն՝ իսլամիստների թիվը Գերմանիայում սրընթաց աճում է։ 2010 թվականին ԳՖՀ-ում ակտիվորեն գործում էին իսլամիստական 29 կազմակերպություններ, որոնց կորիզը կազմում էին Թուրքիայից եկածները։ Ճիշտ է, այստեղ կարևոր է նշել, որ Թուրքիայից ներգաղթածների մոտ 60%-ը Գերմանիայում կազմում են քրդերը, որոնք այդ գործընթացին չեն մասնակցում։

Սրընթաց տեմպերով աճում է, այսպես կոչված, պրոզելիտիզմը՝ հոգեորսությունը։ Եվրոպացիներն ակտիվորեն դավանափոխ են լինում իսլամի, առաջին հերթին Ֆրանսիայում, որտեղ ապրում է Եվրոպայում ամենամեծ հայկական համայնքը, ինչը նույնպես չի կարող չանհանգստացնել։ Պրոզելիտիզմը հիմնականում բացատրվում է մահմեդականների հետ ամուսնացող կանանց դավանափոխությամբ։ Նրանցից շատերն ուղեկցում են ջիհադի համար թեժ կետեր մեկնող ամուսիններին, իսկ այրիանալով՝ մնում արմատականների հետևորդներ և իսլամիստների շարքերում աչքի ընկնում ակտիվությամբ՝ գործելով որպես հավաքագրողներ ու քարոզիչներ (վերադարձող ջիհադականների մոտ 20%-ը, հատկապես Գերմանիայում և Ֆրանսիայում):

Իսլամիստների համոզմամբ, Եվրոպան պետք է դառնա «նոր խալիֆաթի» մասը։ Ընդ որում եվրոպացի քաղաքական գործիչների զիջողականությունն ու ցանկացած, նույնիսկ ամենաանհեթեթ պահանջների առաջ նահանջելու պատրաստակամությունը իսլամիստներին համոզմունք են ներշնչում, որ իրենք հաջողությամբ առաջ են շարժվում դեպի իրենց նպատակը։ Ակնհայտ է, որ «եվրոպական նախագիծը» կարող է չդիմանալ միգրանտների օգնությամբ Եվրոպան իսլամականացնելու թուրքական փորձին, իսկ եվրոպացի առաջնորդներն անկարող են ինչ-որ բան հակադրել դրան, բացի Անկարային փող առաջարկելուց:

ԵՎՐԱՄԻՈՒԹՅԱՆ ԱՌԱՋՆՈՐԴՆԵՐԸ, ՄԻԱՍԻՆ ՎԵՐՑՐԱԾ ՈՒ ԱՌԱՆՁԻՆ-ԱՌԱՆՁԻՆ, ԱՅՍՕՐ ՉԵՆ ԿԱՐՈՂԱՆՈՒՄ ԱՆԵԼ ՈՉ ՄԻ ԲԱ՛Ն։ Չեն կարողանում կասեցնել ապօրինի վերաբնակների ներհոսքը, որոնք Եվրոպա են ներգաղթում հարյուր հազարներով, իրենց բոլոր նախապաշարմունքներով, որոնք ուղղված են քրիստոնյաների, այդ թվում հայերի դեմ։ Չեն կարողանում արգելել նույն Թուրքիային հովանավորել իսլամիստական ծրագրերն ու Եվրոպայի համայնքները, ինչի արդյունքը եվրոպական մահմեդականների հիմնական մասի սրընթաց արմատականացումն է, չենք խոսում արդեն ներգաղթյալների մասին։ Եվ այլն, և այդպես շարունակ:

Ժամանակակից Եվրոպան կանգնած է ժողովուրդների նոր մեծ գաղթի առջև. շատ ավելի սրընթաց, քան այն, որը կործանեց Հռոմեական կայսրությունը, և ոչ պակաս մասշտաբային։ Մեծապես Թուրքիայի քաղաքականության շնորհիվ՝ Եվրոպան ստանում է լյումպենացված և արմատական տրամադրված մահմեդականների աճող զանգված։ Քաղաքական գործիչների վեճերն այն մասին, թե ինչպես պայքարել եվրոպական մահմեդականների երկրորդ ու երրորդ սերնդի միջավայրում տիրող ջիհադիստական տրամադրությունների դեմ, շուտով կարող են կորցնել արդիականությունը:

Իսկ շարքային եվրոպացիներն այսօր պարզապես շփոթված են։ Նրանք տարօրինակ կերպով հանկարծ հասկացան, որ սեփական Եվրոպայում իրենց սկսել են սպանել։ Պարզապես այն պատճառով, որ իրենք՝ եվրոպացիները, չպետք է իրենց տանն այնպես պահեն իրենց, ինչպես սովոր են։ Պետք է երկյուղած նայեն շուրջը։ Վախենան։ Եվ ընդհանրապես հասկանան, որ եթե Եվրոպայում արմատական իսլամը չհարգեն (տարբերակ՝ հարգեն ոչ բավարար չափով), ապա դրա դիմաց ճակատին գնդակ ստանալու համար պարտադիր չէ մեկնել Սիրիա, Աֆղանստան կամ Պակիստան։

Փարիզում էլ կսպանեն։ Ինչպեսև Լոնդոնում կամ Բրյուսելում, չենք խոսում արդեն Մալմյոյի, Մարսելի և Մադրիդի մասին: Քանի որ Եվրամիության երկրներում ամենուր, որտեղ ապրում են «նոր մահմեդականները» (իսկ Եվրոպայում որտե՞ղ դրանք չեն ապրում) նրանց միջավայրում գերակշռում են արմատականները, որոնք կարող են անել ինչ ասես, այդ թվում՝ ընդդեմ հայ համայնքների։

Ինչպես Եվրոպայում, այնպես էլ և՛Արցախում, և՛ Հայաստանում հայերի համար առանձնակի վտանգ է ներկայացնում այն հանգամանքը, որ Թուրքիան փաստացի վերածվել է իսլամական ահաբեկչական խմբավորումների դաշնակցի, դարձել տարանցիկ կամուրջ արմատական իսլամիզմի և քաղաքակիրթ աշխարհի միջև։ Այսօր նա Սիրիայից և Լիբիայից իսլամիստ-վարձկաններ է նետում Արցախ և Հայաստանի սահման, վաղը կարող է ապահովել ահաբեկիչների, փողի և զենքի ներհոսքը մեր տարածաշրջան արդեն Եվրոպայից, ինչպես նաև իսկական պատերազմ սանձազերծել հայկական Սփյուռքի դեմ ոչ միայն Եվրոպայում, այլև ողջ աշխարհում։