ՍՊԱՌՆԱԼԻՔՆԵՐԻ ՀԱՄԸՆԿՆՈՒՄ
Մի տեսակ շատ տարօրինակ կերպով Արցախի Հանրապետության դեմ ադրբեջանական ագրեսիային ահաբեկիչների մասնակցության հարցը շարունակում է կասկածի տակ առնվել։ Այո, Ալիևն այդ փաստը հերքում է, այո, Էրդողանը՝ նույնպես։ Այո, անհրաժեշտ են ապացույցներ։ Բայց զարմանալի կլիներ, եթե նրանք ընդունեին, որ վերածել են տարածաշրջանն ահաբեկիչների որջի։ Իսկ ինչ վերաբերում է ապացույցներին, ապա ուրիշ ի՞նչ փաստեր են պետք, երբ ողջ աշխարհը, հեղինակավոր ԶԼՄ-ները շեփորում են այդ մասին: Չենք խոսում արդեն այն մասին, որ հայկական կողմը գրեթե կանոնավորապես ներկայացնում է համապատասխան ապացույցները։
Թեպետ, իհարկե, ջանալով արդարացնել Ալիեվին՝ կարելի է ԶԼՄ-ների հրապարակումներն անբավարար հիմք համարել նման պնդումների համար։ Իհարկե, ջանալով արդարացնել Էրդողանին՝ կարելի է սուբյեկտիվության ու կողմնակալության պիտակ փակցնել հայկական կողմի ներկայացրած փաստերի ու հայտարարությունների վրա։ Բայց ինչպե՞ս վարվել Ռուսաստանի Արտաքին հետախուզության ծառայության տեղեկատվության հետ։ Չէ՞ որ վերջինս հաստատ երկաթբետոնե ապացույցներ ունի ղարաբաղյան ճակատում ընթացող ռազմական գործողություններին ահաբեկիչ-գրոհայինների մասնակցության վերաբերյալ, եթե հրապարակավ հայտարարում է այդ մասին։
Հիշեցնենք. 10 օր առաջ ԱՀԾ-ի պաշտոնական կայքում հրապարակվեց ծառայության ղեկավար Սերգեյ Նարիշկինի մեկնաբանությունը, որում նշվում էր. «Ըստ ԱՀԾ-ում առկա տեղեկատվության՝ հակամարտության գոտի են ակտիվորեն փոխադրվում վարձկաններ Մերձավոր Արևելքում պատերազմող միջազգային ահաբեկչական կազմակերպություններից, մասնավորապես՝ «Ջաբհաթ ան Նուսրա»-ից, «Ֆիրքաթ Համզա»-ից, «Սուլթան Մուրադ»-ից, ինչպես նաև քրդական ծայրահեղական խմբավորումներից։ Ընդ որում խոսքը հարյուրավոր և արդեն նույնիսկ հազարավոր արմատականների մասին է, որոնք հույս ունեն գումար վաստակել Ղարաբաղյան նոր պատերազմում»։ Կրկնեմ. ուրիշ ի՞նչ է պետք, էլ ի՞նչ ապացույցներ ու փաստեր են անհրաժեշտ, որ ընդունեն կամ գոնե կասկածի տակ չառնեն ակնհայտը։
Թուրքիայից և Ադրբեջանից բխող ահաբեկչական սպառնալիքի համատեքստում առանձնահատուկ ուշադրության է արժանի թերևս մեկ ուշագրավ նրբություն։ Մոտ մեկ շաբաթ առաջ Վլադիմիր Սոլովյովի հեռուստածրագրում դիվանագիտական կառույցների հետ կապերի ՏԱՍՍ-ի բաժնի ղեկավար Սաադաթ Կադիրովան, բացի իր բազմաթիվ զառանցանքներից, նշեց, որ Ռուսաստանի տարածքում կարող է բռնկվել հինգ Ղարաբաղ։ Թե ինչու հենց հինգ, ոչ թե երեք կամ վեց, նա իհարկե չհստակեցրեց։ Ասենք, ոչ ոք նրան այդ մասին չհարցրեց էլ, քանի որ այդ տիկինն առհասարակ իր անհամարժեքությամբ, բացահայտ հիմարությամբ և անթաքույց այլատյացությամբ ցնցել էր հավաքվածներին։
Այնինչ շատ իզուր չհարցրեցին։ Քանզի մեկ շաբաթ անց Ռուսաստանի Վոլգոգրադ քաղաքում ԱԴԾ-ն կասեցրեց «Քաթիբա Թաուհիդ վալ-Ջիհադ»-ի միջազգային ահաբեկիչների բջջի գործունեությունը, որն ահաբեկչական գործողություններ էր ծրագրել: Ընդ որում, և՛ Վոլգոգրադում, և՛ ՌԴ այլ քաղաքներում. Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Ուֆայում ու Մայկոպում։ Նկատենք, հենց հինգ քաղաքներում։ Նկատենք և այն, որ Սաադաթ Կադիրովան խոսում էր հենց «հինգ Ղարաբաղի» մասին, ներկայացնելով Արցախի Հանրապետությունը իբրև Ադրբեջանի անջատողական մաս։ Ուշագրավ զուգադիպություն է, այնպես չէ՞։ Սպառնալիքների համընկնում։ Մեկը սպառնում է և բացահայտ շանտաժի ենթարկում, մյուսները՝ ահաբեկչական գործողություններ նախապատրաստում։
Իրականում տպավորություն է ստեղծվում, որ ահաբեկչական պետություններից՝ Ադրբեջանից և Թուրքիայից բխող ահաբեկչական սպառնալիքը տարածաշրջանում թերագնահատվում է։ Չգիտես ինչու շարունակվում են այդ սպառնալիքների ապացույցների որոնումները, երբ ամեն ինչ, ինչպես ասում են, ափիդ մեջ է։ Իհարկե, ո՛չ Էրդողանը, ո՛չ Ալիևը չեն ընդունում, որ Արցախի դեմ ռազմական ագրեսիայի մեջ ներգրավել են վարձկան-ահաբեկիչների։ Բայց դա չի նշանակում, թե հիմքեր կան կասկածի տակ առնելու ակնհայտը, հաստատվածը, հազարավոր փաստերով հիմնավորվածը...