ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Երբ մենք ասում ենք, որ թուրք-ադրբեջանական ագրեսիան սպառնում է հայերին նոր ցեղասպանությամբ, շատերը, հատկապես Արևմուտքում, համարում են դա չափազանցություն։ Իբր՝ ի՞նչ ցեղասպանություն մեր ժամանակներում։ Այսօր աշխարհում տիրում է ժողովրդավարությունը, որի պարագայում նման բան անհնար է։ Իրո՞ք։ Իսկ ինչպե՞ս ժողովրդավարության տիրապետության օրոք տեղի ունեցավ «սումգայիթը»։
Ժողովրդավարությունը, մարդու իրավունքները, միջազգային իրավունքը, արդարությունը դատարկ խոսքեր են։ Մարդը զուրկ է որևէ իրավունքներից, եթե չունի ամուր բռունցքներ, զենք, այն կիրառելու հմտություն և ցանկացած անհրաժեշտ պահին դա անելու պատրաստականություն: Երբ հարևաններդ Թուրքիան ու Ադրբեջանն են, քեզ չեն պաշտպանի ո՛չ ժողովրդավարությունը, ո՛չ էլ «համաշխարհային հանրությունը»։ Ինքդ պետք է պաշտպանվես։ Իսկ ինչ վերաբերում է նրան, թե ժողովրդավարության օրոք ցեղասպանությունն անհնար է, ապա դա, իհարկե, առանձին ու հետաքրքիր խոսակցություն է։
Մարդկային մտքի էվոլյուցիայի պատմությունը մոտիկից զննելիս ստիպում է եթե ոչ պնդել ամենայն վստահությամբ, ապա կասկածել, որ մտքերը այդ գլուխներում քիչ են: Իսկ շատերի պարագայում իսպառ բացակայում են։ Քանզի միայն կատարյալ, վերջնական, անդառնալի ու անբուժելի ապուշը կարող է շնչեղ արտաբերել «ժողովրդավարություն» բառը՝ այն ամենից հետո, ինչ աչքին ու լսողությանը տեսականորեն հաճելի այդ գաղափարի անվամբ և անվան տակ արել են մարդկության հետ դրա հետևորդները։
Բոլոր ժամանակներում բարբարոս մարդասպանները համենայն դեպս ցուցաբերել են, եթե կարելի է այսպես ասել, ազնիվ պահվածք։ Նրանք ավելի ուժեղ էին, և գործում էին բացառապես այդ՝ պարզ ու անպաճույճ հիմնավորմամբ, արդարացումներ չփնտրելով իրենց վայրագությունների համար և չունենալով դրա անհրաժեշտությունը։ Լուսավորյալ, ժողովրդավարական ժամանակներում սպանել չդադարեցին, բայց սկսեցին դրա մեջ նույնիսկ ինչ-որ բարիք փնտրել զոհերի համար։ Հոգեբանորեն այդպես ավելի հեշտ է, այնպես չէ՞։ Հարբուխի լավագույն բուժումը, ինչպես հայտնի է, գիլյոտինն է։
Չնայած վայրագությունների և կեղեքումների բոլոր ավանդույթներին, նվաճողները հազարամյակներ շարունակ թույլ են տվել ժողովուրդներին բնավ ոչ բարգավաճել, իհարկե, բայց գոյություն ունենալ։ Երբեմն տանելի, երբեմն վատ, բայց ապրել։ Քանի որ պատերազմները՝ պատերազմներ, և դրանց զոհերն էլ շատ էին լինում, բայց ցանկացած իշխանություն, ի վերջո, շահագրգռված էր, որ ինչ-որ մեկը կերակրի իրեն։ Հողը պետք էր հերկել, անասուններ արածեցնել, ինչ-որ բան կառուցել։ Ինչպես նաև՝ տուրքեր, հարկեր, կոռ ու բահրա... Այլապես ի՞նչ օգուտ արքունիքին ու տիրակալին։ Այնպես որ դիմադրողներին գլխովին բնաջնջելու մասին չէր մտածում սթափ դատող ու ողջամիտ ոչ մի տիրակալ։
Հողին հավասարեցնել թշնամու մայրաքաղաքը. ոչ մի խնդիր։ Ցցի հանվածների անտառ տնկել կամ բուրգ կառուցել կտրած գլուխներից. հեշտ ու հանգիստ։ Բայց որ ընդհանրապես ոչ ոք չմնա, նման բան չի եղել։ Քանզի բռնապետությունների օրոք, խոր անցյալի և միջնադարյան, մարդը արժեքավոր ապրանք էր։ Բրուտը կամ դարբինը, քարտաշը կամ ջուլհակը թանկ արժեին։ Փորձառու քարավանապետը, ծովագնացը կամ գրագետ կառավարիչը է՛լ ավելի թանկ էին գնահատվում: Չենք խոսում արդեն կանանց մասին։
XX դարն իր հետ բերեց նոր հովեր. Հայոց ցեղասպանություն, հրեաների Հոլոքոստ, հինդուիստական և մահմեդական բնակչության փոխադարձ ոչնչացում 40-ականներին, երբ Բրիտանական Հնդկաստանը բաժանվեց Հնդկաստանի և Պակիստանի, ոչնչացված միլիոնավոր մարդիկ Ինդոնեզիայում՝ 1965-1966 թվականներին...
Այդ ամենի մասին Խորհրդային Միությունում քիչ էին հիշատակում։ Ինչպեսև, ասենք, Հայոց ցեղասպանության։ Չէ, մեզ մոտ՝ Հայաստանում, Ցեղասպանության մասին, բնականաբար, շատ էր խոսվում ու գրվում։ Բայց ոչ համամիութենական մամուլում։ Միգուցե որպեսզի եղբայրական Ադրբեջանը չնեղանա՞։ Թե՞ թյուրքական մյուս սոցիալիստական հանրապետություններն էլ էին հաշվառվում Ադրբեջանի հետ ընդհանուր շարքում։ Ներառյալ Յակուտիան, Չուվաշիան, Բաշկիրիան ու Թաթարստանը:
Առաջին ցեղասպանությունը, որի մասին կարելի էր գրել և ասել ամեն ինչ՝ ինչպես կար, կարմիր կխմերների կողմից սեփական բնակչության ոչնչացումն էր՝ առանձնակի խոշոր չափերով։ Ինչը միանգամայն հասկանալի է. Խորհրդային Միության համար նրանք ո՛չ բարեկամ էին, ո՛չ դաշնակից։ Եվ Արևմուտքի համար էլ ոչ մի խնդիր չկար։ Երկիրը կոչվում էր Դեմոկրատական Կամպուչի՞ա։ Ճիշտ այդպես։ Այլևս միապետություն չէ՞ր։ Անտարակույս… Դրա առաջնորդներն այնտեղ անդասակարգային հասարակություն էին կառուցում։ Բա ո՛նց։ Եվ ախր գրեթե կառուցեցին։ Այն աստիճան անդասակարգային, որ քչերը, բացի ամենաչքավոր ու անգրագետ գյուղացիներից, հնարավորություն ունեին ողջ մնալ այդ նոր հասարակությունում։ Եվ քչերը փրկվեցին։ Եվրոպական և ամերիկյան ինտելեկտուալի համար՝ իսկն է։
Վերն ասված ամենը լոկ նախաբան է պարզ ու չափազանց տխուր բանաձևի համար։ Որքան էլ ցավալի է, ժողովրդավարությունը չի բացառում և չի չեղարկում ցեղասպանությունը։ Հակառակը։ Հասարակության ժողովրդավարական կառուցվածքը ամենալայն հնարավորություններ է բացում ագրեսիվ ու վտանգավոր մարդկանց համար: Երբ թուրքերն իրականացնում էին Հայոց ցեղասպանությունը, նրանք ասիական մասշտաբներով արդեն եվրոպականացած էին, բայց Օսմանյան Բարձր դուռը վերջին շնչում էր։ Կայսերական, բազմազգ և բազմադավան փուլից պատրաստվում էր անցնել ազգային պետության։ Եվ որևէ փոքրամասնությունների կարիք այլևս չկար։ Կորչի՛ կրոնը, ֆեսերը, Խալիֆա՛թը։ Համատարած խորհրդարանական ժողովրդավարությո՛ւն։ Հայերին դա չօգնեց։
ԻՆՉՊԵՍԵՎ, ԱՍԵՆՔ, ԵՎՐՈՊԱՅՈՒՄ։ Ի վերջո, Հիտլերը Գերմանիայում իշխանության եկավ շատ ավելի ժողովրդավարական ճանապարհով, քան մերօրյա բազմաթիվ առաջնորդներ։ Եվ կառավարում էր՝ հենվելով ռեյխստագի վրա։ Այդ թվում՝ այն ամենի հարցում, ինչը Նյուրնբերգում գնահատվեց որպես հանցագործություն ընդդեմ մարդկության։ Պառլամենտը Երրորդ ռեյխում կաղապարում էր օրենքները, անշուշտ, ժողովրդավարական ընթացակարգերի հիման վրա։ Եվ այդ տեսանկյունից անհնար է բծախնդրություն ցուցաբերել ռասայական օրենքների կամ համակենտրոնացման ճամբարների ու գետտոների գործունեության նկատմամբ: Դե, այո, վեց միլիոն հրեաներ, մոտ երկու հարյուր հազար գնչուներ... ո՞վ էր նրանց բոլորին հաշվում։
Ասենք, գերմանացիների վտարումը հետպատերազմյան Արևելյան Եվրոպայից իրականացվել է ոչ պակաս ժողովրդավարական մեթոդներով։ Ձևակերպվում էր ազգային խորհրդարանների համապատասխան որոշումներով։ Եվ, նշենք, երբեք ոչ մեկի կողմից չէր դատապարտվում։ Հիշեցնենք, որ արևելաեվրոպական գերմանացիների արտաքսման մասշտաբները համապատասխանում էին պատերազմի մասշտաբներին։ Որոշ տվյալներով՝ տասներկուսից մինչև տասնչորս միլիոն մարդ: Որոնց գրեթե երկու միլիոնին կոտորեցին ճանապարհին։
Եզրակացությունները, որոնք կարելի է անել այստեղից, բավական տխուր են։ Ժողովրդավարությունը չի նշանակում ո՛չ արդարություն, ո՛չ անվտանգություն, ո՛չ խաղաղություն, ո՛չ առաջընթաց։ Դա ընդամենը քաղաքական տերմին է, որը կարող է քողարկել և՛ անողոք բռնապետությունը, և՛ հանցագործությունները մարդկության դեմ, և՛ ցեղասպանությունը։ Այդ ամենի նկատմամբ «քաղաքակիրթ աշխարհի» բացարձակ անտարբերության ներքո։
Հասկանալի է, որ գտնվելով նոր ցեղասպանության հեռանկարի առջև՝ հայերը պաշտպանվելու են իրենց ունեցած բոլոր միջոցներով։ Մենք ունենք առավել քան բավարար փորձ, թե ինչի է հանգեցնում կույր հավատը միջազգային անվտանգության երաշխիքների նկատմամբ։ Ունենալով նման հարևաններ, պետք է ապավինել միայն սեփական ուժերին։ Որովհետև չկա արդարություն այս աշխարհում։ Չի եղել, չկա և չի լինելու։ Եվ ոչ մի ճշմարտություն էլ այս աշխարհում չկա։ Եվ ճշմարտության վրա հիմնված ուժ էլ չի երևում։ Ինչպես որ չկա ոչ մի երաշխիք, որ անցյալի հանցագործությունները չեն կրկնվի նաև «ծաղկող ժողովրդավարության» պայմաններում։ Եվ դրան պետք է պատրաստ լինել՝ չապավինելով ոչ մեկին ու ոչ մի բանի։