ՎԵՐԻՖԻԿԱՑՄԱՆ ՄԵԽԱՆԻԶՄՆԵՐ. ՏԻԵԶԵՐԱԿԱՆ ՄՇՏԱԴԻՏԱՐԿՈՒՄԸ ԴԱՌՆՈՒՄ ¬Է ՀՐԱՄԱՅԱԿԱՆ

Այդ տերմինը՝ «վերիֆիկացման մեխանիզմներ», ղարաբաղյան գործընթացի բառապաշարի մեջ մտավ երեք օր առաջ՝ Ռուսաստանի և Հայաստանի արտգործնախարարների թեթև ձեռքով։ Իրականում այստեղ նոր է միայն անվանումը, քանի որ դրանք հրադադարի ռեժիմի մշտադիտարկման և առաջնագծում տեղի ունեցող միջադեպերի հետաքննության նույն այն մեխանիզմներն են, որոնց հարցը շատ ակտիվ քննարկվում էր Ապրիլյան պատերազմին հաջորդած բանակցությունների ընթացքում և Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի համաձայնագրերի առանցքային կետերից մեկն էր։ Հայաստանում իշխանափոխությունից անմիջապես հետո դրանք տարօրինակ կերպով անհետացան բանակցային օրակարգից, և ահա ներկայումս, հումանիտար զինադադարի մասին պայմանավորվածությունը կատարելուց Ադրբեջանի ցուցադրական հրաժարման խորապատկերին, կրկին արդիական դարձան։

Այդ տերմինը՝ «վերիֆիկացման մեխանիզմներ», ղարաբաղյան գործընթացի բառապաշարի մեջ մտավ երեք օր առաջ՝ Ռուսաստանի և Հայաստանի արտգործնախարարների թեթև ձեռքով։ Իրականում այստեղ նոր է միայն անվանումը, քանի որ դրանք հրադադարի ռեժիմի մշտադիտարկման և առաջնագծում տեղի ունեցող միջադեպերի հետաքննության նույն այն մեխանիզմներն են, որոնց հարցը շատ ակտիվ քննարկվում էր Ապրիլյան պատերազմին հաջորդած բանակցությունների ընթացքում և Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի համաձայնագրերի առանցքային կետերից մեկն էր։ Հայաստանում իշխանափոխությունից անմիջապես հետո դրանք տարօրինակ կերպով անհետացան բանակցային օրակարգից, և ահա ներկայումս, հումանիտար զինադադարի մասին պայմանավորվածությունը կատարելուց Ադրբեջանի ցուցադրական հրաժարման խորապատկերին, կրկին արդիական դարձան։

Հոկտեմբերի 12-ին կայացած մամլո ասուլիսում Սերգեյ Լավրովն այդ հարցն անվանեց առանցքային, հիշեցնելով, որ թեման բարձրացվել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հետ Պուտինի հեռախոսազրույցների ժամանակ: Եվ ընդգծեց, որ չի կարելի ձգձգել դրանց մշակումը։ Զոհրաբ Մնացականյանն իր հերթին հիշեցրեց, որ Հայաստանն ու Արցախը միշտ էլ համաձայնություն են հայտնել այդ մեխանիզմների ներդրմանը, իսկ այ Ադրբեջանը մշտապես դեմ է արտահայտվել:

3 օր անց՝ հոկտեմբերի 15-ին, Մարիա Զախարովան հայտարարեց, որ Լեռնային Ղարաբաղում հրադադարի վերահսկողության մեխանիզմների համաձայնեցման աշխատանքներ դեռ չեն տարվում: «Մեր գլխավոր ուղերձն այն է, որ անհրաժեշտ է անհապաղ հանդիպում կազմակերպել զինվորականների գծով, համաձայնեցնել հրադադարի վերահսկողության մեխանիզմը։ Առայժմ, որքանով հայտնի է մեզ, նման աշխատանք չի տարվում։ Հուսով ենք, որ այդպիսի մեխանիզմի շուտափույթ գործարկում կլինի»,- ասաց նա։

Եվ չնայած Զախարովան չնշեց պատճառները, կարելի է չկասկածել, որ գլխավոր խնդիրը Ադրբեջանի հրաժարումն է։ Հակառակ դեպքում, հաշվի առնելով համանախագահների՝ ի դեմս Լավրովի, հրապարակավ արտահայտված վճռականությունը, ինչպես նաև ռազմաճակատում տիրող արտակարգ իրավիճակը, այդ աշխատանքն արդեն սկսված կլիներ։

Այս խորապատկերին հարկ է կրկին հիշեցնել այն, ինչի մասին բազմիցս գրել է նաև մեր թերթը. համանախագահ երկրների, մասնավորապես՝ ՌԴ-ի և ԱՄՆ-ի տիեզերական միջոցների օգտագործման մասին՝ հակամարտության գոտու ուղեծրային զոնդավորման համար։ Հիշեցնեմ, որ ՀՀ պաշտպանության նախարարության Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտն արդեն վաղուց է առաջարկում այս մեթոդը՝ որպես առաջնագծում իրավիճակին հետևելու նորարարական միջոց։ 2016 թվականին ինստիտուտի տնօրեն, պրոֆեսոր Հայկ Քոթանջյանն այս թեմայի վերաբերյալ զեկույցով հանդես եկավ ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի և ՌԴ Պետական դումայի Միջազգային հարցերի կոմիտեի համատեղ նիստում:

Այս ամռանը Ռուսաստանն ու ԱՄՆ-ը քննարկել են տիեզերքի հետ կապված օպերատիվ հարցերի շուրջ կապը բարելավելու հնարավորությունը՝ միջադեպերը կանխելու կամ կառավարելու և չկանխամտածված ահագնացումը կանխելու նպատակով: Նույն օրերին հաղորդվել էր, որ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հետախուզության հարցերով հատուկ կոմիտեն՝ Ադամ Շիֆի նախագահությամբ, հետախուզական տվյալների տրամադրման մասին օրենքում մտցրել է դրույթ, համաձայն որի ԱՄՆ հետախուզությունը Կոնգրեսին գրավոր գնահատական կներկայացնի այն մասին, թե որ կողմն է նախաձեռնում ուժի կիրառումը Լեռնային Ղարաբաղում և Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին:

Թե ինչ շարունակություն է ստացել Շիֆի նախաձեռնությունը, այնուհետ չի հաղորդվել։ Սակայն ամեն դեպքում կասկածից վեր է, որ համանախագահող երկրները լիովին տեղյակ են այդ առաջարկին։

Ղարաբաղը գրեթե միակ հարցն է, որտեղ Ռուսաստանն ու ԱՄՆ-ը տեսանելի տարաձայնություններ չունեն, և նրանց շահերը համընկնում են առնվազն իրավիճակի ապաահագնացման անհրաժեշտության հարցում։ Մյուս կողմից, մշտադիտարկման այդ մեթոդն այնքան առավելություններ ունի, որ անչափ տարօրինակ է թվում դրա անտեսումը հայկական կողմից, որը չի ձեռնարկում հարցն արդիական օրակարգ մտցնելու փորձեր։

Նախ, այդ մեթոդի կիրառումը չի պահանջում որևէ լրացուցիչ միջոցներ. միայն առանց այդ էլ առկա տվյալների օգտագործում։

Երկրորդ, ի տարբերություն ցամաքային մեխանիզմների, տիեզերական մշտադիտարկումը չի պահանջում կողմերի համաձայնություն։ Ուստի Ադրբեջանի բացասական վերաբերմունքն ու այդ մեխանիզմները առաջնագծում ներդնելու համառ մերժումը տվյալ դեպքում ոչ մի նշանակություն չունի. առանց Բաքվի համաձայնության էլ կարելի է հանգիստ իրականացնել ուղեծրային զոնդաժը և հաշվի առնել դրա տվյալները։

Երրորդ, տիեզերական մշտադիտարկման տվյալներն իրենց բնույթով չեն կարող կասկածի տակ առնվել բացարձակ օբյեկտիվության ու անկողմնակալության առումով: Դրանց առկայությունը թույլ կտա համանախագահներին հստակ պարզել և պատասխանատվության ենթարկել հրադադարի ռեժիմը խախտողին։

Չորրորդ, բոլոր հնարավորությունները կան՝ համատեղելու ցամաքային մեխանիզմը տիեզերական մշտադիտարկման հետ. մեկը մյուսին բացարձակապես չի խանգարում։

Վերջապես՝ հինգերորդ, տվյալ մեթոդը կարող է գործել նաև ներկա բարդագույն իրավիճակում, երբ հումանիտար նպատակներով անհապաղ հրադադարի անհրաժեշտությունը կասկածի տակ չի առնում կարծես թե ոչ ոք։ Նույնիսկ Բաքուն և Անկարան բանավոր պատրաստակամություն են հայտնում դրան, և նման պայմաններում ուղեծրային զոնդաժը թույլ կտա անվերապահորեն բացահայտել նրան, ով երեսպաշտորեն համաձայնում է դադարեցնել կրակը, իսկ գործնականում՝ մշտապես ու կոպտորեն խախտում պայմանավորվածությունը:

Այս հարցի վերաբերյալ ՀՀ ԱԳՆ լռությունը հարցեր է առաջացնում։ Պաշտոնական Երևանը կարող էր առնվազն արտահայտել իր դիրքորոշումը և հայտնել մեխանիզմի արդյունավետության վերաբերյալ առկա կասկածների մասին, եթե այդպիսիք կան։ Կամ խոչընդոտների մասին, եթե կրկին իսկ կան այդպիսիք: Կարծում եմ, հայկական լոբբիստական կազմակերպությունները նույնպես պետք է շարունակեն ջանքերն այդ ուղղությամբ, մանավանդ որ աշխատանքը վաղուց և հաջողությամբ սկսվել Է Կոնգրեսի մակարդակով։ Թե ինչն է խանգարում շարունակել դա բոլոր մակարդակներում և բոլոր կողմերի հետ, իսկապես անհասկանալի է։