Բենիամին ՊՈՂՈՍՅԱՆ. «ՌՈՒՍԱՍՏԱՆՆ ՈՒՆԻ ՇԱՏ ԱՎԵԼԻ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ԼԾԱԿՆԵՐ, ՔԱՆ ՀԱՊԿ-Ի ՄԵԽԱՆԻԶՄՆԵՐԻ ԳՈՐԾԱՐԿՈՒՄԸ»

«Արբանյակային զոնդաժի միջոցով հրադադարի խախտումների վերահսկման համար դեռևս 2016-17թթ. մշակված ծրագիրը հիմա էլ չի կորցրել իր արդիականությունը»,- «ԳԱ»-ին տված հարցազրույցում հայտարարեց Քաղաքական և տնտեսական ռազմավարական հետազոտությունների կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Բենիամին ՊՈՂՈՍՅԱՆԸ:

-Ինչու մեր երկիրը չի դիմում ՀԱՊԿ-ին, հաշվի առնելով, որ դրա համար ունենք բոլոր հիմքերը. օրերս Ադրբեջանի գնդակոծումից տուժեց 14-ամյա դեռահաս, իսկ Ադրբեջանը խոստովանեց, որ Հայաստանի տարածքում ոչնչացրել է ռազմական տեխնիկա:

-Իրավական առումով Հայաստանի Հանրապետությունն ունի բոլոր հիմքերը արդեն այսօր ՀԱՊԿ-ին դիմելու համար։ Սակայն պետք է հաշվի առնել, որ ինչպես այդ դիմումը, այնպես էլ ՀԱՊԿ-ում քննարկումները և ընդունվելիք որոշումները բացի իրավականից ունեն նաև էական քաղաքական բաղադրիչ։ Թե Հայաստանի Հանրապետության վարչապետը և թե Ռուսաստանի Դաշնության նախագահը հրապարակային հայտարարել են, որ ՌԴ-ի կողմից Հայաստանի Հանրապետությանը տրված անվտանգային երաշխիքները ուժի մեջ են, և անհրաժեշտության դեպքում կիրականացվեն ամբողջ ծավալով։

Այստեղ հիմնական խնդիրը «անհրաժեշտության դեպքում» ձևակերպումն է։ Իմ գնահատմամբ, թերևս ջենտլմենական պայմանավորվածության շրջանակում, այս անվտանգային երաշխիքների գործարկումը նախատեսվում է երկու դեպքում. կա՛մ Ադրբեջանի կողմից լայնածաված ռազմական գործողությունների իրականացում ՀՀ-ի դեմ, (մեկանգամյա հարվածները, դիվերսիոն գործողությունները դժվար թե համարվեն լայնածավալ ռազմական գործողություններ), կա՛մ Թուրքիայի տարածքից ՀՀ-ի նկատմամբ որևէ ռազմական գործողության իրականացում (այս պարագայում գործողության մասշտաբն էական չէ)։

Պետք չէ նաև մոռանալ, որ Հայաստանի կողմից այս պահին ՀԱՊԿ-ին ուղղված դիմումն ամենայն հավանականությամբ վեր կհանի այդ կազմակերպությունում առկա լուրջ տարաձայությունները։ Երեկ Թուրքիայի արտգործնախարարը կոչ է արել Թյուրքալեզու պետությունների համագործակցության խորհրդի անդամներին աջակցել Ադրբեջանին, իսկ նրանցից երկուսը՝ Ղազախստանը և Ղրղզստանը նաև ՀԱՊԿ անդամ են։ Չի բացառվում, որ Հայաստանի նկատմամբ լայնածավալ ռազմական գործողությունների բացակայության պայմաններում վերջիններս կփորձեն առնվազն ձգձգել Հայաստանի դիմումի հարցով որոշման ընդունումը, ինչը միանշանակ բացասական ազդեցություն կունենա ինչպես կազմակերպության, այնպես էլ այնտեղ գերակշիռ դերակատարություն ունեցող Ռուսաստանի իմիջի վրա։

Միևնույն ժամանակ ՀԱՊԿ-ի ներգրավումն էականորեն կմեծացնի Արցախի տարածքում Ռուսաստան-Թուրքիա ռազմական բախման հավանականությունը։ Իմ գնահատմամբ, նման զարգացման մեջ առաջին հերթին շահագրգռված է ԱՄՆ-ը, որը շատ կցանկանար Արցախի երկնքում տեսնել 2015թ. նոյեմբերին թուրք-սիրիական սահմանում տեղի ունեցած դեպքերի կրկնություն, երբ թուրքական օդուժը խոցեց ռուսական ռազմական ինքնաթիռը։ Ակնհայտ է, որ Ռուսաստանը ամեն կերպ փորձում է խուսափել նման սցենարից։ Ռուսաստանը չի ցանկանում կորցնել վերջին չորս տարիների ընթացքում Թուրքիայի հետ երկկողմ հարաբերություններում գրանցված առաջընթացը, քանի որ Ռուսաստանի ռազմավարական նպատակներից մեկը շարունակում է մնալ Թուրքիա-ԱՄՆ և Թուրքիա-ՆԱՏՕ հարաբերություններում հնարավորինս մեծ լարվածության ձևավորումը։ Բացի այդ, Ռուսաստանն ակնհայտորեն չի ցանկանում այս կամ այն տարբերակով հետխորհրդային տարածաշրջանում ներքաշվել ևս մեկ երկարաժամկետ զինված հակամարտության մեջ, որը կընթանա Արևելյան Ուկրաինայում չմարող կոնֆլիտին զուգահեռ։

Վերոշարադրյալի հաշվառմամբ, կարծում եմ, որ այս պահի դրությամբ ՀԱՊԿ-ին չդիմելը տեղավորվում է հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների տրամաբանության մեջ։ Պետք չէ մոռանալ, որ Ռուսաստանն ունի շատ ավելի արդյունավետ լծակներ ռազմական գործողություններում հայկական կողմերին աջակցելու համար, քան ՀԱՊԿ-ի մեխանիզմների գործարկումը։

-Ռազմական դիտորդների տեղակայումը ղարաբաղյան հակամարտության գոտում արդյունավետ կլիներ ռազմական գործողությունների դադարեցման, մարդկանց կյանքերի պահպանման տեսանկյունից և որպես Լեռնային Ղարաբաղում հրադադարի վերահսկողության մեխանիզմներից մեկը։ Այդ միջոցները թույլ կտային կանխել ահագնացման նոր դեպքերը։ Ձեր կարծիքով, ինչո՞ւ կողմերը չեն համաձայնում ռազմական դիտորդների ներկայությանը։

-Նախ, ես չեմ կարող պնդել, որ Հայաստանը դեմ է ռուս ռազմական դիտորդների տեղակայմանը։ Այս գաղափարը մի քանի օր առաջ հնչեցվել է Ռուսաստանի արտգործնախարարի կողմից, և այս պահի դրությամբ պաշտոնական արձագանք եղել է միայն Ադրբեջանից։ Ադրբեջանի նախագահի օգնական Հաջիևը հայտարարել է, որ առայժմ չեն սատարում այդ գաղափարին։ Իմ գնահատմամբ, քանի դեռ Ադրբեջանը գտնում է, որ ի վիճակի է հաջողություններ արձանագրել ռազմաճակատում, դժվար թե համաձայնվի հրադադարի վերահսկման որևէ մեխանիզմի ներդրմանը։

Կարճաժամկետ հեռանկարում ադրբեջանա-թուրքական ռազմական մեքենան կարող են կանգնեցնել կա՛մ Թուրքիայի նկատմամբ ԵՄ-ի կողմից կոշտ տնտեսական պատժամիջոցների սահմանումը, կա՛մ Ռուսաստանի կողմից Ադրբեջանի տարածքին ռազմական հարվածներ հասցնելու ռեալ սպառնալիքը, կա՛մ էլ Ադրբեջանի նավթագազային արդյունաբերությանը կործանիչ հարված հասցնելու Հայաստանի մտադրությունը։

- Դեռևս հուլիսին Եվրասիական միջկառավարական խորհրդի կողմից հավանության արժանացավ միջպետական ծրագիրը. Եվրասիական տնտեսական միության երկրների գլոբալ կոոպերացիոն նախագիծը տիեզերական և երկրատեղեկատվական ծառայությունների տրամադրման ոլորտում՝ Երկրի հեռազոնդավորման տվյալների հիման վրա։ Կարո՞ղ ենք արդյոք հիմա որպես վերահսկողության մեխանիզմ օգտագործել Երկրի արբանյակային զոնդավորումը, որը, ինչպես հայտնի է, կիրառվում է, բացի ամենայնից, նաև ռազմական ոլորտում։ Որո՞նք են հապաղման պատճառները:

-Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանը դեռևս 2016թ. վերջին և 2017թ. առաջին կեսին մշակել և ինչպես ՀՀ ղեկավարությանը, այնպես էլ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետությունների մեր միջազգային գործընկերներին էր ներկայացրել արբանյակային զոնդաժի միջոցով 2016թ. մայիսին և հունիսին Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի գագաթնաժողովներում հրադադարի խախտումների վերահսկման մեխանիզմների ներդրման իրականացումն ապահովելու ծրագիր։

Գտնում եմ, որ այդ ծրագիրը հիմա էլ չի կորցրել իր արդիականությունը և կարող է հիմք դառնալ այս հարցով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետությունների հետ գործակցություն ծավալելու համար։