ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՊԱՅՔԱՐՈՂՆԵՐԸ ԴՐԴՈՒՄ ԵՆ ՆՈՐ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է Հայաստանի տարածքում օպերատիվ-մարտավարական հրթիռային համալիրների ոչնչացման մասին, հաղորդում է INTERFAX.RU-ն։
Գերատեսչության հաղորդագրության մեջ ասվում է, թե հոկտեմբերի 13-ի լույս 14-ի գիշերը ադրբեջանցի զինվորականները Հայաստանի տարածքում՝ Քելբաջարի շրջանի հետ սահմանային գոտում նկատել են օպերատիվ-մարտավարական բալիստիկ հրթիռների մի քանի համակարգեր:
«Ադրբեջանական բանակը կանխարգելիչ միջոցառումներ է ձեռնարկել։ ...Արդյունքում կրակելու պատրաստականության բերված օպերատիվ-մարտավարական հրթիռային համալիրները վնասազերծվել են»,- հաղորդել են Ադրբեջանի ՊՆ-ից:
Հայաստանի Պաշտպանության նախարարության արձագանքին երկար սպասելու հարկ չեղավ։ Հայկական ռազմական գերատեսչությունը հայտարարեց, որ «փաստացի, այդ երկրի ռազմաքաղաքական ղեկավարությունն իրեն թույլ է տալիս թիրախավորել Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող և բնականոն մարտական հերթապահություն իրականացնող մարտական տեխնիկան՝ ընդամենը ենթադրությունների հիման վրա» և ընդգծեց, որ այսուհետ Հայաստանի Հանրապետության զինված ուժերն իրենց իրավունք են վերապահում թիրախավորել Ադրբեջանի տարածքում գտնվող ցանկացած ռազմական օբյեկտ կամ ռազմական տեղաշարժ։
Ասենք ուղղակի. Բաքվում արդեն լրիվ խելագարվել են։ Նախկինում էլ Հայաստանի տարածքը ենթարկվել է հրետակոծումների, բայց որ այսպես, բացահայտ խոստովանեն հարվածի համար սեփական պատասխանատվությունը, այն էլ ենթադրությունների հիման վրա, սա արդեն ինչ-որ նոր բան է։ Եթե հայկական կողմը սկսի գործել ենթադրությունների և «կանխարգելիչ միջոցառումների» տրամաբանությամբ, ապա միանգամայն կարող է համապատասխան թիրախներ նկատել Ադրբեջանի ողջ տարածքում, առաջին հերթին՝ Բաքվում: Սակայն, ի տարբերություն Ադրբեջանի ՊՆ-ի, հայկական ռազմական ղեկավարությունը ուղեղի հետ կապված խնդիրներ չունի։ Հետևաբար, մեր կողմից ձեռնարկվող գործողություններն էլ կան և կլինեն մտածված ու արդյունավետ։ Դա կասկածից վեր է։ Իսկ այ տվյալ փաստի առնչությամբ արտաքին արձագանքի համարժեքությունը, ավաղ, մեծ կասկածների տեղիք է տալիս։
Բացարձակապես անհասկանալի է աշխարհի արձագանքը տեղի ունեցող իրադարձություններին ընդհանրապես և հայկական տարածքի վերջին գնդակոծմանը՝ մասնավորապես։ Բաքուն արդեն ինքն է ասում, որ գնդակոծում է հայկական տարածքը կանխարգելիչ նպատակներով, բացահայտ խոստովանում Հայաստանի դեմ ագրեսիայի մեղքը, իսկ աշխարհը ինչպես որ հավասարության նշան էր դնում հակամարտության կողմերի միջև, այդպես էլ շարունակում է դնել: Ուրիշ էլ ի՞նչ պետք է անի Բաքուն, էլ ինչպե՞ս պիտի կապը կտրի Ալիևը, որ գոնե դատապարտման արժանանա համաշխարհային առանցքային խաղացողների կողմից։
ԱՅՍՏԵՂ, Ի ԴԵՊ, ՀԱՏՈՒԿ ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ Է ԱՐԺԱՆԻ ՔԱՂԱՔԱԿԻՐԹ ԵՎՐՈՊԱՆ։ Այն ԵՄ-ն, որի հետ մենք համաձայնագիր ունենք համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին, այն ԵՄ-ն, որը բացարձակ դոգմայի աստիճանի է բարձրացրել մարդու իրավունքների պաշտպանությունը, այդ ոլորտում թելադրում ու վարկավորում է տարբեր բարեփոխումներ, իսկ այսօր պարզապես հետևում է, թե ինչպես է Ադրբեջան ահաբեկչական պետությունը ոտնձգություն կատարում մարդու հիմնական իրավունքի՝ կյանքի իրավունքի դեմ։ Այն ԵՄ-ն, որն իրեն ներկայացնում է որպես միջազգային ահաբեկչության դեմ պայքարող մարտիկ, իսկ այսօր նույնիսկ չի դատապարտում Ղարաբաղի դեմ պատերազմում Ադրբեջանի կողմից ահաբեկչական կազմակերպությունների ներգրավման փաստը։ Կրկին իսկ, խոսքը ապացուցված փաստերի մասին է։ Այսօր աշխարհում արդեն ոչ ոք կասկածի տակ չի առնում Ադրբեջանի վերածումը ահաբեկիչների որջի։ Բայց... Քաղաքակիրթ Եվրոպան գերադասում է աչք փակել իրականության վրա։
Ներկայումս, հրադադարի ռեժիմի խախտումների համատեքստում, շատ են խոսակցություններն այն մասին, որ ռազմական գործողությունների գոտում անհրաժեշտ են օբյեկտիվ վերահսկողության մեխանիզմներ։ Անշուշտ, դրանք (մեխանիզմները) պետք են։ Սակայն ակնհայտ է, որ նման մեխանիզմներն ուղղակի անիմաստ են, եթե չկան ազդեցության միջոցներ։ Նույնիսկ այն ժամանակ, երբ ագրեսորը բացահայտորեն խոստովանում է արածը (ինչպես Հայաստանի տարածքի վերջին գնդակոծության դեպքում), նրան ոչ ոք չի պատրաստվում պատժել։ Նույնիսկ բանավոր։ Իսկ ինչպես հայտնի է՝ անպատժելիությունը դրդում է նոր հանցագործությունների։